Անանիա Շիրակացու անվան ճեմարանի գիտամեթոդական կենտրոնը հիմնվել է 2014 թվականի սեպտեմբերին: Կենտրոնն իր գործունեությունը ծավալում է հետևյալ ուղղություններով.
Մեթոդական աշխատանք
- սեմինար պարապմունքներ՝ «Սովորենք միասին, սովորենք միմյանցից»
Պարբերաբար անցկացվում են սեմինար պարապմունքներ՝ ուսուցիչներին մանկավարժական-մեթոդական գիտելիքներով, կարողություններով զինելու համար: Ամեն ամսվա վերջին ուրբաթը մեթոդական օր է: Սահմանված ժամանակացույցով ճեմարանի ամբիոններից որևէ մեկի ուսուցիչները (կամ մի քանի ամբիոնների ուսուցիչներ միասին) ակտիվ ուսուցման սկզբունքով սեմինար են վարում և գործընկերներին սովորեցնում են ուսուցման նոր տեխնոլոգիաներ և մեթոդներ:
Հատուկ աշխատանք է տարվում սովորողին կրթելու գիտելիք-կարողություն-հմտություն- անձնային որակներ հաջորդական և շրջանաձև զարգացման ուղղությամբ:
- ուսումնական նյութի պլանավորում
Ամբիոններում նշանակվում են տարիքային խմբերի պատասխանատուներ, որոնք, գործընկերների հետ խորհրդակցելով և քննարկելով, շաբաթվա համար մշակում են անցնելիք նյութի ուսուցման պլանը, ընտրում են նյութեր և կիրակի երեկոյան ուղարկում են ամբիոնի անձնակազմին: Ստեղծագործական բնույթի հավելումները նշվում են շաբաթվա վերջում կամ հենց նույն օրը:
- ծնողներին ուղարկվող հաշվետվություններ
Ուսումնական տարվա ընթացքում երկու անգամ կրթահամալիրի բոլոր սովորողների համար կազմվում են հաշվետվության թերթիկներ և ուղարկվում են ծնողներին:
Դրանցում նշվում են աշակերտի կրթական ձեռքբերումները, կարողությունների զարգացման ներուժը, ինչպես նաև թերացումները, որոնք շտկելու համար տրվում են անհրաժեշտ խորհուրդներ:
- դասալսումներ, քննարկումներ
Ուսուցիչները մշտապես թե՛ իրենց դասավանդած առարկայից, թե՛ այլ առարկաներից իրականացնում են փոխադարձ դասալսումներ: Դասալսումների համար հատուկ թերթիկներ են մշակվել, որոնք լրացվում, ներկայացվում են ամբիոնի ղեկավարին, ապա տեղ են գտնում ուսուցչի անձնական թղթապանակում:
- անհրաժեշտ նյութեր
Ուսուցիչների մեթոդամանկավարժական պատրաստականության համար մշակվել և ստեղծվել է նյութերի ստվար փաթեթ՝
- Սովորողների հոգեբանամանկավարժական բնութագրեր
- Մանկավարժական տեխնոլոգիաների նկարագրություն
- Ուսուցման մեթոդների նկարագրություն
- Ուսուցման ժամանակակից մեթոդների նկարագրություն
- Ուսուցչի գործունեության գնահատման ուղեցույց
- Մանկավարժի գործունեության գնահատման ուղեցույց
- Օրվա (շաբաթվա) դասերի պլանների ձևաթղթեր
- Դիդակտիկ խաղերի նկարագրություններ
- Հաշվետվության թերթիկներ ամբիոնի ղեկավարի համար
- Հաշվետվության թերթիկներ ուսուցիչների համար
- Համագործակցության թերթիկներ ուսուցիչների և մանկավարժների համար
- Ուսուցչի ինքնագնահատման թերթիկ
- Ուսուցչի աշխատանքի ինքնավերլուծության թերթիկ
- Ուսուցչի թղթապանակի բովանդակությունը ներկայացնող ձևաթուղթ
- Դասալսման թերթիկի ձևաթուղթ
Աշխատանք առարկայական ամբիոնների հետ
Ամբիոնների ղեկավարները հանդիպում են շաբաթը մեկ անգամ: Քննարկվում են ուսումնական գործընթացի հետ կապված բոլոր հրատապ խնդիրները՝ ուսումնական գործընթացի արդիականացում, գիտելիքի հիման վրա սովորողի սոցիալական, հաղորդակցական կարողությունների և մտածողության զարգացմանն ուղղված նոր մեթոդների, հնարների որոնումներ և մշակումներ, գնահատման համակարգի բարելավում և կատարելագործում և այլն: Բոլոր քննարկումները ժողովրդավարական սկզբունքով են իրականացվում:
