Հայրենի´ք արդար, արևի´ երկիր, դարերի մեջ հին,
Բարձր լեռները շուրջպար բռնած, ինչպես քոչարին.
Հայոց գրերը՝ խաչքարերին, անցյալի մասին.
Հայրենի´ երկիր, հարազա´տ օջախ, հայրենի´ք անգին:
Հայրենի´ք արդար, հաղթական բանակ` հզոր և ուժգին.
Դժվար է անցել դարերի միջով քո փառքի ուղին:
Հպարտ հայացքով նայենք մոլոր աշխարհին,
Դառնանք մեկ բռունցք, հայրենի կանչով հույս տանք զինվորին:
Հայրենի´ք արդար,աստծո աղոթքով փառք հերոսներին,
Շատերի համար գարուն էր վերջին, կյանքը` հավերժին,
Ուր սերը, ինչպես անավարտ նոր երգ, լռեց շուրթերին,
Եվ լուսաբացները, ինչպես մայրամուտ մարեց աչքերին:
Հայրենի´ք արդար, ինչպես պայծառ լույս քո ժողովրդին,
Եվ փառք ու պատիվ հերոսների բոլոր մայրերին,
Որոնց սրտերը, ինչպես որբացած կարոտ, մնաց սահմանին,
Եվ արցունքները, ինչպես չորացած կաթիլ, ձուլվեց այտերին:
Հայրենի´ք արդար, դա մեր երկիրն է հոգսերով նորին,
Թեկուզ վխտում է պատերի տակին անկոչ վայրենին.
Ճակատագիր է, չենք կարող փոխել բութ հարևանին,
Բայց անկոտրում է զինվորի ոգին, մի´շտ զսպելու է անգութ ոսոխին:
Սիրով՝ հայրենիքի զինվոր Վիկտոր Սումբաթյան
Նկարների հեղինակ Վիկտոր Սումբաթյան