Ամալյա Նազարյան. 19 տարի Ճեմարանում

29-06-18

Հունիսի 29-ին Առողջ ապրելակերպի և ֆիզիկական պատրաստվածության ամբիոնը և ճեմարանական համայնքը հրաժեշտի ցերեկույթ էին կազմակերպել երկար տարիների ամբիոնի ուսուցիչ և աշխատակից Ամալյա Նազարյանի համար:

 

«1999թ.-ի սեպտեմբերի 1-ից աշխատում եմ Ճեմարանում, ընդունվել եմ մրցույթով, այդ տարի մրցույթին մասնակցում էին 7 հոգի, միայն ես անցա, և այս բոլոր տարիների ընթացքում բազմաթիվ շնորհակալագրերի ու պատվոգրերի եմ արաժանացել»,- ասում է տիկին Ամալյան և ցույց տալով թղթերի տրցակը՝ փորձում է գտնել իր համար ամենակարևորը՝ Ճեմարանի՝ անբասիր ծառայությունների համար մեդալով պարգևատրման հավաստագիրը. «Հենց ընդունված տարվա վերջում ստացա»,- հպարտանում է սպորտի սիրահար ուսուցչուհին և պատմում մյուսների մասին,- «իսկ սրանք էլ իմ ջահել ժամանակվա դիպլոմներն են, երբ վազքի չեմպիոն եմ դարձել Հայաստանում»:

 

Ճեմարանի մասին պատմելիս տիկին Ամալյայի ոգևորությունն անթաքույց է. «Ճեմարանը իմ հարազատ տունն է, այստեղ աշխատածս ամեն մի օրը հաճույք է եղել ինձ համար. նախ՝ գործընկերներս են շատ լավը եղել, հետո՝ սաները (այստեղի սաները միշտ էլ տարբերվել են), ապա նաև՝ հնարավորությունները. փոքր խմբերի ու շատ ժամանակի շնորհիվ կարողանում ես լիարժեք ինչ-որ կա, ներդնես երեխաների ֆիզիկական զարգացման համար»:

 

Եվ իր, և սաների աճը տեսնելու, ճիշտ գնահատելու և ձեռքբերումները տեսանելի դարձնելու համար յուրաքանչյուր տարի երեխաների գրանցած արդյունքները համամեմատել է նախորդ տարվա հետ, և համեմատության մեջ տեսել, թե երեխաները ոնց են աճում. «Իսկ դա ամենակարևորն էր ինձ համար»:

 

Սաներով ու սպորտով ապրող տիկին Ամալյան շատ է կարևորում յուրաքանչյուրի ֆիզիկական պատրաստվածությունը. «Մեր այս համակարգչային դարում երեխաներին իսկապես և հնարավորինս շատ ֆիզիկական դաստիարակություն է պետք, բացի այդ քանի որ մենք գտնվում ենք «վատ հարևանների» շրջապատում, մեզ ֆիզիկականը պետք է, թեկուզ միայն նրա համար, որ հրացանից կրակելուց ուսդ հետ չընկնի»:

 

Թեև հրաժեշտ է տալիս ուսուցչի՝ իր սիրելի պաշտոնին, բայց ինչպես տնօրենն է ասել՝ ճանապարհվում է ճամբար, որտեղ նույնպես նույնքան ավանդ ունի, որքան այստեղ՝ Ճեմարանում. «Հեքիաթ» ճամբարում որպես ֆիզղեկ, աշխատում է 2001թ.-ից:

 

«Դեռ շատ գործեր ունեմ անելու. 9 թոռնիկ ունեմ, զբաղվելու եմ թոռնիկներիս ֆիզիկական դաստիարակությամբ»,- ասում է Ամալյա Նազարյանը:

 

Ամալյա Նազարյան. 19 տարի Ճեմարանում