«Գայլն ու Լուսինը». Միքայել Հովհաննիսյան, 791 խումբ

4152278_originalԵրբ հանձնարարվեց գրել շարադրություն «Գայլն ու Լուսինը» վերնագրով, սկսեցի մտածել, թե ինչ կապ կարող են ունենալ գայլն ու Լուսինը: Հետո հիշեցի մի փոքրիկ պատմություն: Անցյալ տարի աշնանն էր: Հիշում եմ, ոսկեգույն աշուն էր, շատ գեղեցիկ: Հանգստյան օրերին մեզ ընտանիքով հրավիրել էին իրենց ամառանոց մեր վաղեմի ծանոթները: Գյուղը, որտեղ գտնվում էր ամառանոցը, շատ մոտ էր անտառին: Խաղաղ ու հանգիստ երեկո էր, տանտերերի հետ միասին լիալուսնի շողերի տակ նստած էին պատշգամբում: Խոսում էինք դեսից-դենից: մեկ էլ անտառի խորքից ձայներ լսվեցին, կարծես գայլերի ոռնոց լիներ: Բոլորս վախեցանք: Իսկ Արտավազդ պապը, որ հանգիստ նստած էր, ասաց.

 

– Մի վախեցեք, դա սովորական բան է այստեղի համար: Լիալուսին է գայլերն են ոռնում:

 

Արտավազդ պապը պատմեց, որ առաջին անգամ գայլերի ոհմակ տեսել էր, երբ երիտասարդ ժամանակ ընկերների հետ գնացել էր որսի: Նա պատմեց, թե ինչպես էր ծեր գայլը, դունչը պահած լուսնին` ոռնում, իր շուրջը հավաքած իր ցեղակիցներին: Նրանք հաջող որսի պատառներն էին հոշոտում` խեղճ կենդանու լեշը այս ու այն կողմ քարշ տալով: Խիղճս տանջեց սպանված կենդանու համար:

 

Այս պատմությունը լսելով ինձ մոտ ցանկություն առաջացավ ավելի շատ տեղեկություն ունենալ գայլերի մասին:Երբ տուն վերադարձանք, սկսեցի տանը եղած գրքերը տակն ու վրա անել: Մի գիրք գտա կենդանիների մասին և այդ գրքից գտա մի շարք հարցերի պատասխաններ:

 

Գայլերը գիշատիչ և գիշերային կենդանիներ են, կարելի է ասել գիշերային որսորդներ: Թե ինչ կապ կա գայլերի ոռնոցի և լուսնի միջև, կասեմ, որ ոչ մի կապ: Գայլերին քիչ է հետաքրքիր, լուսին կա թե ոչ: Նրանք ոռնում են թե’ նորալուսնի ժամանակ, թե՛ լիալուսնի և թե՛ մռայլ օրերին: Պարզապես լուսինը լավ լուսավորում է անտառը և օգնում գայլերին որս կատարել: Իսկ հաջող որսից հետո գայլերի ոհմակը ոռնում է, կարծես տոնում է որսի հաջողությունը:

 

Միքայել Հովհաննիսյան, 791 խումբ

«Գայլն ու Լուսինը». Միքայել Հովհաննիսյան, 791 խումբ