12 շրջանավարտ` 12 միջազգային դիպլոմ

Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի Դիպլոմային ծրագրի բոլոր 12 անդրանիկ շրջանավարտներին սեպտեմբերի 7-ին շնորհվեցին Միջազգային բակալավրիատի ավարտական դիպլոմներ՝ International Baccalaureate Diploma:
Ճեմարանի սաների քննությունների միջին արդյունքը գերազանցել է աշխարհի միջին ցուցանիշը. առավելագույն 45 միավորից աշխարհի միջին գնահատականը 30 է, ճեմարանականներինը` 33:
«Սա ամենաբարձր` 100% ցուցանիշ է, երբ 12 աշակերտներն էլ գրանցվել, դիմել և ստացել են միջազգային բակալավրիատի դիպլոմները»,- ասաց Ճեմարանի Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագրի համակարգող Աննա Ստեփանյանը:
dsc_0412
Այս արդյունքը արձանագրվել է հենց առաջին տարում, իսկ համեմատության համար նշենք, որ նման առաջադիմության դպրոցները հասնում են տարիների տևական աշխատանքի արդյունքում:
«Այս արդյունքը, իսկապես, մեծ նվաճում է, մի բան է, երբ ցանում ես ու բերքին ես սպասում, երբ ամեն ինչ անում ես, որ բերքդ լավ լինի, իսկ մեկ այլ զգացողություն է, երբ հավաքում ես առաջին պտուղները, և ոչ միայն մենք, այլ նաև դուք եք այսօր քաղում ձեր կատարած հսկայական աշխատանքի պտուղները»,- միջազգային բակալավրիատի դիպլոմները հանձնելիս նշեց Աշոտ Ալիխանյանը:
dsc_0425
Շրջանավարտներին շնորհավորեց նաև ԱՊՀ երկրների Միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Նատալյա Բարինովա. «Դուք յուրահատուկ աշակերտներ են, դուք գիտեք քննադատաբար մոտենալ հարցերին, դուք ունեք սեփական տեսակատ, դուք կարող եք փոխել աշխարհը, և դուք արժանապատվորեն կարող եք ներկայացնել ձեր երկիրը միջազգային համալսարաններում»,- ասաց Նատալյա Բարինովան:
« 33 միավորը բարձր ցուցանիշ է, դա նշանակում է, որ ձեր ուսուցիչները կարողացել են աշխատել միջազգային չափանիշներով, իսկ դիպլոմային ծրագրում ձեռք բերած հմտություններով շատ հեշտ է լինելու սովորել միջազգային հեղինակավոր համալսարաններում»,- ավելացրեց նա:
dsc_0442
Դիպլոմների հանձնման արարողությանը մասնակցում էին 7 շրջանավարտներ, մյուսները արդեն ուսումնառությունը սկսել էին միջազգային բուհերում, և նրանց դիպլոմները ստացան ծնողները:
«Դիպլոմային ծրագիրը ինձ տվեց գիտելիքներ, և ինձ մնում է միայն խորացնել այդ գիտելիքները արդեն Շեֆիլդի համալսարանում»,- ասաց Ալեք Պետրոսյանը:
dsc_0435
«Այս երկու տարվա դիպլոմային ծրագիրը ինձ տվեց 11 հրաշալի ընկերներ, որոնց ամբողջ կյանքում մոտ եմ պահելու իմ սրտին և տվեց առավելություն` գիտակցելու, որ ես հսկայան միջազգային բակալավրիատի համայնքի մի մասն եմ»,- նշեց Հեղինե Գրիգորյանը:

dsc_0446
Ճեմարանում Դիպլոմային ծրագիրը ներդրվել է երկու տարի առաջ և նախատեսված է Հայաստանի Հանրապետության և այլ երկրների ավագ դպրոցների 10-րդ դասարանն ավարտած աշակերտների համար:
Ուսման տևողությունը երկու տարի է, և իրականացվում է անգլերենով: Ճեմարանի Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագրի շրջանավարտները ստանում են նաև ՀՀ պետական ատեստատ:
Հիշեցնենք, որ Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը Հայաստանի միակ կրթահամալիրն է, որի բոլոր երեք՝ տարրական, միջին և ավագ դպրոցները հավաստագրված են համապատասխանաբար Միջազգային բակալավրիատի՝ Primary Years Programme, Middle Years Programme և Diploma Programme ծրագրերով:
Ժնևում 1968 թ-ին հիմնադրված միջազգային բակալավրիատի համակարգը այսօր արդեն ներառում է 3668 դպրոց 150 երկրում և իրավացիորեն միջազգային ճանաչում ունեցող հանրակրթական ամենահայտնի համակարգն է, որի ավարտական վկայականը հնարավորություն է տալիս առանց լրացուցիչ քննությունների ընդունվել աշխարհի մի շարք առաջատար համալսարաններ։

12 շրջանավարտ` 12 միջազգային դիպլոմ