- առարկայական ծրագրեր
Առարկայական ծրագրերը, թեմատիկ պլանավորումները, ինչպես նաև ՄԲ-ի սկզբունքներով կազմված թեմատիկ միավորները պահվում են գիտամեթոդական կենտրոնում: Արդյունավետ աշխատանք է տարվում ՀՀ պետական և ՄԲ-ի առարկայական փաստաթղթերի միասնացման (ինտեգրման) ուղղությամբ:
- ամբիոնների հաշվետվություններ
Հաշվետվության թերթիկներ են մշակվել և կազմվել թե՛ ուսուցիչների, թե՛ ամբիոնների ղեկավարների համար: Հաշվետվությունները ներկայացվում են ըստ այդ ձևաթղթերի, իսկ ուսումնական տարվա ավարտին՝ տնօրենության ընդլայնված նիստում:
Հաշվետու լինելը հնարավորություն է տալիս համակարգելու կատարած աշխատանքը, գրանցելու բացթողումները, հետագայում դրանք վերացնելու քայլեր մշակել:
Ամեն ուսուցիչ ունի իր անձնական աշխատանքային թղթապանակը, որը ներկայացնում է սեփական գործունեության վերլուծության, գնահատման և տարակարգի շնորհման ժամանակ:
Փաստաթղթեր
Գիտամեթոդական կենտրոնը մշակել և տեղայնացրել է հետևյալ փաստաթղթերը.
- «Լեզուների դասավանդման քաղաքականություն»-ը ՄԴ-ի և ԴԾ-ի համար:
- Ուսուցիչների և մանկավարժների գնահատման ուղեցույցները՝ համապատասխան սանդղակներով:
- «Սովորողների առաջադիմության գնահատման քաղաքականությունը և կարգը»՝ ըստ Միջազգային բակալավրիատի սկզբունքների:
- Ճեմարանի տարեգրությունը: Գիտամեթոդական կենտրոնը վարում է ճեմարանի տարեգրությունը. պարբերաբար հարստացնում է կատարված կարևոր դեպքերի և անցքերի նկարագրությամբ:
Կադրերի ընտրություն, աշխատանք սկսնակ ուսուցիչների հետ
Ճեմարանում աշխատել ցանկացող մասնագետների հետ կազմակերպվում են զրույցներ, մշակվում և կազմվում են փորձնական դասերի պլաններ, ապա նաև դասալսումներ, դրանց վերլուծություն, որից հետո գրավոր կարծիք է ներկայացվում կրթահամալիրի տնօրենությանը:
Հանգամանալից աշխատանք է տարվում սկսնակ ուսուցիչների հետ. թե՛ ամբիոնների ղեկավարները, թե՛ գիտամեթոդական կենտրոնի ղեկավարը անընդմեջ դասեր են լսում, օգնում են պլանավորել դասը, կազմակերպվում են սեմինար պարապմունքներ, անհատական խորհրդատվություններ:
Աշխատանք ճեմարանից դուրս
- համագործակցություն բուհերի հետ
Սերտ համագործակցություն է իրականացվում հայաստանյան գրեթե բոլոր բուհերի հետ. ճեմարանի ուսուցիչներին հաճախ հրավիրում են մասնկացելու բուհերի պետական քննություններին:
Համակողմանի աշխատանք է տարվում ճեմարան եկող պրակտիկանտների հետ: Ամբիոնների ղեկավարները կազմակերպում և հսկում են ուսանողի գործունեությունը ճեմարանում, պրակտիկայի ավարտին բնութագրում են նրա աշխատանքը՝ նշելով ձեռքբերումները և թերացումները:
- մասնակցություն գիտաժողովների և խորհրդաժողովների
Ճեմարանում դասավանդող ուսուցիչները հանրապետությունում ճանաչված մասնագետներ են, դասախոսում են նաև տարբեր բուհերում: Նրանցից 20-ը գիտության թեկնածուներ են, 6 հոգի ունի դոցենտի, մեկը՝ պրոֆեսորի կոչում:
Ճեմարանի ուսուցիչները մշտապես մասնակցում են գիաժողովների և խորհրդաժողովների ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև արտերկրում:
Ճեմարանի ուսուցիչներից շատերը գիտական մենագրությունների, հանրակրթական դպրոցի դասագրքերի, ուսումնաօժանդակ ձեռնարկների, նաև գրական- գեղարվեստական երկերի հեղինակներ են: