Ճեմարանի ուսուցիչը հաղթող է ճանաչվել միջազգային մրցույթում

6Անանիա Շիրակացու անվան ճեմարանի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Էլինա Շաքարյանը հաղթող է ճանաչվել Մոսկվայում կայացած «Երկրի ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ» միջազգային մրցույթում:
Մեզ հետ զրույցում Էլինա Շաքարյանը պատմեց, որ մրցույթը կազմակերպել էր «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային կազմակերպությունը: Մասնակիցների թվում են եղել ԱՊՀ-ն, Բալթյան երկրները, Եվրոպան, Ասիան, Աֆրիկան, Ամերիկան ներկայացնող 60 երկրների 600 ուսուցիչներ: Արդեն երրորդ անգամ անցկացվող մրցույթի նպատակն է նպաստել արտասահմանյան երկրներում աշխատող ռուսաց լեզվի ուսուցիչների մասնագիտական որակավորման բարձրացմանը, փորձի փոխանակմանը, Ռուսաստանում և արտերկրում ապրող մասնագետների միջև կապերի ամրապնդմանը:

 

4Մրցույթն անցկացվել է երկու փուլով` հեռակա և առկա: Առաջին փուլում մասնակիցները ներկայացրել են ռուսաց լեզվի առանձին բաժիններին վերաբերող իրենց թեստերը և ստեղծագործական առաջադրանքները: Մասնակիցներին ներկայացվել են ռուս դասական գրողների, գիտության, մշակույթի և այլ բնագավառների համաշխարհային մեծերի ասույթները, որոնց հիման վրա պետք է գրվեր գրական մի ստեղծագործություն` էսսե:

 

«Ես ընտրել էի Մաքսիմ Գորկու «Այն ամենի համար, ինչին ես հասել եմ, պարտական եմ գրքին» ասույթը,-նշեց Էլինա Շաքարյանը: – Ես շատ եմ սիրում այդ հեղինակին և կարծում էի, որ կկարողանամ լավ ներկայացնել նրան: Պարզվում է, որ ստացվեց: Այդ աշխատանքները մասնագետները մանրակրկիտ ուսումնասիրեցին, և 15 առավել լավ գործերի հեղինակների շնորհվեցին հաղթողի դիպլոմներ: Այդ 15 հոգու շարքում, ի թիվս ԱՊՀ երկրները, Բուլղարիան, Կիպրոսը, 1Հնդկաստանը, Ավստրիան, Իսպանիան, Վիետնամը, Չինաստանը, Խորվաթիան ներկայացնող մասնակիցների, տրվեց նաև իմ անունը: Ես հպարտ եմ, որ ըստ արժանավույն ներկայացրի ոչ միայն հարազատ ճեմարանը, այլ` Հայաստանը»:Երկրորդ փուլում մրցույթի մասնակիցներից յուրաքանչյուրին տրվել է վեց րոպե, որի ընթացքում նա պետք նախ ներկայացներ իրեն, իր դպրոցը, ապա յուրօրինակ բաց դաս անցկացներ: Այս մրցույթում ևս մեր ուսուցչին մրցանակ է շնորհվել՝ «Ոսկեղենիկ ռուսերեն» անվանակարգում հաղթողի դիպլոմ:

 

Էլինա Շաքարյանը երկրորդ անգամ է նման մրցույթում փայլում իր գիտելիքներով ու մասնագիտական որակներով, լավագույնս ներկայացնում Շիրակացու անվան ճեմարանը: 2013 թվականին Էլինա Շաքարյանը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հայաստանյան ներկայացուցչության կազմակերպած նման մի մրցույթում արժանացել էր «Հայաստանի ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ» կոչման:

 

Լևոն Ազրոյան

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Ճեմարանի ուսուցիչը հաղթող է ճանաչվել միջազգային մրցույթում