Մեկնարկեց «Շիրակացու օրեր» փառատոնը

5Ճեմարանում մեկնարկեց «Շիրակացու օրեր» 23-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի հիշատակին:

 

Փառատոնի բացման արարողությանը ներկա էին ճեմարանի սաներ, մանկավարժներ և ուսուցիչներ, հյուրեր…

 

Այս անգամ հանդիսությունը վարելու պատիվը վերապահված էր 1252 խմբի սաներ Էրիկ Անանյանին և Անի Բարսեղյանին:

 

Ինչպես ճիշտ նկատեցին հանդիսավարները, ճեմարանականները ոգևորությամբ և խանդավառությամբ են ապասում այս ավանդական փառատոնին, քանզի յուրաքանչյուր փառատոն դառնում է կրթօջախի որակական նոր աստիճանի վկայություն: Բացառություն չէ նաև այս տարվա ծրագիրը, որում ընդգրկված են բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ:

 

16Ճեմարանի «Ռաունդ Սքուեր» խորհրդի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու Նարինե Քսաջիկյանը, ներկայացնելով անցած ուսումնական տարում ճեմարանականների հաջողությունները, հույս հայտնեց, որ սաները, ինչպես միշտ, այս անգամ էլ չեն սահմանափակվի ձեռք բերածով և կձգտեն նորանոր բարձունքների:

 

Նարինե Քսաջիկյանը պատվոգրեր, շնորհակալագրեր, հավաստագրեր հանձնեց ճեմարանի այն սաներին, ովքեր զանազան օլիմպիադաներում և մրցույթներում բարձր են պահել հարազատ կրթօջախի պատիվը, ինչպես նաև մի շարք աշխատակիցների: Պատվոգրերի արժանացան նաև Հայաստանի այն դպրոցների սաները, ովքեր հաղթող են ճանաչվել «Կանաչ մոլորակ» միջազգային մրցույթում:

 

12Եղիշե Չարենցի հիշատակին նվիրված փառատոնի ողջ ընթացքում հանդիսությունների դահլիճում տիրում էր չարենցյան շունչ. բեմում ճեմարանականների կատարմամբ հնչում էին գրողի գլուխգործոցները:

 

Առաջին անգամ բեմում էր ճեմարանի մանկական երգչախումբը: Փոքրիիկ սաներն ուսուցչուհի Նարինե Դավթյանի ղեկավարությամբ պատրաստել էին «Երկիր հայրենի» երգը: Երեխաներից ետ չեն մնում նաև ճեմարանի ուսուցիչները: Պարզվում է, որ նրանք էլ երգչախումբ ունեն. ուսուցիչների առաջին բեմելը նույնպես արժանացավ ջերմ ընդունելության:

 

Փառատոնի մեկնարկի հանդիսավոր արարողության ավարտին ողջ դահլիճը պարում էր՝ ուս-ուսի տված. ճեմարանական աշխատակիցների ելույթը վարակեց բոլորին: Մշո և Կարնո «Քոչարի»-ն, «Ծաղկաձորի»-ն շուրջպարի մեջ առան ճեմարանականներին…

 

ՖՈՏՈՇԱՐՔ –>

Մեկնարկեց «Շիրակացու օրեր» փառատոնը