Գիտափորձերի աշխարհում

Բնագիտության ամբիոնի աշխատակիցների շնորհիվ և միջին դպրոցի մի խումբ սաների մասնակցությամբ իրականություն դարձան բազմազան գիտափորձեր: ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության զարմանահրաշք գաղտնիքները գերել էին ոչ միայն միջին դպրոցականներին, այլև կրտսեր դպրոցի նորաթուխ հետազոտողներին…

Ապագա ֆիզիկոսները բացահայտեցին օպտիկական տարբեր երևույթները հրաշագործ ջրի կիրառմամբ, ստացան արհեստական ծիածան, կախարդական փայտիկի օգնությամբ հայտնվեցին հայելիների և ոսպնյակների աշխարհում, կոնվեկցիայի շնորհիվ՝ անվերջ պտտեցին պարուրակը:

Էլեկտրաստատիկ մեքենայի միջոցով մետաղյա գնդիկներին ամրացած թելիկները ուղղակի «գզգզվեցին» ճեմարանականների ձեռքերով: Ապագա քիմիկոսները իրենց շուրջն էին հավաքել «ջրից արյուն» ստանալուն հավատող հետաքրքրվածներին, որոնց այդպես էլ չհաջողվեց այրել սպիրտով թրջված թաշկինակը:

Ուղղակի հրաշք էր սպիտակ վարդի կարմրումը ֆենոլֆտալեինի լուծույթով: Իսկ ապագա բժիշկները գրանցում էին իրենց ընկերների էլեկտրասրտագրերնն ու շնչառական շարժումները, որոշում թոքերի օդափոխանակության հաճախականությունը: 8-րդ դասարանցիների շարքերում մանրէաբաններ ու բջջաբաններ էլ կային. նրանք կարողացան ցուցադրել անզեն աչքով անտեսանելի բջիջներ:

Դե՛ արի, ու այսքանից հետո, մի սիրահարվիր բնագիտության անծայրածիր հրաշքներին…

Սիրով՝ բնագիտության ամբիոնի ղեկավար

Գիտափորձերի աշխարհում