«Հեքիաթ» ճամբար – 2016թ.

1«Հեքիաթ» ճամբար

2001թ-ից սկսած ճեմարանի «Հեքիաթ» ճամբարը իր հյուրընկալ դռներն է բացում բոլոր ճեմարանականների, ուսուցիչների ու աշխատակիցների առաջ: Գտնվելով Հանքավանում՝ անտառածածկ լեռներից մեկի կատարին, ճամբարի հանգստացողները վայելում են մաքուր օդը, կտրվում քաղաքային տապից ու հոգնեցնող առօրյայից: Մեկ անգամ «Հեքիաթ» ճամբարում եղած մարդը անպայման վերադառնում է…..

5«Հեքիաթ» ճամբար4«Հեքիաթ» ճամբար

Ճամբարում օրերը հագեցած են տարբեր միջոցառումներով: Ճամբարականները մեծ ոգևորությամբ պատրաստվում են բացման արարողությանը. տոնական համերգի ժամանակ յուրաքանչյուրը բեմից ցույց է տալիս իր տաղանդն ու արժանանում ջերմ ծափերի:

8

Ճամբարականները արթնանում են վաղ առավոտյան ու մասնակցում համաճամբարային մարմնամարզությանը: Դրանից հետո կարգի են բերում իրենց սենյակները, մասնակցում տողանին ու շտապում են համեղ նախաճաշին:Սրանից հետո սկսվում է ակտիվ հանգիստը, ճամբարականները կազմակերպում են տարբեր հետաքրքիր խաղեր, շփվում են իրենց նոր ձեռք բերած ընկերների հետ, պատրաստվում են տարբեր երեկոների, ինչպես օրինակ՝

ասմունիքի երեկո, պարերի երեկո, կինոդիտում, ինտելեկտուալ մրցույթ, ուրախների և հնարամիտների ակումբ (КВН) և այլն:

6

Ճամբարի ջոկատավարները ջանք ու եռանդ չեն խնայում հանգիստն ավելի անմոռանալի դարձնելու համար: Անքուն գիշերների արդյունքում նրանք ամեն անգամ կազմակերպում են էլ ավելի հետաքրքիր խաղեր ու մրցույթներ: Ճամբարականները շատ արագ ընկերանում են ջոկատավարների հետ, կիսվում նրանց հետ իրենց առաջարկներով, իսկ ճամբարի ավարտից հետո էլ պահում ջերմ հարաբերություններ:

9

Ճեմարանի ֆիզկուլտուրայի ուսուցիչ տիկին Ամալյան ճամբարի բացվելու առաջին օրվանից սկսած իր ամառային հանգիստը անցկացնում է այստեղ: Ամեն առավոտ հենց նա է մարմնամարզության կանչում դեռ քնած ճամբարականներին, կազմակերպում է տարբեր սպորտային խաղեր ու մրցույթներ, և քանի որ տիկին Ամալյան շատ լավ ծանոթ է Հանքավանին, կազմակերպում է երկար արշավներ ու ճամբարականների համար բացահայտում չքնաղ բնության ևս մեկ անկյուն:

7

 

Տիկին Մարիետտան՝ ճեմարանի ու ճամբարի խոհարարուհին, և նրա փորձառու թիմը արթնանում են ճամբարականներից էլ շուտ՝ նրանց համար պատրաստելու համեղ, բազմազան ու առողջ սնունդ: Ճամբարի պետը՝ ճեմարանի զինղեկ պրն Հրանտ Աղաբեկյանը, կազմակերպել էր զենքից օգտվելու դասեր: Անգամ ամենափոքր ճամբարականները սովորել են զենքը քանդել-հավաքել, նշան բռնել ու կրակել: Ճամբարի փակման արարողությունը արդեն այնքան ուրախ չէ, որքան բացմանը. չէ՞ որ անցան ճամբարի օրերը և ճամբարականները մի քիչ թաց աչքերով, նոր պատմություններով ու ընկերներով պիտի վերադառնան տուն:

3«Հեքիաթ» ճամբար

Ամբողջ ճեմարանաճամբարային թիմը աշխատում է, որպեսզի իրականա «Հեքիաթ»-ի կարգախոսը.

«Հեքիաթ» ճամբար – 2016թ.