Բաց դաս՝ «Ապահով համացանց 2016» ծրագրի շրջանակում

1Յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը նշվում է Ապահով համացանցի միջազգային օրը։ Այս տարի այն նշվեց փետրվարի 9-ին։

Արդեն 8-րդ տարին անընդմեջ այս օրվանից մեկնարկում է «Ապահով համացանց Հայաստան» եռամսյա ծրագիրը՝ նպատակ ունենալով համացանցն ավելի ապահով դարձնել երեխաների համար:

«Ապահով համացանց 2016»-ի շրջանակում այսօր բաց դաս անցկացրեց նաև Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի ինֆորմատիկայի ամբիոնը:

7Դասի ընթացքում ներկայացվեցին համացանցում առկա վտանգները, դրանք շրջանցելու և դրանցից պաշտպանվելու կանոնները։ Խոսվեց համակարգչային վիրուսների, սոցցանցերում էթիկայի կանոնների պահպանման, ցանցային խաբեբայությունների, վիրտուալ հետապնդումների ու ոտնձգությունների մասին։ Սաները safe.am կայքում տեղադրված թեստի օգնությամբ ստուգեցին համացանցային վտանգներից զերծ մնալու իրենց գիտելիքները։

Հիմնական խնդիրներից մեկը, որի առաջ հայտնվում է երեխան, համացանցում մեծ քանակությամբ անթույլատրելի բովանդակության առկայությունն է։ Համացանցում մարդկանց միջև շփումներն ու ծանոթությունների հաստատումն ավելի ու ավելի են հեշտանում, սակայն դա միաժամանակ պարարտ միջավայր է նենգությունների, խաբեությունների ու խարդախությունների համար։

«Ապահով համացանց» ծրագիրը նպատակ ունի սովորողներին և դասավանդողներին տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ ու ուսումնական նյութեր, որոնց օգնությամբ նրանք արդյունավետորեն կօգտագործեն համացանցի վիթխարի հնարավորությունները:

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Բաց դաս՝ «Ապահով համացանց 2016» ծրագրի շրջանակում