Մեկ անգամ ճեմարանական, հավերժ ճեմարանական

06-07-18

Բարև բոլորին… Խոսքս չցանկացա սկսել պաշտոնական կոչերով, քանի որ մեզ մոտ այսօր չնայած պաշտոնական, բայց միևնույն ժամանակ նաև ընտանեկան միջավայր է։

 

Բազմաթիվ անգամներ եմ խոսել այս բեմից, բայց այսօր առանձնակի պատիվ ու պատասխանատվություն եմ զգում։

 

Ճեմարանում սովորածս տարիները կարելի է մեկ ձեռքի մատների վրա հաշվել․ ընդամենը 3 տարի, բայց այս 3 տարիների ընթացքում այն ինձ անասելի շատ բան է տվել և այսօր, դուրս գալով այս դռներից, ես հպարտ եմ, որ այդ տարիներն անցել են հենց ճեմարանում։ Հպարտ եմ, որ ճեմարանական եմ։

 

10-րդ դասարանում ճեմարան գալու առաջին իսկ վայրկյանից այն ինձ համար ամենօրյա բացահայտումների մի աշխարհ է եղել։ Զարմանալի է, թե որքան բան կարելի է սովորել այստեղ, թե՛ ակադեմիական, և թե՛ անձնական աճի առումով։ Ճեմարանը փորձի կուտակման մի յուրօրինակ օջախ է, փորձ՝ մեծանալու, զարգանալու, սովորելու ու կայանալու իմաստով։

 

Ուզում եմ մի բան պատմել Ձեզ։ Տանը մի դարակ ունեմ, ուր տարբեր անուններով հիշողություններ եմ հավաքում, և այդ դարակի մի մասի անունն էլ «Ճեմարան» է, ուր պահում եմ այստեղ ունեցածս յուրաքանչյուր փորձառությունից մի որևէ մասնիկ՝ երկար պայքարի միջոցով ձեռք բերված ճեմարանի պիտակով գրիչ, բեյջերի հավաքածու, համադասարանցիներից մեկի արվեստի «գլուխգործոցներ»-ը և այլ նման փոքր ու առաջին հայացքից աննշան թվացող բաներ։ Եվ այս դարակը բացելն ինձ ամեն անգամ տանում է «Ճեմարան» անունով կյանքի մի փուլի էջեր, որոնք թերթելը և՛ տխրություն, և՛ կարոտ, և՛ անսահման հպարտություն է առաջացնելու։

 

Ինձ փոքրուց ասել են, որ դպրոցն իմ երկրորդ տունն է, և ես միշտ հիշել եմ այդ խոսքերը։ Հիշել, բայց երբեք չեմ զգացել, թե ինչ է դա նշանակում։ Սակայն այս 3 տարիների ընթացքում ամեն օր նկատել եմ, թե ինչպես է ճեմարանի յուրաքանչյուր աշխատակից, ճեմարանական ընտանիքի յուրաքանչյուր անդամ (իդեպ, ընտանիքը հենց այն բառն է, որը կարելի է վստահորեն վերագրել մեր այս փոքրիկ համայնքին) ձգտել այս տեղը մեզ համար դարձնել տուն։ Եվ առաջին անգամ հենց այստեղ եմ ես ունեցել այն զգացողությունները, որոնք ունենում եմ ամեն անգամ տուն մտնելիս՝ ապահովվածության, հանգստության, վստահության ու հարազատության։ Դրանք հենց այն զգացումներն են, որոնք ես փնտրելու եմ յուրաքանչյուր նոր վայր ու նոր խումբ մտնելիս, յուրաքանչյուր նոր բան ձեռնարկելիս ու իրականացնելիս։

 

Ճեմարանն ինձ համար նման «առաջին անգամների» մի զամբյուղ է․ այստեղ եմ ես առաջին անգամ զգացել, թե ինչ է հայրենասիրությունը։ Այստեղ առաջին անգամ հասկացել եմ, թե ինչ են իրական մրցակցությունը, ընկերությունն ու միասնականությունը։ Առաջին անգամ եղել եմ ուսուցիչ, կազմակերպիչ, հաղորդավար, ղեկավար, վերլուծաբան, նախագահի պաշտոնի թեկնածու, և նման առաջին, որոշ դեպքերում գուցե նաև վերջին անգամների շարանով ես այսօր գնում եմ ճեմարանից՝ ինձ հետ տանելով այստեղ անցկացրած ամեն վայրկյանի մասին մի վառ հիշողություն։

 

Եվ մեզանից յուրաքանչյուրը, համոզված եմ, իր հետ տանում է դպրոցի մի փոքր մասնիկ՝ Ճեմարանի օրհներգի իր իմացած միակ տողերը, Վալենտինի տոնին ստացած որևէ թղթե սիրտ, Շիրակացու Պառլամենտի հիշողությունների արկղիկ, փոքրիկ զանգակ կամ որևէ իր, որ միայն իր համար է նշանակալի, և իհարկե, գիտելիքների անսահման պաշար ու լավ ընկերներ։

 

Ու մեզանից յուրաքանչյուրը նաև Ճեմարանում է թողնում իրեն, մի մասնիկ նաև իրենից՝ որևէ սեղանին գրած անուն, գրադարանի մի որևէ գրքի պատահական էջում թողած հաղորդագրություն, այդ նույն գրադարանին նվիրած որևէ մի գիրք։ Եվ վերջապես այնքան, որքան հիշեք մեզ, մենք կլինենք այստեղ։

 

Ու այս ամենի համար ես ինձ իրավունք եմ վերապահում ճեմարանական 25-րդ սերնդի բոլոր շրջանավարտների անունից անսահման շնորհակալություն հայտնել Ձեզ՝ պարոն Ալիխանյան, որ եղել եք ու կաք այս մեծ կառույցի առաջնագծում ու վարպետությամբ ղեկավարում եք այն, Ձեզ՝ տիկին Զառա, տիկին Նալբանդյան, որ ամենօրյա աշխատանքով բացառում եք որևէ խնդրի առկայությունը, մեր շատ սիրելի ուսուցիչներին, որ ամեն անգամ կոտրում են ուսուցիչ-աշակերտ բևեռացվածության կարծրատիպը և ճեմարանական ընտանիքի յուրաքանչյուր անդամի։ Շնորհակալ եմ նաև ընկերներիս այն հրաշալի միջավայրի համար, որում սովորել ու հասունացել եմ։

 

Մենք վստահեցնում ենք, որ ուր էլ լինենք, լինելու ենք առաջինը և, հետևելով «մեկ անգամ ճեմարանական, հավերժ ճեմարանական» սկզբունքին, չենք հեռանալու այստեղից, անգամ եթե կիլոմետրերով հեռու լինենք։ Հպարտ եմ այսօր կրել այս հագուստը, ձեռքումս բռնել այս վկայագիրը և յուրաքանչյուր նոր միջավայրում բարձր ու վստահ ձայնով ասել․ «Ես սովորել եմ Շիրակացու ճեմարանում»։

Շնորհակալություն։

Ճեմարանական Մերի Համբարձումյան

Մեկ անգամ ճեմարանական, հավերժ ճեմարանական