Իրական և նորարար գաղափար՝ ՀԱՍԿ

25-05-17

Բնապահպանություն…Ընկերասիրություն… Մարտահրավերներ… Անքուն գիշերներ… Նոր գիտելիքներ… Հավատ սեփական ուժերի նկատմամբ… Եվ ուժեղ թիմ…

 

Ուրիշ որտե՞ղ կարող էին աշխարհի այսքան հրաշալիքները միավորվել, եթե ոչ Ճեմարանում, եթե ոչ յուրօրինակ նորարարական գաղափարի շուրջ և միջազգային մրցույթի շրջանակներում:

 

Անետան, Արմինեն, Էլինան, Անահիտը և Անին անցկացրել են երեք բուռն աշխատանքային ամիսներ ուսուցիչ Անի Սիրեկանյանի գլխավորությամբ և այս ամենը հանուն ՀԱՍԿ-ի գաղափարի:

Ի՞նչ է ՀԱՍԿ-ը: Մի տարում 500 միլիարդ պլաստիկ շիշ է օգտագործվում, որն առնվազն 500-1000 տարում կարող է մաքրվել բնությունից: Տարեկան ավելի քան 20,000 կմ2 տարածքի ծառեր են հատվում թուղթ ստանալու համար: Եվ ու՞ր կհասցնի այս ամենը մարդկությանը, չես կարող իմանալ: Այս թվեր կրճատելու և խնդրին ինչ-որ չափով լուծում տալու համար մեր ճեմարանական թիմը ստեղծել է ՀԱՍԿ-ի հեռախոսային հավելվածը, որը ծառայելու է երեք հիմնական ճյուղերով.

  1. հնարավորություն տալ մարդկանց նշելու իրենց իմացած աղտոտված տարածքները` կանչելով ՀԱՍԿ-ի կամավորներին, ովքեր կհավաքեն տարածքը,
  2. վերամշակել պլաստիկե և թղթե իրերը և վաճառել ստացվածները հավելվածի միջոցով` գումարի որոշ մասն օգտագործելով ծառեր տնկելու համար,
  3. ՀԱՍԿ-ի ստեղծարար թիմի դասընթացներից հետո` հնարավորություն տալ մարզերի բնակչությանը վաճառել իրենց կողմից վերամշակած ապրանքը մեր հավելվածի միջոցով:

Այս ամենը սկզբնական փուլում, իսկ թիմի գերնպատակներից մեկն է ստեղծել փոքրիկ լաբորատորիա պրոֆեսիոնալ վերամշակման սարքերով, որոնք կլինեն էկոլոգիապես մաքուր և թույլ կտան հնարավորինս շատ իրերի երկրորդ շունչ պարգևել՝

առաջխաղացնելով վերամշակման մշակույթը Հայաստանում և դրա սահմաններից դուրս: Մեր թիմն այս գաղափարի շնորհիվ գրավեց 2-րդ տեղը Technovation միջազգային մրցույթի Հայստանյան փուլում: Բայց դա դեռ միայն սկիզբն է և մենք մոտիվացված ենք զարմացնելու նորանոր հաջողություններով: Շատ շուտով մեր հավելվածը հասանելի կլինի Play Store-ում, իսկ մինչ այդ միացեք մեզ ֆեյսբուքում և հետևեք մեր նորություններին:

Էլինա Հովակիմյան

Իրական և նորարար գաղափար՝ ՀԱՍԿ