Ճեմարանի խմբավարը` միջազգային փառատոնի մասնակից

Բուլղարիայի Կամչիա քաղաքում ավարտվեց «Միասին 21-րդ դարում» միջազգային ստեղծագործական հանդիպումներ և մրցույթ-փառատոնը:
8-րդ անգամ անցկացվող այդ փառատոնին առաջին անգամ մասնակցում էին նաև Հայաստանի պատվիրակները: Մեր երկրի ստեղծագործական կյանքը ներկայացնելու պատիվը տրվել էր Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիայի Խորհրդի անդամ, Անանիա Շիրակացու անվան ճեմարանի երաժշտական ստուդիայի ղեկավար, խմբավար Նարինե Դավթյանին, պատանի ջութակահար Արայիկ Գասպարյանին և հայ լուսանկարիչների ասոցիացիայի անդամ, լուսանկարիչ Էդգարդ Մարտիրոսյանին:

8
«10 օր տևած փառատոնը հետաքրքիր էր ու նաև ուսանելի, քանի որ այն տարբեր երկրների ներկայացուցիչներին հնարավորություն էր տալիս ոչ միայն ցուցադրելու իրենց երկրի արվեստը, այլև փորձի փոխանակում կատարել արտերկրի գործընկերների հետ, նոր ծանոթներ ձեռք բերել, պայմանավորվել ապագա համագործակցության հեռանկարների մասին»,- Բուլղարիայից վերադառնալուց հետո մեզ հետ զրույցում ասաց Նարինե Դավթյանը:
22-1-7
Բուլղարիայում տեղի ունեցած փառատոնն իր նախապատմությունն ունի: Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիայի և Խուրտովինա հիմնադրամի նախաձեռնությամբ ապրիլի 29-ից մայիսի 2-ը կազմակերպել էր «Խաղաղություն մոլորակին» միջմշակութայնին երգչախմբային նախագիծը: Այդ առթիվ Հայաստան էր հրավիրվել նաև Խորտովինա հիմնադրամի նախագահ Յուստինա Դյուման և Բուլղարիայում անցկացվող «Միասին 21-րդ դարում» փառատոնի գեղարվեստական ղեկավար Նատալյա Բարաբանշիկովան:
«Երգչախմբային համերգներին մասնակցում էր նաև իմ ղեկավարած «Նարեկ» երգչախումբը և համերգից հետո Նատալյա Բարաբանշիկովան մեզ հրավիրեց մասնակցելու մրցույթ-փառատոնին, բայց նյութական սուղ պայմանների պատճառով ես մեկնեցի առանց երգչախմբի: Ի դեպ, վերը հիշատակված պատանի ջութակահար Արայիկ Գասպարյանը իմ որդին է»,- նշեց Նարինե Դավթյանը:

21
«Միասին 21-րդ դարում» փառատոնին մեկ օր նվիրված էր Հայաստանին, որի ընթացքում ցուցադրվեցին «Արտույտների ագարակը» եղեռնի մասին պատմող գեղարվեստական ֆիլմն ու Հայաստանին նվիրված վավերագրական ֆիլմ, որը ներկաներին հնարավորություն տվեց ծանոթանալու մեր երկրի պատմական հուշարձաններին և հոգևոր մշակույթին: «Ի դեպ, բուլղարները որոշակի ջերմությամբ էին վերաբերում հատկապես մեզ` հայերիս և դա շնորհիվ այն բանի, որ եղբայրական այդ երկրում մինչև օրս սիրում են Անդրանիկ զորավարին»,- պատմեց խմբավարը:

18
Բուլղարիայում եղան նաև ստեղծագործական հանդիպումներ, վարպետաց դասեր. «Ես պատիվ ունեցա վարպետության դաս անցկացնել մոլդովական «Ռապսոդիա» երգչախմբի հետ: Սովորեցինք Կոմիտասի «Անձրևն եկավ», «Էսօր ուրբաթ է», «Ջուր կուգա» երգերը: Կոմիտասի ստեղծագործությունները հիացրեցին բոլորին և երգչախմբի անդամներին և պարզապես երաժշտասերներին»,- ասաց նա:

25
Նարինե Դավթյանը Անանիա Շիրակացու անվան ճեմարանում աշխատում է երկու տարուց ավելի. սկզբում` որպես երաժշտության ուսուցչուհի, իսկ 2015 թ.-ից ճեմարանի երաժշտական ստուդիայի ղեկավարն է, ինչպես նաև հիմնադիրն է երկու երգչախմբերի` մանկական և ուսուցչական, որում, ի դեպ մասնակցում են նաև ծնողներ:
Հուսանք, որ հաջորդ անգամ Նարինե Դավթյանը միջազգային փառատոնի կմեկնի ճեմարանի երգչախմբերից մեկի հետ:
Հոդվածը` Լևոն Ազրոյանի

 

Ճեմարանի խմբավարը` միջազգային փառատոնի մասնակից