Անվերնագիր

29-11-17

Կարծես երազի միջից լսում եմ այն մեղեդին, այն մեղեդին, որ երգում էր մայրս, երգում էի ես… «Դեղնած դաշտերին…»:

Տեսնես քանի՜, քանիերորդն եմ ես, որ խորասուզվում եմ իմ հուշերի բեռի մեջ. քրքրում եմ այն, տակնուվրա անում: Իսկ պա՜ղ-պաղ մեգի հետ փչում է քամին ու ինձ տանում է հեռու, շա՜տ հեռու, որ այնքան մոտ է թվում:  «Աշխարհ» կոչված կարուսելի   մեջ նստած ենք, ու լավագույն դեպքում մեկ լրիվ պտույտից հետո  իջնում ենք ու հեռանում…  Տեսնես քանիերորդն եմ ես, քանիերորդ նյութական այն կետն եմ այս տիեզերքում, որ չի ցանկանում իջնել այն փոքրիկի պես, որ լաց է լինում  ու իր ընտրած խաղալիքը պահանջում: Իսկ այս մեղեդին սեփականատիրոջ իրավունքով ներխուժում է ուղիղ  ներս ու քարուքանդ անում այնտեղ ամեն ինչ: Նայելով մարդկանց դեմքերի խորշոմներին, որ ակոսել է Կյանքը, ես փորձում եմ հասկանալ.  ստեղծում ես ժամանակավոր ապրուստի միջոցներ, քո կյանքում ստեղծում քո կյանքը ու…  մայրիկի տաքուկ ու ապահով մի գիրկ, սիրառատ համբյուրներ քա՜ղցր, քաղցր…: Ինչո՞ւ նախանձել, ինչո՞ւ չարությամբ լցվել, չէ՞ որ կարուսելից բոլորս էլ իջնելու ենք… Իսկ հապաղել չի կարելի, Կյանքի հսկա ալիքը շուտով կհարվածի ինձ, եթե չսթափվեմ ու չլողամ՝ տեղի տալով ամեն տեսակ մակընթացություններին: Ժամանակը շատ կարճ է, ու ոչ շռայլ՝ Մտածելու համար: Կյանքի ու Մահվան հորձանուտում ամեն մեկս մի իոն ենք, որ քաոսային շարժվում ենք՝ լիցքավորված դրական և բացասական: Գուցե այդ շարժումն է, որ Կյանքին տալիս է շունչ ու մարմին, կենդանանում է ու բումերանգի պես կանգնում մեր առջև:

 

Մի փիլիսոփա  ասել է. «Երաժշտությունը մարդու այլմոլորակային էությունն է»: Հոգիդ դառնում է կարծես լարային մի գործիք, ու երաժշտության մոգական հնչյունները նրբորեն դիպչում են լարերին: Վերանում ես նյութական այս աշխարհից ու իմաստնանում ես ու բարիանում ես ու…ու հիմա ես նոր հասկանում եմ, որ Տարիքը քո միտքն է՝ փորձությունների միջով անցած:

 

Իրիկնադեմի զեփյուռը շոյում էր ծառերի կատարները, շոյում էր ու գուրգուրում: Օրն ավարտվեց ու մոլորակը քուն մտավ: Այնժամ վերանում ես նյութական կյանքից ու սավառնում անուրջների մեջ: Այնտեղ դու կաս կամ չկաս, այնտեղ աներևույթ ես ու շատ թեթև: Արթնանալով՝ կրկին գտնում ես ինքդ քեզ ու շարունակում քեզ բաժին հասած ճանապարհը: Փա՜ռք քեզ, Աստվա՜ծ, որ այս լույսն էլ բացվեց ու հնարավորություն տվեց կրկին ապրելու ու մի նոր իմաստություն որոնելու: Եվ միայն իոնների ուղղորդված շարժումն է, որ կարող է արդյունք տալ, ինչպես էլեկտրական հոսանքը, որ մասնիկների ուղղորդված շարժման արդյունքն է: Իսկ մինչ այդ` Կյանքն ու Մահը կապրեն կողք կողքի, անբաժան,  ինչպես Բարին ու Չարը:

 

Ռուզաննա Եղիկյան

Գրադարանավար

2010 թ.

Անվերնագիր