Միջին դպրոցի սաներին ներկայացվեց ՄԲ Դիպլոմային ծրագիրը

27-11-15

1Միջին դպրոցի սաների հետ այսօր հանդիպում ունեցավ Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագրի համակարգող Աննա Ստեփանյանը՝ նրանց ներկայացնելով ԴԾ գաղափարը, կառուցվածքը, առավելությունները, ինչպես նաև պատասխանելով սաների հարցերին: Հանդիպման սկզբում տեղի ունեցած հարցուպատասխանից պարզ դարձավ, որ 8-9-րդ դասարանցիներն արդեն իսկ որոշ պատկերացում ունեին ծրագրի մասին, և մեծ հետաքրքրութամբ լսեցին այն բոլոր մանրամասները, որ ներկայացրեց տիկին Աննան:

 

Վերջինս պատմեց, որ հենց Դիպլոմային ծրագրով է սկիզբ առել Միջազգային բակալավրիատը, և որ այսօր այն մեծ ճանաչում ու ընդունելություն ունի աշխարհի լավագույն բուհերում: Շուրջ 2700 բուհեր՝ ողջ աշխարհից, այնքան են վստահում ՄԲ Դիպլոմային ծրագրի արդյունքներին, որ նրա շրջանավարտներին հնարավորություն են տալիս առանց ընդունելության քննությունների շարունակել բարձրագույն կրթությունը: 5ԴԾ համակարգողը ներկայացրեց անգլերենով դասավանդվող ծրագրի շրջանակում ուսումնասիրվող առարկայական խմբերը, ինչպես նաև ծրագրի հիմքում դրված պահանջները, անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքները: Տիկին Աննան իր ներկայացման մեջ Դիպլոմային ծրագիրը համեմատեց հայկական ծիրանի հետ, որի կորիզում՝ հիմքում, ԴԾ գլխավոր առավելություններն են. ծրագիրը զարգացնում է սովորողների քննադատական-վերլուծական միտքը, ինքնուրույն հետազոտական աշխատանքներ իրականացնելու և դրանց մասին գրելու կարողությունը, մղում ստեղծագործական աշխատանքի, հանրային ակտիվ գործունեության:

 

Սաների հարցերը բազմազան էին. վերաբերում էին դասավանդվող առարկաներին, դասագրքերին, ԴԾ-ն ընդունող բուհերի ցանկին, գնահատման կարգին, ծրագրի ժամկետներին և այլ մանրամասների, որոնց բոլորին տրվեցին սպառիչ պատասխաններ:

 

ՖՈՏՈՇԱՐՔ —>

Միջին դպրոցի սաներին ներկայացվեց ՄԲ Դիպլոմային ծրագիրը