Կրթահամալիրի տնօրենը մայրենիի դասի հյուրն է

«Դեկտեմբերի 20-ին  625 խմբում թեմատիկ միավորի շրջանակում մայրենիից դաս-հանդիպում էր: 6-րդցիները այս կիսամյակում մայրենիից հետազոտում էին ընտանիքը, ընտանեկան փոխհարաբերությունները, անհատի ձևավորումը  ընտանիքի անդամների դրական փոխհարաբերությունների արդյունքում:

 

Ճեմարանը մեր բոլորի տունն է,  և մենք բոլորս ապրում ենք այդ տանը, համագործակցում, աշխատում միասին, սովորում միմյանցից,  միմյանց սովորեցնում  ընկերություն անել, հոգալ միմյանց մասին:

 

625 խումբը հասկացավ, որ պիտի հանդիպի և իրեն տանջող հարցերի պատասխանները ստանա մեր տուն-ճեմարանի հիմնադիր տնօրենից՝ Աշոտ Ալիխանյանից: Մտածեցին և գործի անցան:

 

Երեկ  բոլորը շատ հուզված էին և անհամբեր. դեմքով ճանաչում էին կրթահամալիրի տնօրենին, բայց երբեք այդպես մտերմիկ չէին զրուցել և շփվել: Ջերմ և անկեղծ զրույցը ամփոփվեց հետազոտման հիմնական գաղափարով. մեր տանը պիտի լինի համերաշխություն, սեր, հոգատարություն և նվիրվածություն, որ ամեն դեռահաս մեծանա որպես իսկական մտավորական և քաղաքացի, ճեմարանական ընտանիքին   վայել կիրթ  բազմակողմանիորեն  զարգացած, իր հայրենի արմատներին, իր մայրենի լեզվին  փարված  մարդ:

 

Հայոց լեզվի և գրականության ամբիոնը, մայրենիի ուսուցչուհի Զինաիդա Խաչատրյանը, մանկավարժ Էլվինե Փանոսյանը երախտապարտ են կրթահամալիրի տնօրենին՝ դաս-հանդիպմանը  ներկա գտնվելու, աշակերտների  հարցերին անկեղծորեն պատասխանելու համար:

 

Այս օրը, այս դասը նրանք երբեք չեն մոռանա և կաշխատեն ապրել այն կանոններով, որոնք ընդունել և որոնցով առաջնորդվում է մեր ճեմարանական ընտանիքը»,- գրում է հայոց լեզվի ամբիոնի ղեկավար Թամար Ալեքսյանյանը:

 

Կրթահամալիրի տնօրենը մայրենիի դասի հյուրն է