Հոկտեմբերի 13-ին ճեմարանի Գիտական գրադարանը իր դռները բացեց Ճեմարանականների, բազում ծնողների ու հրավիրյալների առջև, որն էլ անասելի հպարտություն և ուրախություն պատճառեց բոլորին:
Բացման բաղձալի արարողությունը տեղի ունեցավ բավականին ջերմ և կազմակերպված միջավայրում շնորհիվ բոլորիս համատեղ և նվիրված աշխատանքի:
Միջոցառումը մեկնարկեց կրտսեր դպրոցի մանուկների երգչախմբի տպավորիչ կատարումներով: Իրենց ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան բազմաթիվ ներկաներ, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, մտավորականներ, ծնողներ ու սաներ:
Առանձնահատուկ տպավորիչ էր գրադարանի պատերից ներս առաջին անգամ հնչող Արթուր Շահնազարյանի կոմիտասյան երգի հոգեպարար կատարումը:
Միջոցառումն ուղեկցվեց երգ ու պարով, դաշնամուրային ու թավջութակի կատարումներով, հյուրասիրությամբ, ինչպես նաև գրքերի ցուցահանդես վաճառքով, որոնց մի մասը նվիրվեց նաև գրադարանին:
«Հպարտ ենք, որ Գիտական գրադարանը վերջապես ճեմարանի կյանքում իրողություն դարձավ բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ, ինչը և բոլոր ճեմարանականներին նոր լիցքեր ու եռանդ կհաղորդի նորովի աշխատելու և նոր մղումով առաջ գնալու համար»,- ասաց Շիրակացու զարգացման հիմնադրամի տնօրեն Արփի Աճեմյանը: «Այն մեծ հնարավորություն կտա թե՛ սաներին, և թե՛ ճեմարանի ողջ ուսուցչական անձնակազմին առավել արդյունավետ կազմակերպելու դասապրոցեսը և կդառնա ճեմարանականների համար հաճելի վայրերից մեկը ճեմարանի ներսում»: