Ավարտվեց «Շիրակացու օրեր» 22-րդ փառատոնը

IMG_4399Ավարտին մոտեցավ «Շիրակացու օրեր» փառատոնը: Ավանդական փառատոնը, որի մեկնարկը տրվել էր 2014թ. նոյեմբերի 21-ին, բոլոր նախորդներից տարբերվում էր նրանով, որ նվիրված էր կրթօջախի կյանքում չափազանց կարևոր իրադարձության՝ ճեմարանի հիմնադրման 25-ամյակին: Իսկ հոբելյանները, ինչպես ընդունված է, պետք է նշանավորվեն արժեքավոր ձեռքբերումներով: Այդպիսիք կային: Եվ դրանցից կարևորագույնն այն էր, որ հոբելյանական տարում Անանիա Շիրակացու անվան ճեմարանը դարձավ Միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի լիիրավ անդամ: Ճեմարանի բոլոր երեք դպրոցներն արժանացան ուսուցման գործընթացը միջազգային ծրագրերով վարելու իրավունքին:

 

Ավանդույթի համաձայն՝ փառատոնը շարունակվեց ողջ ուսումնական տարվա ընթացքում: Կրթօջախի առարկայական հանձնախմբերը լավագույնս էին նախապատրաստվել հոբելյանական տարվա փառատոնին: Փառատոնի ընթացքում կրթօջախի բոլոր դպրոցների սաների համար կազմակերպվեցին մի քանի տասնյակից ավելի միջոցառումներ՝  առարկայական վիկտորինաներ, մրցույթներ, գիտական քննարկումներ, հանդիպումներ նշանավոր հայերի, Հայրենական պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակիցների հետ: Ճեմարանի բազմաթիվ սաներ, ինչպես նաև ուսուցիչներ և մանկավարժներ այս ընթացքում պարգևատրվեցին պատվոգրերով և գովասանագրերով:

 

IMG_4409Օրերս տեղի ունեցավ ևս մեկ հիշարժան իրադարձություն: Տնօրեն Աշոտ Ալիխանյանը ճեմարանի բարձրագույն պարգևի՝ «Անբասիր ծառայության համար» մեդալի արժանացրեց ռուսաց լեզվի ուսուցչուհի Մարինա Քոչարյանին, ով երկրորդ տեղն է գրավել «Հայաստանի ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ» մրցույթում, ինչպես նաև ճեմարանի աստղագիտության ուսուցիչ Արարատ Եղիկյանին, ով անուրանալի վաստակ ունի սերունդների կրթության ու դաստիարակության գործում, ինչի վկայությունն են մեր սաների հաջողությունները բազմաթիվ մրցույթներում և օլիմպիադաներում:

 

Ավանդույթի համաձայն՝ ճեմարանի օրհներգի հնչյունների ներքո իջեցվեց «Շիրակացու օրեր» փառատոնի դրոշը: Դրա պատիվը տրվել էր ճեմարանի այս տարվա լավագույն շրջանավարտներից մեկին՝ հանրապետական օլիմպիադաների հաղթող Հովհաննես Ադոնցին:

 

IMG_4428Հանդիսության վերջում բոլորին հաճելի պահեր պարգևեցին ճեմարանի թատերական ստուդիայի սաները, ովքեր իրենց գեղարվեստական ղեկավար Գարիկ Ղազարյանի ղեկավարությամբ բեմադրել էին Ա. Չեխովի «Առաջարկություն»  կատակերգությունը:

 

Դահլիճի կամարների ներքո հնչում էին շնորհավորական ու նաև շնորհակալական ծափերը: Պատանի դերասաններին և նրանց ղեկավարին շնորհավորեց ճեմարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը:

 

Լևոն Ազրոյան

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Ավարտվեց «Շիրակացու օրեր» 22-րդ փառատոնը

Leave a Reply