Մեր մասին

Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը միջազգային չափանիշներին համապատասխան՝ «Միջազգային բակալավրիատ»-ի ծրագրով հանրակրթություն ապահովող միակ կրթական հաստատությունն է Հայաստանում, որը միաժամանակ «Ռաունդ Սքուեր»-ի անդամ է:

 

Կրթահամալիրը, որն իր գործունեությունը սկսել է 1990 թ. որպես շնորհալի երեխաների բացահայտման, նրանց կրթության կազմակերպման, ինչպես նաև շնորհալիության խնդիրներով զբաղվող հաստատություն, այսօր «Միջազգային բակալավրիատ»-ի ծրագրերով կրթություն է իրականացնում ավագ, միջին, կրտսեր դպրոցներում, ինչպես նաև նախակրթարանում:

 

Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի՝ ՄԲ Դիպլոմային ծրագրով սովորող ավագ դպրոցի աշակերտներն առանց ընդունելության քննությունների ընդունվելու և սովորելու հնարավորություն են ձեռք բերում աշխարհի ավելի քան 2 000 բուհերում:

 

Ճեմարանի երեք հարյուրից ավելի շրջանավարտ սովորել և սովորում են աշխարհի առաջնակարգ բուհերում, որոնց թվում՝ Հարվարդի, Քեմբրիջի, Սորբոնի, Ստենֆորդի, Լոմոնոսովի, Մասաչուսեթսի, Տորոնտոյի, Պեկինի, Տոկիոյի, Լոնդոնի համալսարաններում, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում:

 

Դիպլոմային ծրագրի ուսանողները բոլոր առարկաները սովորում եւ քննությունները հանձնում են անգլերեն լեզվով:

 

Ճեմարանի գիտախորհրդատվական աշխատանքներում ներգրավված են հանրապետությունում ճանաչված անվանի գիտնականներ, որոնք համակարգում են համապատասխան առարկաների ուսուցման և դասավանդման գործընթացները:
Ճեմարանն իրականացնում է շնորհալի երեխաների կրթության կազմակերպման և օժտվածության խնդիրների ուսումնասիրման հեղինակային ծրագիր (գրանցված է հեղինակային իրավունքների ազգային գործակալությունում, թիվ 7/13, 01.03.2002):

 

Ճեմարանի առաքելությունն է կերտել ազգային հենքի վրա ձևավորված համամարդկային արժեքներ կրող իսկական մտավորական և քաղաքացի։

Նորություններ

Հայտարարություններ