Ճեմարանի ֆիզիկայի ուսուցչի ղեկավարած նախագիծը՝ «ANSEF-2017»-ի հատուկ մրցանակակիր

ansef 2017Հայաստանում աշխատող 30 գիտական խմբեր 2017թ. կստանան Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամի (ՀԱԳԿՀ, Armenian National Science and Education Fund – ANSEF) դրամաշնորհներ:
Ճեմարանի դիպլոմային ծրագրի ֆիզիկայի ուսուցիչ, ֆ.գ.թ. Վահան Հովհաննիսյանի կողմից ղեկավարվող «Սպինային ցանցային համակարգերի թերմոդինամիկան և փուլային  անցումները» նախագիծը նույնպես արժանացել է դրամաշնորհի և նոմինացվել Գ. Ասկարյանի հատուկ մրցանակի:

 

Այսպիսով, Հայաստանում աշխատող 30 գիտական խմբեր կստանան «ANSEF-2017»-ի դրամաշնորհներ. ներկայացված 206 հայտերից հաղթողներն ընտրվել են ՀԱԳԿՀ հանձնաժողովի կողմից՝ 22 անկախ գրախոսողների կարծիքների հիման վրա՝ յուրաքանչյուրը՝ 5000-ական ԱՄՆ դոլարի չափով:
ՀԱԳԿՀ հիմնադրվել է 2000թ. ԱՄՆ հայ մտավորականների կողմից, գործում է Հայ օգնության հիմնադրամի (ՀՕՖ) շրջանակներում և սկսած 2001թ. տարեկան 25-ական դրամաշնորհ է տրամադրում Հայաստանում աշխատող գիտական խմբերին (2014-ին` 31, 2015-ին՝ 30, 2016-ին՝ 32)։ Մինչ օրս ՀԱԳԿՀ տրամադրել է 419 դրամաշնորհ, որոնցից օգտվել է շուրջ 700 հայ գիտնական, այդ թվում` բազմաթիվ երիտասարդ գիտաշխատողներ։
Դրամաշնորհներն օգտագործվում են աշխատավարձերի, սարքավորման ձեռքբերման, գործուղումների և գիտական գործունեությունն ապահովող այլ ծախսերի համար: ՀԱԳԿՀ դրամաշնորհների արդյունքում զգալիորեն ակտիվացել է գիտական խմբերի գործունեությունը. ստացվել են բազմաթիվ նոր արդյունքներ, տպագրվել են հարյուրավոր նոր գիտական հոդվածներ, հաստատվել են նոր համագործակցություններ:
Հիմնադրամի համացանցային կայքէջն է՝ http://www.ansef.org/

Ճեմարանի ֆիզիկայի ուսուցչի ղեկավարած նախագիծը՝ «ANSEF-2017»-ի հատուկ մրցանակակիր