«Սովորենք միասին, սովորենք միմյանցից»

06-07-18

Հուլիսի 6-ին և 7-ին «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը կազմակերպում է 2-օրյա հանդիպում-դասընթաց «Սովորենք միասին, սովորենք միմյանցից» տարբեր դպրոցների հումանիտար առարկաների ուսուցիչների համար:

 

Դասընթացը նպատակ ունի ընդլայնել դասավանդման մեթոդաբանության շուրջ գիտելիքները և կարողությունները, ինչպես նաև ստեղծել մասնագիտական հարթակ հետագա համագործակցության համար:

 

«Մենք առաջարկում ենք ստեղծել հումանիտար առարկաների դասավանդման հարթակ, որը, անկախ բնակության վայրից, ցանկացած ուսուցչի կօգնի հանդես գալու, հաղորդելու իր նոր և թարմ գաղափարները, իր փորձը, ինչպես նաև պատրաստակամ կլինի  սովորելու  գործընկերներից»,- ասում է Ճեմարանի գիտամեթոդական կենտրոնի ղեկավար Թամար Ալեքսանյանը:

 

Հայոց լեզվի և գրականության ուսուցիչների հանդիպումով մեկնարկած «Սովորենք միասին, սովորենք միմյանցից» նախաձեռնությանն այս անգամ միացել է նաև Երիտասարդ պատմագետների ասոցիացիան ՀԿ:

 

Հանդիպման պաշտոնական բացմանը հանդես եկան Ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը, ԿԳՆ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, գիտամեթդական կենտրոնի ղեկավար Թամար Ալեքսանյանը, հասարակական գիտությունների ամբիոնի ղեկավար, Երիտասարդ պատմագետների ասոցիացիան ՀԿ նախագահ Լիլիթ Մկրտչյանը:

 

«Բոլորիս շնորհավորում եմ այս հիանալի առիթով, մի բան ակնհայտ է, եթե մենք ուզում ենք ինչ-որ բան փոխել, պետք է սկսենք կրթությունից, եթե մենք ուզում ենք ունենալ փոփոխություն, ապա մեր ամենակարևոր թիրախը, մեր փոփոխությունների «ագենտները» մանկապարտեզնում՝ դաստիարակներն են, դպրոցներում՝ ուսուցիչները և բուհերում՝ դասախոսները: Որպես փոփոխությունն առաջ տանող անհատի՝ կենտրոնում պետք է դնենք ուսուցչին, դրան զուգահեռ պիտի սկսկենք կարևորել աշակերտին՝ ունենալով ոչ թե հիարխիկ հարաբերություններ, այլ հավասարը հավասարի, նպաստել որպես անհատի և քննադատական մտածողություն ունեցող քաղաքացու ձևավորմանը»,- ասաց Արևիկ Անափիոսյանը,- «շատ ուրախ եմ, որ այս պահին աշխատում ենք հումանիտար բլոկի ուսուցիչների հետ: Մեր պետությունում STEM-ը շատ են կարևորում՝ հասկանալով, որ տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է վերջինիս զարգացումը, բայց քննական մտածողության զարգացումը հնարավոր է միայն հումանիտար առարկաների միջոցով»:

 

«Մենք դասավանդում ենք x բովանդակություն, բայց դասարանից դուրս գալով մեր սովորողը բախվում է այդ ամենից հազարապատիկ ավել այլ իրողության հետ և մեր սովորողի մոտ հարցեր են առաջանում: Սա այն բնական իրավիճակն է, որում մենք հայտնվել ենք այս դարում, և այս խնդիրը լուծելու համար, թերևս, առանցքային կարևորություն ունի, թե ինչպես ենք մենք աշխատում, ինչպես ենք մենք ինքներս սովորում, ինչպես ենք մեր փորձը, մեր իմացածը փոխանցում  մեր սովորողներին, ինչպես ենք իրենց սովորեցնում սովորել և ինչպես ենք իրարից սովորում»,- ասաց ԿԳՆ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը:

 

«Սովորենք միասին, սովորենք միմյանցից»