Հայաստանը բացահայտող լուսանկարների ցուցահանդես՝ Ամանորին ընդառաջ

1Ամանորի նախօրյակին ճեմարանում բացվեց Վահագն Գրիգորյանի «Բացահայտե՛ք Հայաստանը» խորագրով գեղարվեստական լուսանկարների ցուցահանդեսը:

 

Շուրջ հիսուն բարձրարվեստ լուսանկարները միավորող ցուցահանդեսի խորագիրը պատահական չէ ընտրված: Մասնագիտությամբ մաթեմատիկոս-ծրագրավորող  Վահագն Գրիգորյանը, ֆոտոխցիկը ձեռքին, շրջել է Հայաստանի և Արցախի տեսարժան վայրերում, լուսանկարել այն ամենը, ինչը, իր կարծիքով, կնպաստի Հայաստանը բացահայտելուն: Ձյունածածկ Ծիծեռնակաբերդ ու երևանյան մայրամուտ, Սևանա լիճ ու Գեղամա լեռներ, Զվարթնոց ու Էջմիածնի Մայր տաճարը, Հայրիվանք ու Սաղմոսավանք, Գանձասար ու Գառնիի «Քարե սիմֆոնիա»….

 

Մաթեմատիկոս-ծրագրավորող Վահագն Գրիգորյանն ընդամենը երեք տարի առաջ է իր մեջ բացահայտել արվեստագետի շնորհը՝ նախաձեռնելով հայրենի բնաշխարհի լուսանկարչական պատկերումները:

 

Մինչ ցուցահանդեսի բացումը լուսանկարներին հասցրել էին ծանոթանալ ոչ միայն սաներից, այլև նրանց ուսուցիչներից շատերը: Բոլորը միաբերան իրենց հիացական կարծիքն էին հայտնում: Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը ևս բարձր գնահատեց երիտասարդ, բայց արդեն իսկ հմուտ արվեստագետ-լուսանկարիչ Վահագն Գրիգորյանի աշխատանքները, նրա հայրենանվեր գործը:

 

ԼԵՎՈՆ ԱԶՐՈՅԱՆ

Հայաստանը բացահայտող լուսանկարների ցուցահանդես՝ Ամանորին ընդառաջ

Leave a Reply