Կրթահամալիրի տնօրեն Ա. Ալիխանյանի ելույթը վերջին զանգի արարողության ժամանակ

31-05-16

723Իմ շա´տ սիրելի աղջիկներ և տղաներ

 

Իմ շա´տ սիրելի գործընկերներ

 

Հայ – ադրբեջանական վերջին պատերազմը, որքան էլ որ կարճատև էր, բոլորիս ցնցեց ու ցնցեց այնպես, որ կարծես վերապրեցինք 1988 թվականից մինչև օրս ընկած ժամանակաշրջանը և առաջին հերթին`            25-ամյա մեր անկախության պատմությունը:

 

Ես դեմ չեմ կռվելուն:  Եթե թշնամին հարձակվեց, պետք է արժանի պատասխան տանք, բայց ոչ թե մեր ջահելների արյան գնով, այլ բոլորս միասին ու ազգովի պետք է գնանք, կռվենք և ոչ թե կիսազինված, այլ  զինված ամենաժամանակակից զինատեսակներով:

 

Մեծ եղեռնի 100-ամյակը արդեն իսկ առիթ էր, որ վերջապես ազգովի քաղեինք մեր պատմության դասերը և վերջապես հասկանայինք ու ձևավորեինք  մեր ազգային գաղափարախոսությունը և բոլորս մի մարդու պես  համախմբվեինք դրա շուրջ: Կրկին ոչինչ չարեցինք:

 

Կարծում եմ` Աստված այս անգամ ուղղակի մեզ հիշեցրեց դրա մասին` ասելով. «Վերջապես ուշքի´ եկեք, հայե´ր»:

 

Եվ մենք մի պահ սթափվեցինք ու այլևս իրավունք չունենք կորցնելու զգոնությունը:

 

Այս առիթով ուզում եմ հպարտանալ թե´ ռազմի դաշտում մարտնչող ճեմարանականներով և թե´ առաջին գծում կանգնած մեր ողջ զինվորական անձնակազմով: Փա´ռք ու պատիվ մեր հայ զինվորին:

 

Եկե´ք հոտնկայս ողջունենք նրանց սխրանքը:

 

Փա´ռք ու պատիվ նաև ձեզ, սովորո´ղ ճեմարանականներ, ձեր հայրենասիրական արժանավայել դրսևորումների համար և հատկապես ձեր կազմակերպվածության համար. միշտ եղե´ք այդպիսին:

 

Սիրելի´ սաներ և գործընկերներ, մեր ժողովուրդը վերջապես պետք է հասկանա, որ անկախ լինելը առաջին հերթին հոգեվիճակ է, որը ձեռք է բերվում միայն ու միայն ինքնուրույն և քրտնաջան աշխատանքով:

 

Մենք արդեն իսկ մեր անգործությամբ ու «бездельник-ությամբ» վատնել ենք բազմաթիվ տարիներ` մուրացկանի պես հույսներս դնելով ում վրա ասես` բացի մեզնից: Ինչքա՞ն կարելի է գիշեր ու ցերեկ մեր գիտակցության մեջ ներարկել, որ  մենք աղքատ երկիր ենք, երբ մեր աչքի առաջ շարունակում են կառուցվել դղյակներ ու կազինոներ: Եվ այդ կազինոներում էլ խաղում են հենց մեր հայրենակիցները, ում անդորրն էլ  շենքից դուրս «սրբությամբ» պաշտպանում են իրենց բազմաթիվ «охранник-ները»: Դե´, թող նրանք էլ գնան, կռվեն Հայրենիքի համար (տեսքից լավ էլ առողջ տղերք են):

 

Աստված մեզ ուղղորդում է` ասելով, որ եթե չեք կարողանում հրեաների, ճապոնացիների, սինգապուրցիների և այլոց օրինակով (որոնց ելակետային վիճակը, ի դեպ, հայերից շատ ավելի վատ է եղել) ստեղծել Ձեր գաղափարախոսությունը, ապա վերադարձե´ք ձեր ակունքներին և որպես պետականորեն առաջինը մկրտված քրիստոնյաներ` առաջնորդվե´ք քրիստոնեության բարոյականության հիմունքներով:

 

Երբ դուք սկուտեղի վրա ստացաք ձեր անկախությունը, դուք ոչ թե կրկնապատկեցիք խորհրդային տարիներին ձեր նախնիների քրտնաջան աշխատանքով և կրթվածության շնորհիվ ստեղծած գիտական, տեխնիկական, մշակութային ու տնտեսական հսկայական  ներուժը, այլ հակառակը` տարբեր զարտուղի ճանապարհներով վերացրիք այն:

 

