Պատմություն ծառի ու ծովի մասին

29-11-17

Կար-չկար մի ծառ կար: Աճում էր հեռու-հեռավոր անտառում: Շրջապատված էր ծառերով, ծաղիկներով ու բազմազան թփերով: Ծառը սիրում էր արևը. սիրում էր արևի ճառագայթները իր ողջ էությամբ,  իր արմատներով ու ճյուղերով: Իսկ տերևներն այնքան փարթամ, այնքան գեղեցիկ էին, ասես արհեստական լինեին: Երբ անձրև էր գալիս, կաթիլներն այնքան մեղմորեն ու զգուշությամբ էին հպվում տերևներին, որ հանկարծ ու հանկարծ չվնասեին: Անձրևաջուրը անցնում էր ծառի արմատների մինչև խորքը և սնում: Իսկ արևի բացվելուն պես տերևներն այնպես էին փայլում, ասես ադամանդի հատիկներ լինեին: Անցնում էին օրերը, և ծառը հզորանում էր ու հզորանում. ճյուղերն այնպես էին տարածվում, տերևներն այնպես էին փարթամանում, որ մնացած ծառ ու ծաղիկը կորցրել էր իր գեղեցկությունն ու տեսքը:

 

Օրերից մի օր, զբոսաշրջիկների մի խումբ էր եկել անտառ: Այնքան էին հոգնել, որ որոշեցին մի հով տեղ նստել ու հանգստանալ: Արդեն մութն ընկնում էր, և նրանցից մեկն առաջարկեց կրակ վառել, որ չմրսեն գիշերը: Գնաց, փնտրեց շրջակայքում և վերադարձավ առանց փայտի: Որոշեցին ծառի ճյուղերից կտրել և խարույկ վառել: Սակայն վերջիններս այնքան ամուր էին, որ զբոսաշրջիկներից մեկը պայուսակից հանեց դանակն ու անցավ գործի: Ծառն ամբողջությամբ ցնցվում էր…կտրեցին մի քանի ճյուղ և փորձեցին խարույկ վառել, սակայն չստացվեց, քանի որ ճյուղերը չոր չէին:

 

Առավոտյան՝ արևի ճառագայթների հայտնվելուն պես, զբոսաշրջիկները լքեցին տարածքը: Նրանցից մեկը ծառի վրա փորագրեց իր անունը և հեռացավ: Ծառը դանակի ամեն մի հպումից մղկտում էր: Ծառն այլևս չէր ուրախանում արևի և անձրևի ներկայությունից, ընդհակառակը՝ արևից ճյուղերը թոռոմում էին, իսկ անձրևից՝ հատ-հատ ընկնում գետնին: Օրեր անց ծառի գրեթե բոլոր տերևները թափվել էին, ճյուղերն էլ՝ կախվել, թուլացել: Անցորդները հեշտությամբ կարողանում էին պոկել ճյուղերը և կրակ վառել: Արդեն նույնիսկ ամենափոքր թուփը կարող էր հպարտանալ իր տեսքով, իր գեղեցկությամբ: Իսկ ծառին այլևս ոչինչ չէր հետաքրքրում, աստիճանաբար մարում էր ու հյուծվում…

 

Օրերից մի օր ծառի ճյուղերից մեկի վրա մի փոքրիկ տերև գնում էր այս ու այն կողմ: Ծառը փորձեց ուշադրություն չդարձնել, բայց այնքան գեղեցիկ ու ճկուն էր տերևը, որ անհնար էր հսկայական ու մերկ ծառի վրա չնկատել փոքրիկ տերևին: Ծառը մտածեց, թե մեկ այլ ծառից է տերևը հայտնվել և սկսեցցնցել ճյուղերը: Ի զարմանս ծառի՝ տերևը չընկավ, քանի որ ամուր կպած էր ճյուղին: Ճյուղը դադարացրեց իր ակտիվ շարժումները: Ահա մի որոշ ժամանակ անց տեղաց հորդառատ անձրև: Այնքան մեծ էին կաթիլները, որ ծառը համոզված էր՝ տերևը կընկնի: Անձրևի վերջանալուն պես, երբ բոլոր ճյուղերից կաթկթում էին անձրևաջրերը, տերևի վրա հայտնվեց արևի շողը և սկսեց նորից ադամանդի պես փայլել: Ծառն իր խոնարհված դիրքից ձգվեց դեպի երկինք, զգաց ամպերի միջից երևացող արևը, զգաց փոքրիկ տերևը, թափ տվեց իրեն և արմատները խորացրեց հողի մեջ:

