Մեկնարկում է 16-րդ «Նռան հատիկը»

Հոկտեմբերի 31-ին ժամը 11:00 տեղի կունենա «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 16-րդ փառատոնի պաշտոնական բացումը Անանիա Շիրակացու անվան ճեմարանի հանդիսությունների դահլիճում:

«Նռան հատիկ» փառատոնն անցկացվում է 16-րդ անգամ, կազմակերպիչներն են «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիան, Ավ. Իսահակյանի կենտրոնական գրադարանը և Անանիա Շիրակացու անվան ճեմարանը:

Այս տարի փառատոնը նվիրվում է ՀՀ Անկախության 25 ամյակին և ընդգրկում է 23 թատերախումբ Հայաստանի տարբեր մարզերից և ԼՂՀ-ից, որոնցից 4-ն առաջին անգամ են մասնակցում փառատոնին:

«Նռան հատիկը» շարունակվում է… Ուրախալի է, որ տարեց տարի ընդլայնվում է փառատոնի աշխարհագրությունը և նոր թատերախմբեր են գալիս մասնակցելու այս պայծառ թատերական տոնին. տոն, որը միշտ մեզ հետ է…»,- ասում է «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիայի նախագահ, Ճեմարանի թատերական ստուդիայի ղեկավար Գարիկ Ղազարյանը:

Կարևորելով թատերական կրթության զարգացման հիմնահարցերը, դրամատուրգ Գարիկ Ղազարյանը նպատակ ունի թատրոն առարկան ընդգրկել դպրոցական ծրագրերում: Ի դեպ, առարկան արդեն 26 տարի է՝ դասավանդվում է Անանիա Շիրակացու անվան ճեմարանում:
Ճեմարանի թատերախումբն արդեն 26 տարեկան է, Մոսկվայի «Կանաչ մոլորակ» միջազգային մրցույթի քառակի դափնեկիր, և փառատոնին հանդես կգա Ա. Օստրովսկու «Ամպրոպ» դրամայով:

Փառատոնի մասնակիցները ներկայացումներով հանդես կգան չորս տարբեր բեմահարթակներում՝ Ճեմարանի դահլիճ, Զեյթուն մշակույթի տուն, Արմեն Տիգրանյան երաժշտական դպրոց և Երևանի թիվ 5 մշակույթի կենտրոն:

Փառատոնի բացումը կազդարարի Աշտարակի Պ.Պռոշյանի անվան հիմն. Դպրոցի «Պերճիկ» թ/խ-ը «Մեր դարավոր երազանքը» ներկայացմամբ:

«Սիրեցեք թատրոնը… Սիրեցեք ու պահպանեք «Նռան հատիկը», որը տոն է հանրապետության բոլոր թատերասերների և երեխաների համար»,- ասում է «Նախաբեմ» ասոցիացիայի պատվավոր նախագահ Երվանդ Մանարյանը:

Մեկնարկում է 16-րդ «Նռան հատիկը»