Միավորվենք՝ բոցավառելու ներքին կրակը

Սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 7-ը Ճեմարանական պատվիրակությունը՝ ի դեմս տնօրեն Աշոտ Ալիխանյանի, ՌՍ ներկայացուցիչ Անի Եղիազարյանի և 5 սաների՝ Միքայել Զուրնաչյան, Մերի Սամսոնյան, Վահե Խաչատրյան, Վերոնիկա Պողոսյան, Արամ Խանլարի, մեկնեց Հարավաֆրիկյան Հանրապետություն մասնակցելու տարվա գլխավոր իրադարձությանը՝ Ռաունդ Սքվեր 2017 միջազգային համաժողովին:

 

Նախքան համաժողովի մեկնարկը Քեյփ Թաունում, պատվիրակությունը Յոհանեսբուրգ քաղաքում մասնակցեց նախակոնֆերանսյան շրջագայության, որը կազմակերպել էր Ռաունդ Սքվեր անդամ Դայնֆերն դպրոցը:

 

Նախակոնֆերանսյան շրջագայության ավարտը և համաժողովի սկիզբը ազդարարվեց սեպտեմբերի 30-ին, երբ Յոհանեսբուրգից ինքնաթիռը վայրէջք կատարեց Քեյփ Թաուն քաղաքում:

 

Համաժողովը կազմակերպել էին աֆրիկյան մայրցամաքի Ռաունդ Սքվեր անդամ երեք դպրոցներ միաժամանակ՝ հետաքրքիր, բազմազան ու հագեցած առօրյայով, ուսանելի ու տարբերվող միջոցառումներով՝ մեկ հարկի տակ հավաքված 47 տարբեր երկրներից ժամանած 1127 պատվիրակների համար:

 

Համաժողովի բացումն այս տարի ազդարարեց Ձերդ Գերազանցություն Կոնստանտին 2-րդ թագավորը. «Տարբեր երկրներից և մշակույթներից այստեղ հավաքված աշակերտները եկել են իրարից և իրար հետ սովորելու, գաղափարներ փոխանակելու և ընկերանալու, ինչը և եղել է Ռաունդ Սքվերի գլխավոր նպատակը հիմնադրամն հենց սկզբից»:

 

Բացման հանդիսավոր արարողությունից հետո աշակերտական պատվիրակները բաժանվեցին խմբերի և մասնակցեցին Amazing Race կոչվող գործընթացների Քեյփ Թաունի Waterfront տարածքում՝ դիմագրավելու առաջարկվող մարտահրավերներին և սովորելու լուծել խնդիրներ՝ բացահայտելով իրենց ներուժն ու պատրաստ լինելու առաջ շարժվել դեպի հաջորդ բարձրակետ: Այս ուսանելի «որսը» խրախուսում է սաներին ճիշտ և արդյունավետ աշխատելու թիմերում և զարգացնելու խնդիրներ լուծելու և հաղորդակցման հմտությունները:

 

«Ես իմացա, որ ես բավականին վստահ եմ: Ես ազատորեն արտահայտում եմ իմ կարծիքը: Ես սովորում եմ, որ միշտ պետք է օգտվել այն հնարավորություններից, որոնք տրվում են»,- ասում է Միքայել Զուրնաչյանը:

 

«Համաժողովի ընթացքում մենք ավելի մտերմացանք, քանի որ մենք միմյանց ճանաչեցինք ավելի մոտիկից, և կարողացանք հասկանալ մեր ուժեղ և թույլ կողմերը, որոնք և ամենակարևորն են  հաջողության հասնելու համար և քաղելու առավելագույնը ամեն տրված հնարավորությունից»,- ասում է Մերի Սամսոնյանը:

 

Մինչդեռ ուսանողական պատվիրակները զբաղված էին հատուկ իրենց համար կազմակերպված ծրագրով, մեծահասակ պատվիրակները մասնակցեցին սեմինարների, լավագույն փորձի փոխանակման համաժողովների և շնորհանդեսների, տարածաշրջանային հանդիպումների և ՌՍ ամենամյա ֆորումին:

 

Համընդհանուր միջմշակութային թիմային աշխատանքի եւ հաղորդակցման հմտությունների զարգացման եւ իրականացման հնարավորությունները մեխն են յուրաքանչյուր ՌՍ համաժողովի, եւ RSIC2017-ը բացառություն չէր:

 

Բարազաները ՌՍ-ում

Ուսանողները եւ մեծահասակները բաժանվեցին «Բարազայի» խմբերի, յուրաքանչյուր խմբում ունենալով որևէ մշակութային խորհրդանիշ եւ անվանում, որոնք ուղղորդվում էին հյուրընկյալ դպրոցներից մեկի աշակետների կողմից:

 

«Բարազան» ՌՍ կողմից ընդունված տերմին է, որը բնութագրում է այն գործընթացը, որը դառնում է հարթակ միջմշակութային խաչմերուկների և տարբեր երկրներ ներկայացնող պատվիրակների համար. «Բարազա» բառը աֆրիկյան հին բառ է, որը նշանակում է «տարբեր մարդկանց մեկտեղումը»:

 

Արկածային օր/ Adventure Day

Արկածային օրերը համախմբում էին ինչպես աշակերտներին, այնպես էլ մեծահասակներին՝ թիմերով հաղթահարելու բոլոր դժվարությունները և միաժամանակ հնարավորություն էին ընձեռում տեսնել այն ամենը, ինչ Քեյփթաունը կարող էր առաջարկել: Պատվիրակները հնարավորություն ունեցան մասնակցելու լեռնային հեծանվավազքին, քայաքինգին, արշավներին և պինգվինների հետ հանդիպմանը:

 

Ծառայության օր/ Service Day

Ծառայության օրերը պատվիրակներին հնարավորություն տվեցին վերադառնալ Քեյփ Թաունի տեղական համայնք եւ զբաղեցնել միտքն ու մարմինը` ի նպաստ հանօգուտ աշխատանքի:  Ծառայության օրերը իրականում ծանր աշխատանքի և լավ զվարճանքի խառնուրդ է, եթե թիմային է ու լավ կազմակերպված:

 

Պատվիրակները այցելեցին տեղական համայնքներ, աշխատելու խոհանոցներում, կամավորական աշխատանքներ անելու կրթական կենտրոններում, զբաղվելու այգեգործությամբ և իհարկե շփվելու և խաղալու երեխաների հետ:

 

«Այն ինչ տվեց մեզ ծառայության օրը, միաժամանակ և մարտահրավեր էր և աչքերը բացելու» հրաշալի փորձ»,- ասաց Միքայել Զուրնաչյանը:

 

«Այս համաժողովին մասնակցությունն ինձ ավելի համամարդկային քաղաքացի դարձրեց: Այն խրախուսում է ինձ միշտ ծառայել ուրիշներին եւ աշխատել, որպեսզի օգնեմ մարդկանց բարելավելու նրանց կյանքը իմ հնարավորությունների սահմանում»,- ասում է Արամ Խանլարին:

 

Երեք հյուրընկալող դպրոցներում միաժամանակ անցկացվող «Մշակութային երեկո» մշակույթների առանձնահատկությունների ներկայացման և տաղանդների բացահատման լավագույն հանդիսությունն էր:

 

ՌՍ տարբեր տարածաշրջաններ ներկայացնող պատվիրակների խմբերի ելույթները էլ ավելի ակնառու դարձրին ընդհանուր համաշխարհային ցանցի միջմշակութային բազմազանությունը, յուրաքանաչյուր ժողովրդի մշակութային ժառանգությունը երգի, պարերի և ռիթմի համատեքստում:

 

Ինչ տվեց համաժողովը

 

«Այս կոնֆերանսի ներկայացուցիչներից յուրաքանչյուրը մեծապես աճեց, ձեռք բերելով հնարավորություն հաղորդակցվելու, կապեր հաստատելու  աշխարհի բոլոր ծայրերից այստեղ ժամանած մարդկանց հետ և խոսելու տարբեր մշակույթների ու առանձնահատկությունների մասին, որոնք հատուկ են իրենց»,- ասաց Դայնֆերն դպրոցի ՌՍ ներկայացուցիչ Սոնյա Քրիսչիանը:

 

Պետք է նորից ու նորից կրկնենք, որ սա կյանք փոխող փորձ էր, կենսափորձ, որ լայն հնարավորություններ է բացում մեր առաջ և նոր ուղիներ ձգտելու ու հասնելու այն կատարելությանը, որին ձգտում է մեզնից յուրաքանչյուրը յուրովի:

Միավորվենք՝ բոցավառելու ներքին կրակը