Բնական գիտությունների նոր լաբորատոր համալիր Ճեմարանում

Սեպտեմբերի 5-ին «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում պաշտոնապես բացվեց բնական գիտությունների լաբորատոր համալիրը Ճեմարանի, Կոնվերս Բանկի և «Շիրակացու ճեմարանի զարգացման հիմնադրամի» սերտ համագործակցության շնորհիվ:

 

Բնական գիտությունների լաբորատոր համալիրը ընդգրկում է քիմիայի, կենսաբանության և ֆիզիկայի դասասենյակներ ու փորձարարական լաբորատորիաներ:

 

«Տարանջատելով լսարանը լաբորատորիայից՝ այս տարածքում ստեղծել ենք բնական գիտությունների միջավայր, որտեղ մեր սաները հնարավորություն կունենան դասերի հետ զուգահեռ իրականացնել նաև լաբորատոր փորձարարական աշխատանքներ»,- ասաց «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը:

 

Լաբորատոր համալիրի այս ձևաչափը համահունչ է Միջազգային բակալավրիատի պահանջներին, որը բոլոր բնական գիտությունները դիտարկում է որպես մեկ ամբողջականություն: Եվ Ճեմարանը, լինելով Միջազգային բակալավրիատի 3 ծրագրերը իրականացնող միակ կրթահամալիրը Հայաստանում, վաղուց ուներ նման լաբորատորիայի ստեղծման կարիք:

 

Լաբորատոր համալիրի ստեղծումը լայն հնարավորություններ է ընձեռում սաների համար սովորել ոչ միայն տեսականորեն, այլ ամեն ինչ կիրառել գործնականում և  «շոշափել» այն գործընթացները, որոնք սովորում են դասագրքերից տեսական դասաժամերին: «Դա նաև կմոտիվացնի նրանց, որովհետև վաղ տարիքում սվորելուն մշապես օգնում է շոշափելու միջոցով ճանաչումը: Երբ նա շոշափում է, փորձեր է անում՝ գույն, հոտ, երևույթներ, սրանք աշակերտի մոտ ավելի են ամրապնդում այն գիտելիքները, որոնք ստանում առարկայից»,- ասաց Ճեմարանի շրջանավարտ, Գերմանիայում դոկտորի գիտական աստիճան ստացած  Վահունի Կարապետյանը:

 

Լաբորատորիաները հագեցած են ժամանակակից չափանիշներին համապատասխան պարագաներով: Ճեմարանը կարևորում է հատկապես աշակերտների անվտանգությունն ու անվտանգ պայմաններում նրանց կրթությունն ապահովելու գործընթացի կազմակերպումը: Ճիշտ կազմակերպված անվտանգ կրթությունը նաև մշակույթ է ձևավորում, որը բազային գիտելիքներից բացի հետագայում ճիշտ և անվտանգ աշխատելու մշակույթ է սերմանում սաների շրջանում:

Բնական գիտությունների նոր լաբորատոր համալիր Ճեմարանում