Ավագ դպրոցի տնօրեն Զ. Ղալթախչյանի ելույթը վերջին զանգի արարողության ժամանակ

31-05-16

214Բարի երեկո,  հարգելի՛ հյուրեր, հարգելի՛պարոն Ալիխանյան

 

Շատ սիրելի՛ գործընկերներ

 

Ուզում եմ հիմա  գործընկեր բառով դիմել ոչ միայն  ճեմարանի անձնակազմին ու ծնողներին,, այլ նաև  մեր երեկվա աշակերտներին և այսօրվա շրջանավարտներին:

 

Սիրելի՛ գործընկերներ

 

2016 թվականի մայիսը սովորական չէ. դրան նախորդել է ապրիլը՝ քառօրյա պատերազմով և լույս դարձած երիտասարդների հիշատակով: Այս տարի շատ դպրոցներում վերջին զանգի արարողություն չեղավ.  հիշատակի օր եղավ:

 

Իսկ մեր ճեմարանը նշում է, նշում է, և արդար չի լինի, եթե մոռանանք այն սուրբ տղաներին, որոնք իրենց կյանքը տվին, որ այսօր մենք կարողանանք տոնել  վերջին զանգը:

 

Խնդրում եմ՝ եկե՛ք մեկ րոպե լռությամբ հարգենք այն տղաների հիշատակը, ովքեր ընկան, որ մեր զավակները կարողանան ապրել, դպրոց ավարտել և տոն ունենալ:

 

Շնորհակալություն:  Նստե՛ք խնդրեմ:

 

Սիրելի՛ գործընկեր ծնողներ, աչքներս լույս, մեր զավակները կյանք են մտնում: Նրանցից ամեն մեկը մի ողջ տիեզերք է ամփոփում իր մեջ: Նրանցից ամեն մեկը մի նոր գույն է տալու այս հին աշխարհին, մեր հայրենիքին:

 

Դուք, ավելի ստույգ՝ մենք  շատ երազներ ունենք նրանց հետ կապված. թող կատարվեն մեր և ձեր բոլոր երազանքները, թող իրականան նրանց  պատանեկական ամենախենթ ցանկություններն անգամ:

 

Մաղթում եմ նաև, որ նրանք լինեն  ներդաշնակ և կենսուրախ, տոկուն և առույգ, որ կարողանան հաղթահարել կյանքի ցանկացած խոչընդոտ:

 

Մաղթում եմ նաև, որ մենք միշտ կարողանանք արձանագրել, որ իզուր չենք ապրել, իզուր չենք պայքարել, չարչարվել և տքնել, որ նրանք լինեն երջանիկ և հաջողակ:

 

Այսօր հատուկ հպարտությամբ և շնորհակալության զգացումով եմ ուզում դիմել Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագիրն ավարտող մեր սաների ծնողներին: Երախտապարտ եմ, որ վստահեցիք մեզ,  ճեմարանի մեր ողջ թիմին, որ ընտրեցիք և ձեր զավակների համար հնարավորություն ստեղծեցիք անցնելու այս բարդ ու դժվարին, բայց նաև անչափ հետաքրքիր  ճանապարհը:

 

Ես չեմ վախենում և վստահորեն հայտարարում եմ, որ մենք մեր զավակներով միշտ ենք հպարտանալու. շնորհակալություն, սիրելի՛ ծնողներ ճեմարանի կողքին, ճեմարանի հետ լինելու համար:

 

Շնորհակալություն, սիրելի՛ գործընկեր սաներ, ձեր վառվռուն նկաարգրով մեզ վարակելու, մեզ ստեղծագործական վերելքների մղելու, մեր կյանքը զարդարելու  համար:

 

Ողջունում եմ մեկ անգամ էլ, շնորհավորում եմ և մաղթում ամենայն բարիք…

Ավագ դպրոցի տնօրեն Զ. Ղալթախչյանի ելույթը վերջին զանգի արարողության ժամանակ