Բարեգործական այց Բարձրունի գյուղ

03-12-18

2018 թ.-ի դեկտեմբերի 1-ը հիշարժան էր Դիպլոմային ծրագրի սաների և Մենթորական դպրոցի մասնակիցների համար:

 

Մենթորական դպրոցի համակարգող Սյուզան Խուդավերդյանի, ԴԾ CAS համակարգող Արթուր Տաշչյանի և տնտեսագիտության ուսուցիչ Արթուր Փոքրիկյանի ուղեկցությամբ սաներն այցելեցին Վայոց Ձորի մարզ` Բարձրունի սահմանակից գյուղ:

 

Բարձրունին ունի 450 բնակիչ, իսկ դպրոցը՝ 34 աշակերտ: Այցելության նպատակը բարեգործական էր: Սաները գյուղի դպրոցին պետք է փոխանցեին երաժշտական գործիքներ և բեմական տեխնիկա:

 

Դպրոցը ճեմարանականներին դիմավորեցին ողջ անձնակազմով՝ աշակերտներով և ուսուցիչներով: Ծանոթացան, միասին տարբեր սպորտային խաղեր խաղացին, կրակեցին զենքից, դիտեցին համերգի տեսանյութը, պարեցին ազգագրական պարեր, հյուրերին ուղեկցեցին նաև գյուղի տեսարժան վայրը՝ մատուռը:

 

Հայկական հյուրընկալ օջախին վայել հյուրասիրություն ու հյուընկալություն կազմակերպեցին՝ հայկական ընդունված ավանդույթով, թոնրի լավաշով ու խորովածով. «Գյուղական անմիջական մթնոլորտը, կենցաղի շատ մանրամասներ անծանոթ էին մեզնից շատերին: Այս հյուրընկալությունն առիթ դարձավ հատկապես օտարերկրյա սաների համար ականատես լինելու  գյուղական հյուրասիրության մշակույթին, անմիջականորեն շփվելու տեղացիների հետ»,- ասաց Արթուր Տաշչյանը:

 

«Օրն անցկացնելով մեր հասակակիցների հետ՝ մենք հասկացանք, որ նրանք միգուցե չունեն այն հնարավորությունները, ինչ մեզ հասանելի է մայրաքաղաքում, սակայն նրանք ունեն ավելի կարևոր բան՝ միմյանց ջերմությունն ու անկեղծությունը, և ապրում են մի ընտանիքի պես: Նրանք ապրում են սահմանին շատ մոտ, որտեղ պատերազմի վտանգը առկա է ամեն օր, բայց նրանք երջանիկ են, հոգով արի և շարունակում են ապրել, սովորել, ստեղծագործել»,- ասաց Մարիա Հովհաննիսյանը:

 

«Այս այցի ամենամեծ և կարևոր դասը մեզ համար այն էր, որ մարդկանց երջանիկ լինելու համար բավարար է նաև ջերմությունն ու միասնականությունը, և մենք հնարավորություն ունեցանք  ավելի շատ շփվելու միմյանց հետ իրական կյանքում, ճանաչել մեր շուրջը ապրող մարդկանց»,- ասաց Յանա Զախարյանցը:

 

Սաներին այնքան էր ոգևորել ճանապարհորդությունը, որ խոստացան ամռանը կրկին այցելել, իսկ հյուրնկալող կողմն էլ, ի պատասխան, խոստացավ այցելել ճեմարան հաջորդ տարի՝ համերգով հանդես գալու և ցույց տալու նվիրած երաժշտական գործիքների տիրապետումը:

 

«Կարող ենք վստահ ասել, որ մեր մեծ նախագծի նպատակը դարձավ իրականություն. մենք կարողացանք լինել հոգատար, ձեռք բերեցինք փորձ և նոր ընկերներ՝ այդքան մեզանից հեռու, սակայն արդեն այդքան սրտամոտ և մտերիմ»,- ասաց Մարիա Հովհաննիսյանը:

 

Բարեգործական այց Բարձրունի գյուղ