Այո´, այսօր, ցավոք, մեր անկախությունը միայն դե յուրե է` Միացյալ ազգերի կազմակերպության տարածքում փակցված մեր պետական դրոշի տեսքով:

 

Դե ֆակտոն պետք է նվաճենք ինքներս, և ոչ թե արյան գնով, այլ միայն ու միայն մեկ ճանապարհով` տնտեսապես հզոր ժողովրդավարական և իրավական պետություն կառուցելով, ընդ որում՝ մեր մտավոր ներուժի, աշխատասիրության, համախմբվածության և կազմակերպվածության շնորհիվ: Եվ այդ նվաճողների ավանգարդում եղել են, կան ու միշտ լինելու են  մեր ճեմարանականները:

 

Հայաստանի անկախության տասնհինգամյակին նվիրված մի մեծ հանդիսության ժամանակ ուղիղ եթերով ինձ հարց տվեցին, թե ինչ տվեց անկախությունը հայ ժողովրդին:

 

Ես նշեցի ընդամենը մեկ շատ կարևոր ձեռքբերում. այն է, որ մենք ինքներս մեզ ճանաչեցինք և այժմ գիտենք մեր բոլոր թույլ ու բացասական կողմերը: Իսկ եթե մարդը, ընտանիքը, ժողովուրդը, պետությունը, ազգը գիտակցում են իրենց բոլոր թույլ ու վնասարար կողմերը, ապա նրանք դառնում են ամենահզորը, քանզի գիտեն` ինչը պետք է վերացնեն:

 

Դուք, սիրելի´ ճեմարանականներ, դա շատ լավ եք գիտակցում և մտնելով ինքնուրույն կյանք` պարտավոր եք անողոք պայքար մղելու մեր երկրի զարգացումը խոչընդոտող և մեր ազգային գիտակցությունը պղտորող բոլոր չարիքների`

 

Անգրագիտության,

մեծամտության,

հանցագործ աշխարհի,

գավառամտության,

հանցավոր մտածելակերպի,

հովանավորչության,

ցանկացած անօրինականության

և, վեջապես, բոլոր կարգի անարդարությունների դեմ:

 

Այս պայքարում դուք հաղթելու եք, որովհետև զինված եք ճեմարանական գաղափարախոսությամբ և ունեք հզոր ուսուցիչներ: Նրանք, իրենց գործի մեծ պրոֆեսիոնալներ լինելուց բացի, ազնիվ, ճշմարտախոս, համեստ և իսկական հայրենասերներ են: Նրանք երկար ու դժվարին ուղի են անցել իրենց ճեմարանի հետ միասին` հաճախ հաղթահարելով անհաղթահարելին:

 

Այսօր վերջապես եկել է այն պահը, երբ մենք պետք է մեր շնորհակալությունը, խորին երախտագիտությունը և հիացմունքը հոտնկայս հայտնենք ճեմարանի բոլոր ուսուցիչներին, մանկավարժներին, ճեմարանի ողջ անձնակազմին` սկսած մեր կարգապահ վարորդներից մինչև տնօրենը: Փա´ռք ու պատիվ ձեզ, իմ սիրելի´ գործընկերներ:

 

Սիրելի´ սաներ, շատ հուզիչ է հրաժեշտ տալ հարազատ դպրոցին:

 

Բայց դուք մի´ մոռացեք, որ, ավարտելով ճեմարանը, դուք չեք հեռանում ճեմարանից, այլ ընդմիշտ մնում եք մեր մեծ ընտանիքի անդամ: Իսկ ճեմարանը միշտ ձեզ հետ է: Միշտ հիշե´ք, որ ձեր կյանքում յուրաքանչյուր քայլ կատարելիս դուք պատասխանատվություն եք կրում ոչ միայն ձեր, ձեր ընտանիքների, մեր հայրենիքի, այլ նաև ձեր «Ալմա–մատեր» ճեմարանի առջև:

 

Դե´, ուրեմն, ավանդաբա´ր, Մեսրոպ Մաշտոցի, Շիրակացու,Վիկտոր Համբարձումյանի, Հովհաննես Թումանյանի, Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի, Շառլ Ազնավուրի, Մարշալ Բաղրամյանի, ծովակալ Իսակովի, Գևորգ և Գոհար Վարդանյանների թոռնիկնե´ր և ծոռնիկնե՛ր,  պայծառ ու շիտակ հայացքով, բաց ճակատով և ամուր ու հստակ քայլերով` դեպի լուսավոր ապագա:

 

Կեցցե´ մեր ճեմարանը:

 

Փա´ռք մեր բոլոր ճեմարանականներին՝ մեր Հայրենիքի իսկական ապագան կերտողներին:

Կրթահամալիրի տնօրեն Ա. Ալիխանյանի ելույթը վերջին զանգի արարողության ժամանակ