Թեմատիկ դաս-քննարկում՝ նվիրված Դ. Դեմիրճյանի ստեղծագործություններին

ddՃեմարանի երրորդ կուրսի խորացված հայերենի խմբի տասնվեց աշակերտ հոկտեմբերի 20-ին հերթական անգամ եղավ Դ. Դեմիրճյանի հյուրընկալ տուն-թանգարանում: Մի քանի օր առաջ այդ նույն խումբը եղել էր այնտեղ՝ ծանոթանալու մեծ գրողի կյանքին ու ստեղծագործությանը:

 

Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցի միջոցառումների շրջանակում անվանի գրողի տուն-թանգարանում կազմակերպվել էր թեմատիկ դաս -քննարկում՝ «Դերենիկ Դեմիրճյան. «Ցեղասպանություն» բառը տողատակերում» խորագրով:

 

Նախապես աշակերտները կարդացել էին Դեմիրճյանի չորս ստեղծագործություն՝ «Ավելորդը», «Ժպիտը», «Աստծո տանը», «Գիրք ծաղկանց»: Քննարկումը վարում էր թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը: Նա ներկայացրեց այդ ստեղծագործություններում պատմվող ճակատագրական իրողությունների ու հայոց պատմությունից հայտնի փաստերի միջև առկա զուգահեռները, ապա անդրադարձավ պատմությունը գեղարվեստորեն, այլաբանորեն ներկայացնելու Դեմիրճյանի վարպետությանը: Մասնակիցներին հանձնարարվեց բոլոր պատմվածքներից ընթերցել հատկանշական կտորներ և առանձին-առանձին վերլուծել դրանք: Հատկապես հետաքրքիր էր «Գիրք ծաղկանցի» վերլուծությունը: Տիկին Կարինեն շատ հետաքրքիր կերպով բացահայտեց պատմվածքի այլաբանությունը, որը հատկապես գրավեց աշակերտների ուշադրությունը: Սաները հետաքրքիր վերլուծություններ և մեկնաբանություններ արեցին: Դասի ընթացքում ներկայացվեցին տուն-թանգարանի այն հուշային ցուցանմուշները, լուսանկարներն ու գրքերը, որոնք այս կամ այն կերպ առնչվում էին քննարկվող ստեղծագործություններին, դրանց գրության ժամանակաշրջանին ու հանգամանքներին: Դասի ամփոփիչ մասում մասնակիցներին առաջարկվեց անել ընդհանուր եզրակացություն Դեմիրճյանի չորս ստեղծագործություններում վեր հանված ճշմարտությունների ու խնդիրների վերաբերյալ՝ տալով հայ ժողովրդի անցած պատմական ուղու սխեման՝ ըստ Դերենիկ Դեմիրճյանի:

 

Դասին հատկապես ակտիվորեն մասնակցեցին Սահակյան Էլենը՝ 1251, Ուլիխանյան Աստղիկը՝ 1255, Մուսայելյան Եվան՝ 1256, Ղազարյան Անին՝1251 խմբերից: Նրանցից առաջին երկուսը ստացան մրցանակային հուշանվերներ տուն-թանգարանի կողմից:

 

Եվս մի հագեցած ու հիշարժան օր ավելացավ աշակերտների բովանդակալից առօրյային:

 

Շնորհակալություն մեծ գրողին և նրա թանգարանի տնօրենին:

 

Քննարկման կազմակերպիչ՝ հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Նարինե Արզունյան

Թեմատիկ դաս-քննարկում՝ նվիրված Դ. Դեմիրճյանի ստեղծագործություններին

Leave a Reply