*** *** ***

 

Կար-չկար մի ծով կար: Տարիներ առաջ հարյուր-հազավոր մարդիկ վայելում էին իրենց հանգիստը: Ծովն այնքան պարզ էր, մաքուր ու ջինջ, որ միայն նայելիս հանգստանում էիր: Իսկ կարմիրն ու կանաչն այնքան գեղեցիկ համադրություն էին կազմել, որ… մի խոսքով աննկարագրելի էր:

 

Անցան տարիներ, ծովը մռայլվեց, ալեկոծություններ… ինչպիսի՜ փոփոխություններ, մարդիկ ընդհանրապես ցանկություն չունեին այդտեղ հանգստանալու: Ի՞նչն էր պատճառը: Ծովի խորքում քաոս էր տիրում՝ մռայլություն, թշնամական հարաբերություններ: Մանր ձկները մի խումբ էին կազմել, ջրիմուռները, փշամորթները, կապույտ կետերը, ծովաստղերը, դելֆինները, պիրանյաները… ամեն օր մի չնչին պատճառից խմբերից յուրաքանչյուրը պատրվակ էր ստեղծում, որ անհարգալից, ծաղրանքվ վերաբերվեին մյուս խմբերին: Ամենից սարսափելին այն էր, որ ուժեղներն առանց որևէ խղճի խայթ զգալու նվաստացնում էին թույլերին: Ամեն քայլափոխի լաց ու կոծ, ծաղրանք ու միմյանց ոչնչացնելու ձգտում:

 

Օրերից մի օր, հարևան ծովից մի փոքրիկ ձկնիկ շփոթված, մոլորված հայտնվում է ծովում: Տեսնելով, թե ինչ է կատարվում, առանց վախ զգալու լողում է առաջ և հարցուփորձ անում: Հանդիպում է մի ծովաստղի, որը աղիողորմ լաց է լինում.

-Այս ի՞նչ է կատարվում այստեղ,- հարցնում է ձկնիկը:

-Չե՞ս տեսնում, պատերազմ է, սառնասիրտ են ձկները, չկա իրար հարգելու, լսելու, սիրելու ձգտում, ուզում եմ թողնել ամեն ինչ և հեռանալ այստեղից: Որտեղի՞ց ես եկել, խնդրում եմ՝ տա՛ր ինձ քեզ հետ:

-Բայց ինչպե՞ս կարող ես հենց այդպես թողնել ու լքել. չէ՞ որ սա քո հայրենիքն է:

-Ի՞նչ անեմ, ախր հոգնել եմ, ամեն օր մի թաքստոց եմ փնտրում, որ գոյությունս ապահովեմ:

-Է՜, ընկե՛ր, կարծում եմ՝ այստեղ ուրիշ լուծում կա. փախչելն օգուտ չէ: Մտածի՛ր՝ ինչ կարող ենք անել:

-Ի՞նչ մտածեմ, չե՞ս տեսնում, այստեղ բոլորն իրար դեմ եմ դուրս եկել, բա սրանց փոխե՞լ կլինի:

-Արի միասին գնանք, տեսնենք ի՞նչ կարող ենք անել:

Փոքրիկ ձուկն ու ծովաստղը ճանապարհ ընկան, հանդիպեցին կապույտ կետին և պիրանյային:

-Ապա այս լպրծունների՛ն տես, չեն էլ վախենում,- ասաց պիրանյան կետին:

Այդ ընթացքում ծովաստղը թաքնվեց ձկնիկի հետևում:

-Ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք իրար հետ նման տհաճությամբ ու ծաղրանքով խոսում, չէ՞ որ  մի  ծովի  բնակիչներ եք:

-Այ, այ, այ, էլ ով դիմանա, դու ո՞վ ես,  այ լպրծուն, մի շարժումով բերանիս մեջ կհայտնվես, եթե բերանդ չփակես:

Ծովաստղը շշնջաց ձկնիկի ականջին.

