Գաղափարախոսության իրական վկան

Միջազգային կրթության փորձագետ. Ճեմարանը Միջազգային բակալավրիատի գաղափարախոսության իրական վկան է

Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի կրտսեր դպրոցը 2013 թվականի մայիսի 21-ին ստացավ Միջազգային բակալավրիատի դպրոցի հավաստագրում և դարձավ առաջին IB PYP (International Baccalaureate Primary Years Programme) դպրոցը Հայաստանում:

 

Միջազգային բակալավրիատի կարևորագույն պահանջներից է ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումները. առնվազն երեք տարին մեկ յուրաքանչյուր ուսուցիչ պետք է անցնի ՄԲ-ի կողմից հավաստագրված սեմինար: «Սեմինարներ ներդպրոցական կամ հարևան պետությունների դպրոցների հետ տարվա ընթացքում մի քանի անգամ մենք կազմակերպում ենք,- ասաց կրտսեր դպրոցի PYP համակարգող Աստղիկ Բալայանը,- բայց ուսուցիչների վերապատրաստման և Միջազգային բակալավրիատի հավաստագրված սեմինարները պարտադիր են և կարող են անցկացվել ինչպես առերես (face to face), այնպես էլ օնլայն»:

ib-seminar

Այս տարի Միջազգային բակալավրիատի համաշխարհային գրասենյակի կողմից կրտսեր դպորցի ուսուցիչների համար անցկացվեց հերթական սեմինարը, որը վարում էր կրթության փորձագետ Քեթրին Դալտոնը:

 

«Շատ արդյունավետ սեմինար է, ոչ միայն որ սեմինարավարն է շատ փորձառու և բազմաֆունկցիոնալ և տարբեր ուղղություններով մասնագիտացած, նաև նրանով, որ հասկացությունները միջազգային բակալավրիատի ծրագրերի համար հիմնային դեր ունեն, և հասկացությունների վրա հիմնված ուսուցումը հատկապես կրտսեր դպրոցի համար է շատ էական՝ կոնցեպտուալ կրթություն ապահովելու առումով»,- ասաց Աստղիկ Բալայանը:

 

Միջազգային փորձագետը նույնպես շատ ոգևորված էր թե Հայաստանյան այցով, թե Ճեմարանի՝ ծրագրի իրականացման մշակմամբ ու մեթոդներով, թե սեմինարի ուսուցիչների մասնակցությամբ ու աշխատանքով:

 

«Այս երկու օրերի ընթացքում տեսնելով դպրոցի և մասնագետների աշխատանքը՝ համոզվեցի, որ այն, ինչին դուք ձգտում եք և ինչի համար պայքարում եք, ավելին է, քան կրթությունը»,- ասաց Քեթրին Դալտոնը:

 

Հարցին, թե արդյոք Միջազգային բակալավրիատի մշակած ծրագիրը հնարավոր է ամբողջությամբ ներդնել այնպիսի տարբեր դպրոցներում, որոնք նաև կարևորում են ազգային հենքի վրա կառուցված և իրականացվող կրթությունը, կրթության փորձագետը ասաց. «Ես երբեք որևէ տեղ չեմ դնում միայն ՄԲ-ի պահանջը, ես ամեն ինչ ներկայացնբելուց, նախ և առաջ հարցնում եմ՝ իսկ ինչպես կտեղայնացնեք, ինչպես է ինտեգրվում այս կամ այն հարցը ձեր մոտեցումներին, որովհետև արհեստականորեն ոչ մի տեղ և ոչինչ չի աշխատելու»,- ասաց Քեթրին Դալտոնը:

 

«Եվ այն, ինչ կա այստեղ, ընտանիք է, որը համախմբվել է՝ ստեղծելու մի դպրոց, որը հոգ է տանում իր երկրի և իր սերունդների ապագայի համար: Ճեմարանի օրինակն ու փորձը ՄԲ փիլիսոփայության գործնական իրականությունն է: Եթե միայն բոլոր դպրոցները կարողանային լինել այնպիսին, ինչպիսին ձերն է»,- եզրափակեց փորձագետը:

Գաղափարախոսության իրական վկան