Անանուն

downloadՀաճախ հիշում եմ նրան։ Շատ եմ փորձել ջնջել այդ դեմքը իմ հանդիպած միլիոնավոր կանանց շարքից, բայց էլի, երբ փակում եմ աչքերս, դիմացս է հառնում նրա գեղեցիկ պատկերը՝ խոշոր սև աչքերը, նուրբ դիմագծերը, անքնությունից ու մտավոր աշխատանքից ծանրացած կոպերը, մարդամոտ ու գեղեցիկ ժպիտը, որի ետևում հմտորեն թաքցնում էր իրեն պարուրած անսահման թախիծն ու տառապանքը։

 

Բայց․․․սիրահարվածությունը,սերը կամ նմանատիպ զգացողությունները չէ, որ այդ պատկերը այդպես անխնա գամել են հիշողությանս մեջ։ Ոչ՛,ես նրան երբեք էլ չեմ սիրել։ Ինձ հարց եմ տալիս,թե ինչու եմ հաճախ նրան հիշում,նուjնիսկ ավելի հաճախՙՙՙՙՙՙ, քան սիրելի կանանցիցս որևէ մեկին, և այդ պահին ներքին «ես»ս գոռում է ՛՛մեղքի զգացում՛՛։ Ահա այս է ամբողջ խնդիրը։ Բայց եթե նույնիսկ դա այդպես է,ինչու՞ եմ ես ունենում մեղքի զգացում ։ Չէ՞ որ ես բացարձակապես մեղավոր չեմ, որ չեմ կարողացել փոխադարձել այդ աղջկա զգացմունքներին ։ Մի՞թե սերը կպարտադրես։ Ես նունիսկ նրա՝ իմ հանդեպ տածած հույզերը վիրավորելու կամ ծաղրելու փորձ չեմ արել՝ պահելով ինձ նրանից մեծ հեռավորության վրա, քանի որ ինքս էլ չեմ կողմնորոշվել՝ ինչպես կարելի է վարվել այդ աղջկա հետ, որին ակամա հարգել ու պատկառել եմ իր առաքինության, նպատակասլացության և բնատուր խելքի համար։ Բայց ինչու՞ եմ զարմանում նման պարագայում և նման զգացողություններիս համար․չէ՞ որ ես եմ նրա մահվան պատճառը, չէ՞ որ հենց իմ կողմից մերժված լինելու պատճառով է անձնասպանություն գործել։ Լավ, բայց ինչու՞ է մեղքի զգացումը այսպես անխնա հալածում ինձ ու քայքայում հոգիս։ Չէ՞ որ ամեն մարդու իրավունքն է անել իր կյանքի հետ այն, ինչը, որ ինքն է ճիշտ համարում։ Միևնույն է ներսումս ինչ որ բան շարժվում է, երբ հիշում եմ այդ ողբերգությունը։ Այո՛, բոլորը ինձ են մեղադրում, բայց մի՞թե միայն սիրած տղայի կողմից մերժված լինելը բավարար հանգամանք է կյանքին վերջ դնելու համար։ Ինչ է քիչ՞ մարդիկ կան, ովքեր փոխադարձ չեն սիրում և շատ հանգիստ հաղթահարում են։ Մի՞թե այդ հեռանկարային, կամային, խելացի և արտաքուստ իդեալական օրիորդի համար այդքան դժվար էր մի ինձ նման հիմարին գլխից հանելը։ Իհարկե, հասարակությունը սովոր է հալածելու, չհանդուրժելու մեկին՝ ակամա չգիտակցելով, որ իր մեջ է միգուցե ամբողջ ողբերգությունը։ Չնայած չհասցրի և հարմար առիթ չընձեռնվեց այդ աղջկա հետ մտերմանալու, սակայն ,չգիտես ինչու, իր բնավորության ու խառնվածքի գծերը իրենից լավ գիտեի ու անթերի կարողանում էի մեկնաբանել նրա ամեն բառն ու շարժումը։ Ահա գալիս եմ այն եզրակացության, որ միայն իմ կողմից մերժվելը չէ, որ նրան դրդել է անձնասպանության․․․այո՛, հասարակությունն է պատճառը և ես՝ լինելով նույն հասարակությունը կազմող շղթայի օղակներից մեկը։ Չհանդուրժող էր․․․հասարակությունն էլ նրան չհանդուրժեց։ Հենց առաջին հայացքից նկատել էի, որ նա տարբեր է մեզանից, և ինչ որ բան նրան հեռացնում է հասարակ մարդկանցից ու առօրյա կենցաղային պայմանականություններից։ Անզուսպ էր, ասում էր այն, ինչ մտածում էր, շատ դեպքերում հակված էր իրեն ներկայացնելու որպես չար, անտանելի, անզգացմունք, անհասկացող, աննորմալ ու տարօրինակ մի երևույթ։ Միասին էինք սովորում․․․երբեմն այնպիսի աննորմալ մտքեր էր արտահայտում, որ իմ ու համադասարանցիներիս աչքերը զարմանքից քիչ էր մնում դուրս թռչեին իրենց տեղերից։ Չէր ընդունում ձևականություններն ու պայմանականությունները․ նույնիսկ երբ հավաքվում էինք որևէ մեկիս ծննդյան տարեդարձը նշելու, միտումնավոր չէր գալիս՝ պատճառաբանելով, որ մարդը մեկ անգամ արդեն ծնվել է և կարիք չկա ամեն տարի դա իրեն հիշեցնելու։ Նույնիսկ ամուսնությունն ու ամուսնական կապը չէր ընդունում՝ համարելով, որ սիրո ու զգացմունքների դրսևորման համար ամենևին էլ հարկավոր չէ զագսի գրողի տարած կնիքը, և ամուսնությունն էլ իր խոսքով աշխարհի մեծագույն անբարոյականությունն էր, քանի որ բռնի կապանք էր մարդու մտքի, մարմնի և զգացմունքների վրա։ Հայրենիք չէր ճանաչում․․․իր ասելով սիրում էր Հայաստանը մի առանձնահատուկ ջերմությամբ ու գորովանքով, ինչպես յուրաքանչյուրս սիրում ենք մեր տունը, որի ամեն մի անկյունը մեզ հայտնի ու հարազատ է, բայց այնուամենայնիվ իր հայրենիքը երկիր մոլորակն էր ու տիեզերքը, որի կենտրոնը ինքն իրեն էր համարում։ Ինչքան էլ ինձ և մարդկային ուղեղի համար դժվարըմբռնելի է, բայց նրա երևակայությունը չէր ճանաչում պետական ոչ մի սահման ու տարբեր ռասսաների, լեզվախմբերի, կրոնների պատկանող մարդկանց առանձնացնող որևէ բնագիծ։ Քարոզում էր հումանիզմ, բայց նույնիսկ իրեն քրիստոնյա չէր համարում։ Կրոն չէր ճանաչում, սակայն միշտ երազում էր հեթանոսական ժամանակաշրջանում ծնվելու մասին՝ պատճառաբանելով, որ այն ժամանակ կար մտքի, հոգու և մարմնի ազատություն և ներդաշնակություն։ Գուցե, հենց ճիշտն էլ դա կլիներ և ,իրոք, մեծ սխալմունք էր նրա՝ այս ժամանակաշրջանում ծնվելն ու աշխարհ գալը։ Այո՛, հասարակությունը չհանդուրժեց այդ համարձակ, խոհուն, խելացի ու հեռատես կերպարին, որի գաղափարներն ու մտքերը միգուցե շատ ավելի ուշ լինեին ճիշտ ու բնական․․․շատ ավելի ուշ, բայց ոչ այժմ, ոչ այս խավարամիտ ու դեռևս տգետ հասարակության ժամանակաշրջանում։ Հասարակություն, որը նախընտրում է այժմ տառապել, տանջվել, որ ՛՛ինչ է թե՛՛ մահվանից հետո ինչ որ անորոշության արժանանա։ Բայց չէ՞ որ կյանքը մարդուն հենց արժևորելու, գնահատելու, հիանալու ու վայելելու համար է տրված։ Ի՞նչ եք կարծում, մարդը, ով ներկայում իր ունեցածը չի կարողանում գնահատել ու վայելել, հանդերձյալ կյանքու՞մ պիտի վայելի։ Մի՞թե մեր մոլորակը մեկը չէ այն չափողականություններից, որոնցում մարդը ապրել, ապրում և շարունակելու է ապրել, և մի՞թե մեր մոլորակի վրա որևէ վշտալի, տառապալի երևույթ կա։ Կան ընդամենը չեզոք երևույթներ, որոնց դրական, բացասական, վշտալի կամ հաճելի երանգավորում տալիս ենք մենք։ Չէ՞ որ մարդիկ տարբեր են, և մի՞թե այդ օրիորդի նպատակը մարդկանց փոխելն էր։ Ամենևին ոչ։ Նրա նպատակը ընդամենը այն էր, որ մարդկանց տարբերությունը չխանգարեր նրանց շփմանը, և մի՞թե այդ տարբերությունը չէ, որ մարդկանց կյանքն ավելի հետաքրքիր ու գունագեղ է դարձնում, երբ մարդիկ միմյանց ոչ թե հակադրվում, այլ փոխլրացնում են։ Իսկ ինչպե՞ս արձագանքեց հասարակությունը․հալածեց, չհասկացավ ու դրդեց այդ եռանդուն ու կյանքով լեցուն աղջկան անձնասպանության։

 

Այդ ողբերգությունից անցել է 34 տարի․․․շատ շատերն էլ, ովքեր նրան հալածում էին, արդեն իրենց դաժան կենսափորձի արդյունքում հասկացել են կյանքի գաղտնիքը, այն է՝ վայելել, վայելել երկիրը,վայելել երկինքը, սիրելիներին և առհասարակ ամեն ինչ և գոհ լինել, որ այդ ամենը կարող ենք տեսնել , քանի որ շատերը աչքի լույսից էլ զրկված են։

 

Կրկին ինձ հարց եմ տալիս․ արդյոք մեղքը՞, թե՞ այլ, մեկ ուրիշ զգացում է ինձ տանջում ու հիշեցնում նրան ։ Ափսոսանք․․․միգուցե սա եմ զգում։

 

ՀՀանդուրժո՛ղ եղեք:

Մխոյան Գայանե

03/05/2016
1255 խումբ

Անանուն