Միջազգային կրթական համաժողովին ընդառաջ

Փետրվարի 13-ից 16-ը Միջազգային բակալավրիատի ԱՊՀ երկրների 11-րդ տարեկան համաժողովի անցկացման շրջանակում Շիրակացու անվան Ճեմարանը հյուրընկալ է Միջազգային բակալավրիատի ԱՊՀ երկրների ասոցիացիայի գործադիր տնօրեն Նատալյա Բարինովային:

 

Հայաստան այցի նպատակն է քննարկել սույն թվականի ապրիլ ամսին կայանալիք միջազգային լայնամասշտաբ համաժողովի կազմակերպչական և թեմատիկ հարցերը:

barinova_2-min

2017թ. ապրիլի 20-ից 22-ը Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում կանցկացվի Միջազգային բակալավրիատի ԱՊՀ երկրների 11-րդ տարեկան համաժողովը:
Միջազգային կրթական համաժողովի շրջանակներում Հայաստան կայցելեն ավելի քան 200 պատվիրակներ Ռուսաստանից (Մոսկվա, Սիբիր, Ուրալ, Կալինինգրադ, Սանկ-Պետերբուրգ և այլն), Ղազախստանից և Հայաստանից, այդ թվում՝ պետական և մասնավոր կրթական հաստատությունների, բարձրագույն ուսումնական կառույցների ղեկավարներ, ՄԲ միջազգային դպրոցների համակարգողներ, մանկավարժներ, հոգեբաններ, պետական կառույցների և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև ՄԲ պաշտոնական ներկայացուցիչներ և այլ միջազգային կրթական կառույցների պատվիրակներ:
Համաժողովի շրջանակներում կքննարկվեն կրթության արդյունավետ համագործակցության ուղղությունները աշխարհում, ինչպես նաև նոր մանկավարժական մեթոդաբանության և միջազգային կրթական չափանիշների՝ կրթական հաստատություններում ներդնելու հնարավորությունները:
Համաժողովի ընթացքում հնարավորություն կընձեռվի ծանոթանալ Միջազգային բակալավրիատի ծրագրի առանձնահատկություններին, ինչպես նաև մասնակցություն ունենալ կարևոր, հետաքրքիր, բազմաշերտ սեկցիաների, սեմինարների և կլոր սեղանների:
Ասոցիացիայի գործադիր տնօրենն ու կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը արդեն հասցրել են հանդիպել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, պատասխանել համաժողովի հետ կապված նրանց հարցերին:

barinova_3-min

Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը Հայաստանի միակ կրթահամալիրն է, որի բոլոր երեք՝ տարրական, միջին և ավագ դպրոցները հավաստագրված են համապատասխանաբար Միջազգային բակալավրիատի՝ Primary Years Programme, Middle Years Programme և Diploma Programme ծրագրերով:
Հիշեցնենք, որ Ժնևում 1968 թ-ին հիմնադրված միջազգային բակալավրիատի համակարգը այսօր արդեն ներառում է 3668 դպրոց 150 երկրում և իրավացիորեն միջազգային ճանաչում ունեցող հանրակրթական ամենահայտնի համակարգն է, որի ավարտական վկայականը հնարավորություն է տալիս առանց լրացուցիչ քննությունների ընդունվելու աշխարհի մի շարք առաջատար համալսարաններ։

Միջազգային կրթական համաժողովին ընդառաջ