-Խնդրում եմ, արի գնանք այստեղից, նրանք կուտեն մեզ:

Փոքրիկ ձկնիկը զարմանքից ապշել էր: Միայն թե տեսնեիք, թե մնացած բնակիչներն ինչպես էին ծիծաղում և ոգևորում պիրանյային և կետին:

-Լավ, ինչպե՞ս են այստեղ ապրում,-զարմացած ասաց ձկնիկը:

-Լսի՜ր, ես գիտեմ, թե ով կարող է մեզ օգնել:

Ա՜յ, վերջապես, ո՞վ:

-Ծովի ամենա, ամենախորքում բնակվում է ծեր, իմաստուն մեդուզան: Բայց չենք կարող հասնել նրա մոտ:

-Ինչո՞ւ,- հարցրեց ձկնիկը:

Դեռ հարցնո՞ւմ ես: Այնքան վտանգավոր է, մենք շնաձկների կերը կդառնանք:

-Լավ, գիտես չէ՞ ճանապարհը:

-Այո՛:

-Դե գնացինք:

Ինչերի միջով ասես, որ չանցան: Հասան ծովի ամենախորքը: Ամեն ինչ  ծածկված էր թունավոր ծաղիկներով, մոլախոտերով:

-Տեսնո՞ւմ ես, չենք կարող խոսել մեդուզայի հետ:

-Եթե  քեզ  մնար, մենք այստեղ չէինք հայտնվելու,-ասաց ձկնիկը:

-Այո՛…բայց…ախր…

-Հիմա ես կփորձեմ ազատվել այս խոտերից, իսկ դու փորի՛ր ավազը:

Ահա, վերջ: Դարպասները բացվեցին, մի լույս նշմարվեց: Մոտեցան. ծեր մեդուզան ընկած էր հատակին: Բարձրացրին: Որոշ ժամանակ անց.

-Այս ովքե՜ր են, ի՞նչ է կատարվում, — շշնջաց մեդուզան:

-Չգիտեք ի՞նչ է կատարվում, թշնամանքն է տիրում ծովում, բոլորն իրար դեմ են դուրս եկել: Այս ձկնիկն էլ որ չլիներ, ես այստեղ չէի լինի,-ասաց ծովաստղը:

-Մեր փրկությունն է, օգնականը:

-Դե ասեք, ի՞նչ կարող ենք անել, որ բնակիչները սկսեն հարգել, լսել միմյանց,- հարցրեց ձկնիկը:

-Ո՜վ իմ օգնականներ, պետք է համախմբել բոլորին, պետք է ամեն խմբից գտնեք մեկին, որը կլսի, կընդունի և կաջակցի մեզ:

Ծովաստղն ու ձկնիկը մեդուզայի հրամանով ընտրեցին ամեն խմբից մեկին. Ճիշտ է մեծ դժվարությամբ…բայց հաջողվեց: Եվ ահա որոշ ժամանակ անց մի խումբ բնակիչներ եկան մեդուզայի մոտ: Վերջինս, բարձրանալով վերև, սկսեց.

-Ո՜վ ծովի բնակիչներ, մեզանից յուրաքանչյուրը յուրօրինակ է, ինքնատիպ: Յուրաքանչյուրս կարող է արտահայտել իր կարծիքը: Մենք բոլորս պարտավոր ենք հարգել միմյանց, եթե նույնիսկ այս կամ այն պատճառով համաձայն չենք դիմացինի հետ: Ձեր ծնողները, պապերն ու տատերը պայքարում էին, որ դուք մեծանաք սիրո, հարգանքի մթնոլորտում: Այդ ժամանակ ծովի մակերևույթը պարզ էր, ջինջ, չկար սուտ, չէիր լսի և կեղծ խոսք մեկից: Ի՞նչ եք արել, ապա բարձրացե՛ք վեր. աղբ եք դարձրել ծովը ձեր թշնամանքով: Ինչքա՞ն եք շարունակելու: Կյանքը ձեզ մեկ անգամ է տրված, շնորհակա՛լ եղեք դրա համար, ապրե՛ք արժանավայել: Ի՞նչ եք սովորեցնում ձեր երեխաներին: Սթափվե՛ք և սթափեցրե՛ք ձեր ընկերներին: Չեմ կարող հանդուրժել ձեր այս վերաբերմուքնը, քանի դեռ ամեն ինչ կորած չէ, անցե՛ք գործի:

Բոլորը գլուխները կախ, ամոթխած հեռացան:

 

Անցավ որոշ ժամանակ, ծովի մակերևույթը պարզ էր և ջինջ…Ի՞նչն էր պատճառը…Հուսով եմ՝ գիտեք:

 

Անահիտ Դավթյան

Մանկավարժ

Պատմություն ծառի ու ծովի մասին