Տնօրեն Աշոտ Ալիխանյանի՝ Վերջին զանգի արարողության ելույթից մի հատված…

08-06-18

«Դիմում եմ մեր ոչ միայն այս տարվա, այլև բոլոր տարիների շրջանավարտներին, մեր բոլոր ճեմարանականներին, իմ բոլոր ընկերներին ու գործընկերներին։

 

Թանկագին ընկերներ և բարեկամներ, մենք շատ լավ հասկանում ենք, որ հեղափոխությունը, եթե այն դասակարգային բնույթ է կրում, չի ավարտվում իշխանափոխությամբ, այլ հակառակը՝ սկսվում է իշխանափոխությունից։

 

Եվ եթե որևէ մեկին թվում է, թե Հայաստանի պետականության կայացման ամենամեծ ու հիմնական չարիքը՝ հանցագործ աշխարհը (և դրան աջակցողները) հաշտվել է իրեն սպասելիք «պայծառ» ապագայի հետ և իր ժամանակը, ինչպես միշտ, վատնում է կազինոներում և տարբեր գեղատեսիլ կղզիների վրա, ապա նա չարաչար սխալվում է, որովհետև հեղափոխության թշնամիները գիշեր-ցերեկ չեն քնելու և անում ու անելու են ամեն ինչ, որ փորձեն վարկաբեկել և նվաստացնել հեղափոխության առաջնորդին ու նրա զինակիցներին, հեղափոխության բոլոր ձեռքբերումները և նվաճումները՝ հասարակության և առաջին հերթին երիտասարդության անսպառ վճռականությունն և հեղափոխական ոգին, բարձր քաղաքացիական գիտակցությունը։ Եվ դա արվելու է միայն մեկ ճանապարհով՝ տարբեր սադրանքների միջոցով ժողովրդի մոտ կասկած առաջացնել, որ հեղափոխական ղեկավարները ընդունակ չեն հարցեր լուծելու։

 

Բայց դա իրենց չի հաջողվելու, մենք նոր Հայաստանում ենք և վերադարձի կամուրջները ինքներս ենք այրել։

Հարգելի բարեկամներ, կարծում եմ, որ բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ վերջին դարաշրջանի և ո՛չ մի հաղթած հեղափոխության առաջնորդի, ինչպիսիք էին Ֆիդել Կաստրոն, Նելսոն Մանդելան, Լի Քվան Յուն, և այլոք, չի հասել այդքան անհուսալի ժառանգություն, ինչպիսին հասավ Նիկոլ Փաշինյանին։

Քաոսային տնտեսություն, բացարձակ անօրինական և քանդված պետական համակարգ (կամ բռնապետական БЕСПРЕДЕЛ), լիովին վարկաբեկված արժեքային համակարգ, համատարած կաշառակերություն, անգրագիտություն և գավառամտություն։ Եվ այս ամենի ծնողը հանցագործ աշխարհն է և միայն դրա վերացումով Հայաստանում կհաստատվի կարգուկանոն։

 

Բայց Նիկոլ Փաշինյանը ի վիճակի է լուծել այդ բոլոր խնդիրները՝ իր կազմակերպվածության, վճռականության, սկզբունքայնության և ազնվության շնորհիվ: Նա ապացուցեց, որ այսօր Հայաստանի ամենահամարձակ ու խելացի քաղաքական գործիչն է և ամբողջ պատասխանատվությամբ նրան կարելի է հռչակել իսկական պետական գործիչ։ Հայաստանի ժողովուրդը ընդունել է նրան որպես իր առաջնորդ։

 

Իմ կարծիքով նա դեռ ոչ մի սխալ չի կատարել Հայաստանի ներքին և թե արտաքին քաղաքականության հարցերում։ Եվ անկասկած նրան կհաջողվի Հայաստանը դարձնել իսկական ժողովրդավարական և ինքնիշխան պետություն։

 

Եվ եթե մենք ուզում ենք, որ դա իրականանա հնարավորինս արագ, ուրեմն մենք բոլորս պետք է անենք ամեն հնարավոր և անհնարինը, որ ոչինչ չխանգարի իր որոշումների իրականացմանը։

 

Դրա համար մենք բոլորս պետք է սատար կանգնենք իր նախաձեռնություններին և անտարբեր չանցնենք անարդարության ցանկածաց դրսևորման կողքով։

Եվ քանի որ կառավարությունը արդեն իսկ իր վրա է վերցրել պայքարի բոլոր գործառույթները, մենք բոլորս պետք է օգնենք իրեն իրականացնելու այդ ամենը։ Ասեմ ավելին, մենք բոլորս պիտի դառնանք մեր վարչապետի օգնականներն ու զինվորները։

 

Այս ամենը մեր ձեռքերում է և հեռու չէ այն օրը, երբ մենք ապրելու ենք աշխարհի ամենաազատ ու անկախ, քաղաքակիրթ ու հզոր երկրում, որի անունն է Հայաստանի Հանրապետություն։ Եվ միակ հեղափոխությունները, որ դրանից հետո տեղի են ունենալու մեր երկրում լինելու են մշակութային և գիտատեխնոլոգիական:

Գիտե՞ք, ինչ մեծ երջանկություն է ապրել այդպիսի հայրենիքում։

 

Գիտե՞ք, ինչ մեծ երջանկություն է անմնացորդ սիրել հայրենիքը։

 

Գիտե՞ք, ինչ մեծ երջանկություն է հպարտանալ քո պետությունով ու նրա ղեկավարներով։

 

Դե ուրեմն մեր ազգի բոլոր մեծերի արժանավոր զավակներ, ազնիվ և պարկեշտ, ամուր, շիտակ ու համարձակ քայլերով դեպի պայծառ ապագա:

 

Կեցցե՛ մեր ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանը
Կեցցե՛ Հայ ժողովուրդը

 

Փառք մեր բոլոր ճեմարանականներին, հայրենիքի այսօրվա և վաղվա արժանավոր օրը կառուցողներին»

 

(Ամբողջական ելույթը կարելի է դիտել այս հղումով՝ https://www.youtube.com/watch?v=AcsugsJiJvo 

Տնօրեն Աշոտ Ալիխանյանի՝ Վերջին զանգի արարողության ելույթից մի հատված…