Ճեմարանականների «Վերջին զանգ»-ը՝ Ստանիսլավսկու անվան թատրոնում

n13.05.31-01Ավարտվեց հերթական ուսումնական տարին, և Անանիա Շիրակացու անվան ճեմարանում նախատոնական եռուզեռ է: Ճեմարանը քսաներորդ անգամ ինքնուրույն նավարկության է ուղարկում իր սաներին: Այս անգամ նրանք 72-ն են:  «Վերջին զանգ»-ի արարողությունը միշտ տարբերվող է, երբեք նախորդին չնմանվող: Այս անգամ էլ էր այն տարբերվում: Միայն չէր փոխվել տոնակատարության վայրը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն:

 

2013 թվականի մայիսի 26: Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն: Ճեմասրահը մարդաշատ է: Բոլորը տոնականորեն են տրամադրված:

 

Քիչ անց դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: Այստեղ էին ճեմարանականներ, մանկավարժներ և ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր: Պատվավոր հյուրերի շարքում էին ճեմարանը 1993 թվականին ավարտածները, այն պատանիներն ու աղջիկները, ովքեր սկսեցին գրել Շիրակացու ճեմարանի փառապանծ տարեգրությունը:

n13.05.31-03… Դահլիճում քար լռություն է: Բոլորը սպասում են ինչ-որ հրաշքի: Բեմի խորքում տեղադրված էկրանին երևում են կադրեր ճեմարանական կյանքից, դրվագներ դասերից և այլ պարապմունքներից, անգամ սաների հանգստի պահերից:

 

Էկրանին հայտնվում է Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը՝ ճեմարանի անցած ուղու մասին խոսքով: Նրա մտորումները միտված են նաև ապագային: Տնօրենի խոսքն ընդմիջարկվում էր 1993 թվականին տեղի ունեցած առաջին  «Վերջին զանգի»-ի մասին պատմող կադրերով: Ընդամենը 7 րոպեում պարոն Ալիխանյանը հասցրեց խոսել առաջին շրջանավարտների ու այն փիլիսոփայության մասին, որ ի սկզբանե որդեգրել է ճեմարանը, ինչպես նաև այսօրվա այն 72 տղաների և աղջիկների մասին, ում  «նավարկության» են ուղարկում կյանք կոչված օվկիանոսում:

 

n13.05.31-02Հանդիսությունը բացում են ճեմարանի ռոք խմբի անդամները: Նրանցից հետո հանդիսավարները բեմ են հրավիրում ճեմարանի թատերական ստուդիայի ղեկավար Գարիկ Ղազարյանին. նա արդեն քսաներորդ անգամ է վարում ճեմարանի «Վերջին զանգ»-ի արարողությունը:

 

Նա ևս իր հերթին ողջունում է ներկաներին, բարեմաղթանքի խոսքեր ուղղում շրջանավարտներին, ապա բեմ հրավիրում օրվա հերոսներին:

 

… Վեհորեն հնչում է Արամ Խաչատրյանի աշխարհահռչակ վալսը: Շրջանավարտներն իրենց մանկավարժների ուղեկցությամբ բարձրանում են բեմ: Սա էլ է ավանդույթ:

 

Ապա հնչում է ճեմարանի օրհներգը, և ներս է բերվում գիտության ջահը: Այն բերում են ճեմարանի լավագույն աշակերտուհիներ Դիանա Ոսկանյանը և Էվելինա Խանոյանը: Նրանք ջահը փոխանցում են երկրորդ կուրսի սանուհի Քրիստինե Ասլանյանին:

 

n13.05.31-04Ներկաների ծափերի ներքո բեմ է բարձրանում Աշոտ Ալիխանյանը: Մինչ իր ավանդական բարեմաղթանքներին անցնելը ճեմարանի տնօրենը դիմում է դահլիճին՝ խնդրելով ողջունել հանդիսությանը ներկա գտնվող մի հայուհու՝ Գոհար Վարդանյանին՝ լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի այրուն և մարտական ընկերոջը, որի սխրանքի շնորհիվ 1943 թվականին Թեհրանում ձախողվեց Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Ռուզվելտի և Ուինստոն Չերչիլի նկատմամբ մահափորձը՝ նախապատրաստել գերմանական հատուկ ծառայությունների կողմից: Այն ժամանակ այդ հերոս երիտասարդները մոտավորապես նույն տարիքի էին, ինչ այսօրվա շրջանավարտները:

 

Դահլիճը հոտնկայս որոտընդոստ ծափերով ողջունեց Գոհար Վարդանյանին:

 

Ապա տնօրենը շնորհավորեց այս տարվա շրջանավարտ Լիլիթ Գրիգորյանին, ով, ուսանելով Մեծ Բրիտանիայի  «Ատլանտաս» միջազգային քոլեջում, ոսկե մեդալի է արժանացել պատանի քիմիկոսների համաշխարհային օլիմպիադայում՝ առաջինը քոլեջի պատմության մեջ:

 

n13.05.31-05Տնօրենի հայրական բարեմաղթանքներից հետո բեմ բարձրացան միջին դպրոցի սաներն ու կատարեցին պարերի մի շարան: Դա նրանց շնորհավորանքն էր՝ ուղղած ավագ ընկերներին:

 

Ցերեկույթն ավարտվեց ավանդական վալսով: Արդեն իսկ պարահանդեսային զգեստով տղաներն ու աղջիկները կատարում են բոլոր պարահանդեսների թագուհի պարը՝ վալսը: Ներկաները համակ ուշադրությամբ և հուզմունքով ըմբոշխնում են այդ գեղեցիկ տեսարանը: Այդ պահին պարող զույգերից մեկը իջնում է դահլիճ, և օրիորդը պարի է հրավիրում ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանին: Սա էլ է արդեն ավանդույթ դարձել:

 

Պատմություն դարձավ ճեմարանի քսաներորդ հոբելյանական «Վերջին զանգ»-ը…

 

Ազա Գևորգյան 9203 խումբ
Լևոն Ազրոյան

Ճեմարանականների «Վերջին զանգ»-ը՝ Ստանիսլավսկու անվան թատրոնում

Leave a Reply