Հայրենիքը սկսում է սահմաններից…

Հետաքրքիր է, թե յուրաքանչյուրս այս արտահայտությունը լսելիս ինչ մտքեր ու զգացողություններ ենք ունենում:

Հայաստան, Ադրբեջան, մշտական լարվածություն, օգոստոսյան միկրոպատերազմ… Oգոստոսյան դեպքերը լիովին փոխեցին հասարակության պատկերացումը այսօրվա բանակի, մեր զինվորների մարտունակության, ապահով ու պաշտպանված, հաղթող լինելու զգացման մասին. մենք ականատեսը եղանք ինչպես մեր հաղթանակի, այնպես էլ հակառակորդի հարձակման հետևանքների: Սակայն հարց է առաջանում, թե որքանով մենք ու մեր երեխաները հասկացանք, պատկերացրեցինք այն ամենն, ինչ կատարվել և կատարվում է սահմանին ապրող մեր հայրենակիցների, հասակակիցների հետ, ովքեր ամեն օր ապրում են տագնապի մեջ, արթնանում կրակոցների ձայնից, սակայն, միևնույն է, չեն հեռանում ու պաշտպանում են մեր երկրի սահմանները:

Այս ամենը միջին դպրոցի սաների համար ավելի տեսանելի և հասկանալի դարձնելու նպատակով մենք նախաձեռնեցինք <Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին> ծրագիրը, որի ընթացքում երեխաներին ներկայացրեցինք իրենց <սահմանապահ> հասակակիցների մասին պատմող տեսանյութը, սահմանում տիրող իրավիճակը օգոստոսյան դեպքերից հետո, այնտեղ բնակվող երեխաների առօրյան, մտահոգությունները, ցանկությունները:

IMG_1641Ուրախությամբ ենք նշում, որ մեր սաների մոտ ցանկություն առաջացավ որևէ ներդրում ունենալ այդ երեխաների կյանքում, քանի որ իրենք էլ սկսեցին գիտակցել, որ իրենց երկիրը միայն մայրաքաղաքով չի սահմանափակվում և որ սահմանամեձ բնակավայրերի իրենց հասակակիցները ավելի շատ կարիք ունեն ոչ թե նյութական բարիքների, այլ՝ շփման ու ընկերների:

Հետագա քայլերը պարզ դարձան սաների առաջարկությունները հավաքագրելիս: Մենք մեծ հպարտություն ապրեցինք` տեսնելով երեխաների ջերմ, ստեղծագործ, հոգատար ու սրտացավ վերաբերմունքը, մտքերը, որոնք անպայման ժամանակի ընթացքում իրականության կդարձնենք: Իսկ գալիք ամանորի կապակցությամբ որոշեցինք օգտվել առիթից և շնորհավորական բացիկ-նամակների միջոցով ընկերական կապեր հաստատել երեխաների միջև: Այնուհետև գաղափարը զարգացավ. մեր սաները որոշեցին նվերներ էլ ուղարկել դպրոցկաններին և սահմանամերձ դպրոցին:

Հավաքեցինք ավելի քան հարյուր բացիկ-նամակներ, երեխաները կիսվեցին իրենց գրքերով և գրենական պիտույքներով: Մեր սաների ծնողները նույնպես սատար կանգնեցին իրենց երեխաների գաղափարին և արդյունքում մենք ունեցանք ճեմարանական մի մեծ ուժ, որն ուղղված էր միևնույն նպատակին` կապերի հաստատմանն ու սահմանների ամրացմանը: Մնում էր միայն կազմակերպել հանդիպումը: Այդ նպատակով ստեղծվեց պատվիրակություն, որի կազմում էին միջին դպրոցի տնօրենը, հոգեբանական և մանկավարժական ծառայության ներկայացուցիչներ, ուսուցիչներ և, իհարկե, V-VIII դասարանի 8 սաներ:

bbbՃանապարհը երկար էր, ոլորապտույտ, խորհրդավոր՝ համեմված ռազմահայրենասիրական երգերով, ազգային պարերով, պատմություններով: Այն մեզ տարավ Տավուշի մարզի Ներքին Կարմրաղբյուր գյուղի դպրոց: Արդեն տեղում երթուղուց իջնելով մենք հայտնվեցինք ադրբեջանական դիրքերի և կրակոցներից խոցված դպրոցի միջև: Սաների ոգևորությունը միառժամանակ իր տեղը զիջեց զարմանքին ու հետաքրքրասիրությանը: Նրանք մոտենում էին թշնամու կրակոցներից խոցված պատերին, նայում, շոշափում, մոտենում բլուրի եզրին, զգում իրենց սահմանից դուրս, հետո նայում այդտեղ ապրող իրենց հասակակիցների հանգիստ, քաջ ու անկոտրում հայացքներին…

Որոշ ժամանակ անց մեզ հրավիրեցին դպրոցի դահլիճ, որտեղ մենք կիսվեցինք մեր տպավորություններով, մեր սաները իրենց երախտիքի խոսքը հայտնեցին, ինչպես նաև շնորհավորեցին գալիք ամանորն ու հանձնեցին նվերները: Տիրում էր փոխադարձ  անկեղծության, հպարտության, ջերմության մթնոլորտ, որն ակամայից մտերմացրեց մեզ բոլորիս: Տեղի երեխաները փոքրիկ շրջայց կազմակերպեցին դպրոցով, իսկ վերջնակետը դարձավ սպորտդահլիճը, որտեղ երեխաները ինքնաբուխ տրվեցին խաղին… խաղ, որի ընթացքում առավել կարևորվեց փոխօգնությունը, միասնությունը` մրցակցության փոխարեն:

ԵՎ մինչ երեխաները տարված էին խաղով, դպրոցների տնօրեններն ու աշխատակիցները մեկնարկ տվեցին հետագա համագործակցությանը:

Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու երկար ճանապարհը՝ ստիպված էինք շուտ հրաժեշտ տալ միմյանց՝ չնայած բաժանումը դժվար էր…

c_47c65a5693592ec52dbff0e68d088347Հետադարձի ճանապարհին պարզ դարձավ, որ երեխաների մեջ զարմանալիորեն փոխվել են պատկերացումները սահմանի, այնտեղի կենսակերպի և երեխաների մասին: Ակնհայտ էր, որ նախկին խղճահարությանը փոխարինեցին հարգանքն ու հպարտությունը, նախկինում առկա աջակցելու ցանկությանը փոխարինեց նրանցից շատ բան սովորելու ձգտումը, նախկին անտարբերությանը՝ պատասխանատվության և պատրաստակամության դրսևորումները: Բոլոր այս ներքին փոփոխությունները արտացոլվեցին երեխաների վարքում. այժմ նրանք իրենց նախաձեռնությամբ ավելի խրոխտ էին երգում հայրենասիրական երգերը, խորհրդավոր լռում, կիսվում տպավորություններով, պլանավորում հետագա անելիքները:

Կարծում ենք` սա լավ սկիզբ էր երեխաների ընկերական կապի հաստատման, դպրոցների համագործակցության ձևավորման և համընդհանուր նպատակների ու ձգտումների իրագործման համար:

Հայրենիքը սկսում է սահմաններից…

 

Հայրենիքը սկսում է սահմաններից…

Leave a Reply