Արշավ՝ Մայրավանք

5885 խմբի սաները հոկտեմբերի 3-ին արշավ կազմակերպեցին դեպի Մայրավանք: Արշավի մասին պատմում է խմբի սան Մկրտչյան Մանեն:

Հոկտեմբերի 3, շաբաթ օր. ինձ և իմ խմբին սպասվում էր արկածներով լի օր: Մենք անցանք երկար, բայց ուրախ, արկածներով լի ճանապարհ: Վերջապես հասանք Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում գտնվող կիսաքանդ Մայրավանք Սբ.Աստվածածին եկեղեցի:

 

Վանքը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն: Սոլակ գյուղի մոտ գտնվող Մայրավանք Սբ. Աստվածածին եկեղեցի հասնելու համար մեզնից պահանջվեց մոտ երկուսուկես ժամ: Առավոտյան ժամը տասին մենք սկսեցինք բարձրանալ Ծաղկունյաց լեռնաշղթայի լեռներից մեկը:
Ապառաժներով և քարաբեկորներով հարուստ այս ճանապարհը մեզ տարավ դեպի վանք: 2 կմ բարձրանալով ժայռաբեկորների վրայով՝ մենք քայլեցինք ևս 3 կմ ոչ հարթ, բայց համեմատաբար դյուրին ճանապարհով:

 

8Ահա հեռվում երևում էր մի փոքրիկ կետ: Դա էլ հենց Մայրավանքն էր: Մենք և մեզ ուղեկցող արշավորդ պարոն Արան որոշեցինք ճանապարհին եղած աղբը հավաքել, և ասեմ, որ բավական շատ աղբ հավաքվեց: Վերջապես հասանք Մայրավանք:
Այս հուշարձանը 7-րդ դարում հիմնադրել է Հովհան Մայրավանեցին (Մայրագոմեցին): Ներս մտանք, բայց ներսի իրավիճակն առանձնապես մեզ դուր չեկավ. ամենուրեք կոտրտված ապակիներ էին և փոշոտված սրբապատկերներ: Իհարկե, պարոն Արայի և մեր մանկավարժի կազմակերպմամբ, մենք հավաքեցինք աղբը և մաքրեցինք նկարները փոշուց և ամբողջը նորից դասավորեցինք մոմ վառելուց հետո:

 

Մեր խումբը նաև հավաքեց վանքի բակում գտնվող ամբողջ աղբը: Այնուհետև մենք խաղացինք շատ հետաքրքիր խաղեր և վայելեցինք կիթառի մեղմ ելևէջները մեր տղաների կատարմամբ:

 

Ավելի ուշ ճանապարհ ընկանք: Նորից խրթին ճանապարհով իջանք լեռան ստորոտը և շարժվեցինք դեպի տուն:

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

Արշավ՝ Մայրավանք

Թողնել պատասխան