Գրքի շնորհանդես. «Կրթական վերափոխումները Հայաստանի Հանրապետությունում 1991-2005 թվականներին»

20-11-17

Նոյեմբերի 18-ին «Նարեկացի արվեստի միությունում» տեղի ունեցավ պատմական գիտութունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ դասախոս, «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի հասարակագիտության ամբիոնի ղեկավար, «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մկրտչյանի անդրանիկ մենագրության` «Կրթական վերափոխումները Հայաստանի Հանրապետությունում 1991-2005 թվականներին», շնորհանդեսը:

 

Գիրքը նվիրված է սոցիալ-մշակութային կյանքի կարևորագուն ոլորտներից մեկին՝ կրթությանը, ինպես ասել է Ն. Մանդելան. «Կրթությունը ամենահզոր զենքն է, որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար»։

 

Մենագրությունն արժեքավոր է նաև նրանով, որ առաջին ամփոփ աշխատանքն է՝ նվիրված Հայաստանի Երրորդ Հանրապետությունում կրթության վերափոխումների անցած պատմական ճանապարհին: Հեղինակը մեկտեղել է կրթության բոլոր ոլորտների՝ նախադպրոցական, միջնակարգ, նախնական և միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության վերափոխման և զարգացման միտումները: Ուսումնասիրության մեջ առանձնահատուկ ուշադրության է արժանացել կրթությունն ընդհանրապես, միջազգային փորձը և, մասնավորապես, Հայաստանում կրթության բովանդակային վերափոխումները հետխորհրդային շրջանում:

 

Յուրաքանչյուր գիտական ուսումնասիրության հրատարակման համար անգնահատելի է խմբագրի դերը. ելույթի համար խոսքը փոխանցվեց գրքի խմբագիր, ԵՊՀ պատմության ֆակուտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանին, ով նշեց, որ իր համար այդ օրը տոն է, քանի որ եղել է Լիլիթի գիտական ղեկավարը, և նա գիտական հասունացման ճանապարհը անցել է իր աչքի առաջ: Միջոցառմանը ներկա էր նաև պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր , բազմավաստակ գիտնական Ալբերտ Ստեփանյանը. «Լիլիթը կարողացել է հաղթահարել գիտակարգերի մի ամբողջ համակարգ և ստեղծել միասնական տեսք, որը ամենադժվարն է»: Ելույթ ունեցան նաև «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը, Լիլիթ Մկրտչյանի գործընկերները:

 

Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ գրքի հեղինակ Լիլիթ Մկրտչյանը և խոսեց գրքի ստեղծման ողջ ընթացքի մասին, իր ունեցած դժվարությունների և այն 7 և ավելի տարիների, որ նա ծախսել է այս գիրքը ավարտուն տեսքի բերելու համար. «Կրթությունը հասարակության պահանջմունքները բավարարող գործիք է, իսկ քանի որ հասարակությունը և կյանքը առաջ են գնում ու շարժվում են, բնականաբար կրթությունը պետք է որդեգրի նոր գործիքներ՝ բավարարելու հասարակության պահանջները արդի աշխարհում առկա մարտահրավերներին դիմակայելու համար»:

Գրքի շնորհանդես. «Կրթական վերափոխումները Հայաստանի Հանրապետությունում 1991-2005 թվականներին»