Ճեմարանի պատվիրակությունը Հաագայում մասնակցեց ՄԲ համաժողովներին

6Ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը, ավագ դպրոցի տնօրեն Զարուհի Ղալթախչյանը և  Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրի համակարգող Աննա Ստեփանյանը  հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 2-ը գտնվում էին Հաագայում,  որտեղ մի քանի շատ կարևոր հանդիպումներ են ունեցել: Այցի մանրամասների վերաբերյալ զրուցեցինք ավագ դպրոցի տնօրեն Զարուհի Ղալթախչյանի հետ:

 

-Ո՞րն էր Հաագա այցի նպատակը, տիկի՛ն  Զարուհի:

 

– Հաագայում Միջազգային բակալավրիատի գրասենյակը կազմակերպել էր միաժամանակ երկու համաժողով. մեկը Միջազգային բակլավրիատի տարածաշրջանային տարեկան համաժողովն էր, որի նպատակն էր ՄԲ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող ամենատարբեր խնդիրների շուրջ դասախոսություններ, քննարկումներ, փորձի փոխանակում կազմակերպելը ՄԲ կրթության տարբեր մասնագետների և առարկայական ուսուցիչների համար: Դասախոսությունները կարդում էին ՄԲ գրասենյակի աշխատակիցներ, ՄԲ կրթության հայտնի մասնագետներ, ինչպիսիք էին Պասի Սալբերգը, Դևիդ Պերկինսը և ուրիշներ: Այս համաժողովին մասնակցեց հիմնականում տիկին Աննան: Ես և պարոն Ալիխանյանը մասնակցեցինք մյուս՝ ՄԲ ղեկավարների համաժողովին: Համաժողովներից յուրաքանչյուրն ուներ իր ծրագիրը:

 

-Բազմամա՞րդ էին համաժողովները:

 

-Այո՛, օրերն անցնում էին շատ հագեցած. ունեինք պլենար նիստեր և փոքր սեմինարներ՝ միաժամանակ հինգ տարբեր թեմաներով: Ընթացքում հասցրեցինք նաև մի քանի կարևոր հանդիպումներ ունենալ: Դրանցից մեկը`Էդիթ Վան դեր Լինդենի հետ հանդիպումն էր:  Նա է եղել ճեմարանի  ՄԲ խորհրդատուն հավաստագրման ողջ ընթացքում: Հանդիպումն անցավ շատ արդյունավետ, քանի որ ճեմարանի ՄԲ ՄԴԾ համակարգող Մանե Գևորգյանի խնդրանքով բարձրացրեցինք ՄԴԾ իրականացմանը վերաբերող խնդիրներ և ստացանք սպառիչ պատասխաններ:

 

11Համաժողովում ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, մտածված էր յուրաքանչյուր մանրուք:

 

Համաժողովի ողջ ընթացքում գործում էր ՄԲ ծրագրի իրականացմանը վերաբերող ամենատարբեր նյութերի, ժողովածուների, դասագրքերի, ձեռնարկների հրատարակմամբ զբաղվող ընկերությունների ցուցահանդեսը: Այն մեզ հնարավորություն ընձեռեց ծանոթանալ տարբեր հրատարակչությունների հետ, ստեղծել նոր կապեր, տեղեկանալ ոլորտի նորություններին, ինչպես նաև որպես նվեր ստանալ որոշ դասագրքեր: ՄԲ դասագրքերը բավականին թանկարժեք են, և բոլոր հրատարակություններից գոնե մեկ օրինակ գրադարանում ունենալը շատ կարևոր է, բայց մեծ շռայլություն է: Բոլորս իսկապես ուրախացել էինք այս հնարավորության համար, քանի որ վերջիններս մեր ուսուցիչների համար բավական օգտակար կլինեն:

 

Պետք է նշեմ նաև, որ ստեղծված նոր կապերի շնորհիվ՝ ձեռք բերեցինք անվճար մուտքի հնարավորություն տարբեր հրատարակչությունների դասագրքերի էլեկտրոնային տարբերակների համար:

 

-Կարծում եմ՝ համաժողովը նաև նոր հարաբերություններ, կապեր հաստատելու լավ հնարավորություն էր:

 

3-Այո, մենք ավելի ամրացրեցինք մեր առկա կապերը և ձեռք բերեցինք նորերը: Այնտեղ  տարբեր ասոցիացիաների նիստեր էին նախատեսված, որոնցից մեկին` ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի նիստին, ես և տիկին Աննան ևս կարողացանք ներկա լինել: Նրան մասնակցում էր նաև Աֆրիկայի, Եվրոպայի և Միջին Արևելքի տարածաշրջանի տնօրեն Ադրիան Կերնին, որի հետ ծանոթությունը և շփումը մեզ համար մեծ փորձ էր: Վառ օրինակով տեսանք, թե ինչպես պետք է նոր և հետաքրքիր գաղափարներ ու առաջարկներ ներկայացնել ՄԲ գրասենյակ: Իհարկե, այդ ընթացակարգերը մանրամասն նկարագրված են համապատսխան փաստաթղթերում, բայց երբ մեկ անգամ ներկա ես լինում և տեսնում, թե դա ինչպես է արվում, ապա տվյալ գաղափարի ներկայացման և հետագայում այն իրագործելու հնարավորությունը ստանալու ողջ գործընթացի կառուցվածքն ավելի լավ ես պատկերացնում:

 

-Ո՞րն էր Հաագա այցի ամենատպավորիչ պահը:

 

Շատ մեծ ու լուսավոր էր ՄԲ գրասենյակը, որտեղ չկան սահմաններ ու պատեր: Կար մեծ աշխատանքային գոտի և փոքր առանձնասենյակներ` հագեցած տարբեր տեխնիկական հնարավորություններով: Բոլորն աշխատում են կողք կողքի, համատեղ: Բնականաբար, իմ առաջին հարցը եղավ՝ արդյոք աղմուկ չի առաջանում, բայց պարզվում է, որ բոլորն այնքան զբաղված են իրենց աշխատանքային անկյուններում, որ միմյանց հետ չեն խոսում. երբ կարիք է առաջանում խոսել կամ քննարկել որևէ հարց, նրանք անմիջապես հայացքով տեղեկացնում են միմյանց և տեղափոխվում փոքր աշխատասենյակ` ավելի փոքր աշխատանքային խմբով լուծումներ փնտրելու համար: 2Ղեկավարների աշխատասեղանները նույնպես ընդհանուր աշխատանքային գոտում են. տեսանք նաև այն բոլոր մարդկանց աշխատանքային անկյուններն ու համակարգիչները, որտեղից ստանում ենք տարբեր նամակներ. Կատրին Ֆոքս, Մարելին Շերման: Նույնիսկ Աֆրիկայի, Եվրոպայի և Միջին Արևելքի տարածաշրջանի տնօրեն Ադրիան Կերնին ուներ իր աշխատանքային անկյունը  ընդհանուր գոտում: Շատ հետաքրքիր էր, որ ՄԲ գրասենյակի բոլոր սենյակներն անվանակոչված են այն երկրների և դպրոցների անուններով, որտեղ բացվել են ՄԲ առաջին դպրոցները: Մեծապես կարևորված է ծրագրի տարածման պատմությունը: Առիթից օգտվելով` մենք հարցադրումներ բարձրացրեցինք Հայաստանում ՄԲ ճանաչման, ինչպես նաև ծրագրի և գաղափարախոսության տարածման հարցերի վերաբերյալ: Քննարկեցինք կոնկրետ քայլեր և ձեռք բերեցինք պայմանավորվածություններ:

 

-Կնշե՞ք օրինակներ, որ Ձեզ համար առանձնացրել եք համաժողովի ընթացքում և ցանկանում եք կիրառել:

 

-Մասնակցեցի մի հետաքրքիր սեմինարի, որի թեման էր դպրոցի մթնոլորտի բարելավումը: Ես հասկացա, որ այս մասով մենք շատ առաջադեմ ենք, բայց սեմինարը մի երկու լավ գաղափար ինձ տվեց, որոնք, կարծում եմ, անպայման կիրագործեմ:

 

7-Այս հանդիպումները ևս մեկ առիթ էին վերագնահատելու Միջազգային բակալավրիատի ծրագիրը: Ձեզ համար որո՞նք են նրա գլխավոր առավելությունները:

 

-Գլխավոր առավելությունները ես տեսնում եմ սովորելու և սովորեցնելու մոտեցումներում: Մեկ կարևոր գաղափար ևս… Այսօր մենք՝ կրթության մասնագետներս, ուսուցման գործընթացը կազմակերպում և իրականացնում ենք այն սերնդի համար, որն ապրելու է մի կյանքում, որի մասին մենք կարող ենք միայն երևակայել, հետևաբար անհրաժեշտ է սովորողի մեջ ձևավորել այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք նա կիրառելու է հենց այդ կյանքում: Այդ առումով ՄԲ կարևորում է կրթության ընթացքում համաշխարհային խնդիրների վերլուծությունը` բոլոր առարկաների շրջանակներում, որը հնարավորինս կմոտեցնի սովորողին «երևակայելի» ժամանակահատվածի իրադարձություններին և կձևավորի գիտելիքներ ու հմտություններ այդ աշխարհում արդյունավետ ապրելու և ստեղծագործելու համար:

 

Տաթև Մադաթյան

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Ճեմարանի պատվիրակությունը Հաագայում մասնակցեց ՄԲ համաժողովներին