Երևանում անցկացվեց Միջազգային բակալավրիատի ԱՊՀ երկրների 11-րդ ամենամյա համաժողովը

Ապրիլի 20-22-ին Երևանում անցկացվեց Միջազգային բակալավրիատի ԱՊՀ երկրների 11-րդ համաժողովը: ՄԲ ԱՊՀ երկրների ասոցիացիայի կողմից իրականացվող ամենամյա միջոցառման կազմակերպումը այս տարի ապահովեց «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը, որը տարածաշրջանում ասոցիացիայի միակ անդամն է:

Համաժողովի առաջին օրը Հայաստանի պատմամշակութային վայրերում փոքրիկ էքսկուրսից հետո մասնակիցները այցելեցին «Շիրակացու ճեմարան», որտեղ էլ «ընտանեկան» մթնոլորտում տեղի ունեցավ Համաժողովի ոչ պաշտոնական բացումը։

«Ճեմարանի համար մեծ պատիվ է հյուրընկալել ամենամյա համաժողովն իր հարկի տակ»,- ասաց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը:

conference 5

Ապրիլի 21-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Համաժողովի բացման պաշտոնական արարողությունը։ Տնօրեն Աշոտ Ալիխանյանը ներկայացրեց համաժողովի բացման կապակցությամբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ուղերձը, որում մասնավորապես ասվում էր. «Կրթության համակարգի զարգացումն ու արդիականացումը ՀՀ կառավարության հիմնական առաջնահերթություններից է։ Այս գործընթացում առանձնահատուկ է ժամանակի պահանջներին համապատասխանող կրթական ծրագրերի ու բարձր որակավորում ունեցող մասնագետների դերը։ Համոզված եմ, որ այսօրվա միջոցառումը կդառնա արդյունավետ հարթակ առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների քննարկման համար, նոր խթան կհանդիսանա Հայաստանի կրթության զարգացման ուղղությամբ, ինչպես նաև կստեղծի նախադրյալներ տարբեր երկրների դպրոցների, ուսուցիչների և սովորողների հետագա արդյունավետ համագործակցության համար»։

 

conference 8

 

Համաժողովի բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչանը։ Ողջունեով համաժողովի մասնակիցներին` նախարարը նշեց, որ ՀՀ կրթական համակարգը բաց է Միջազգային բակալավրիատի նման կրթական պլատֆորմի հետ համագործակցության համար։ «Մեր երկրի համար լավ է մեր ազգային կրթական համակարգը, որի մեջ ներառված կլինեն տարբեր միջազգային կրթական ծրագրեր։ Կրթությունը մեր դարում բազմաշերտ է ու բազմավեկտոր, մենք կրթություն պարտավոր ենք տալ և շատ բարձր, հանճարեղ ընդունակություն ունեցող երեխաներին, և միջին մակարդակի, այսինքն` պետք է ունենանք հանրակրթական համակարգ, որն իր կառուցվածքով լինի ցանցային, ուղղահայաց և հորիզոնական»,- հավելեց Լևոն Մկրտչյանը։

conference_ministr

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը այսօր Հայաստանում միակն է, որի բոլոր երեք՝ տարրական, միջին և ավագ դպրոցները հավաստագրված են համապատասխանաբար Միջազգային բակալավրիատի՝ Primary Years Programme, Middle Years Programme և Diploma Programme ծրագրերով:

«Միջազգային բակալավրիատ ծրագիրը մեծ համբավ ունի ամբողջ աշխարհում, անգամ Եվրոպայի խորհրդում և UNESCO-ում խորհրդատվական ստատուս ունի, գործում է 148 երկրում։ Ծրագիրը շատ ճկուն է, ամեն վայրկյան առաջ է գնում։ Սա ամենաազգային ծրագիրն է՝ բոլոր ազգային ծրագրերից, որովհետև իր մեթոդաբանությունը թույլ է տալիս ինտեգրել յուրաքանչյուր ազգային ծրագիր, որը ազգային ծրագիրը դարձնում է ավելի մատչելի, ավելի ընկալելի երեխաների համար, քանի որ օգտագործվում են ամենաժամանակակից կրթական տեխնոլոգիաները»,- ասաց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը։

conference 9

Միջազգային կրթական համաժողովի շրջանակում Հայաստան էին այցելել շուրջ 200 պատվիրակներ Ռուսաստանի տարբեր քաղաքներից, Ղազախստանից և ոլորտի փորձագետներ, հյուրեր Ֆինլանդիայից, Վրաստանից, Թուրքիայից,  այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, պետական կառույցների և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ:

«Կրթությունը հասարակության զարգացման կարևորագույն ռեսուրսն է, որը ևս իր հերթին պետք է անընդհատ զարգանա ոչ միայն ներքին, այլև արտաքին աղբյուրների շնորհիվ՝ ներառելով ոչ միայն մեր պետության, այլև արտերկրի դպրոցների կողմից կիրառվող հանրակրթության լավագույն գործիքները։ Հավատացած եմ, որ ՄԲ կրթական ծրագրերը կդառնան կարևորագույն կապող օղակը Եվրազիական միության երկրների ինտեգրման գործընթացում»,- ասաց ՄԲ ԱՊՀ երկրների ասոցիացիայի նախագահ Յուրի Շամիլովը։

conference 10

«Երկրների ներգարվումը կրթության մեջ» խորագիրը կրող համաժողովի պլենար նիստերին զեկուցումներով հանդես եկան կրթության փորձագետներ ինչպես արտերկրից, այնպես էլ Հայաստանից, այդ թվում՝ Միջազգային բակալավրիատի (International Baccalaureate) զարգացման և ճանաչման գծով ղեկավար Վեդրանա Պավլետիչը, «Ռաունդ Սքվեր» (Round Square) համաշխարհային կառույցի միջազգային կառույցի ներկայացուցիչներ՝ Ռաջբիր Կաուր Սանդխուն և Ջեյն Հաուսոնը (Անգլիա), Կոնստանտին Բեզուկլադնիկովը (Ռուսաստան), կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Հրաչյա Արզումանյանը, հաղորդավար Գոռ Գրիգորյանը և այլք:

 

conference 11

Պլենար նիստից հետո մասնակիցները ՄԲ ծրագրի ամենատարբեր բաղադրիչներին նվիրված զեկուցումներ լսելու, թեմատիկ հարցեր քննարկելու և փորձի փոխանակման հնարավորություն ստացան։  Միջառարկայական մոտեցում, երեխաների քննադական մտածողության, հարցեր տալու և հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում. Հայաստան ժամանած հյուրերը մասնակցում էին թեմատիկ սեկցիաների միաժամանակ 5 աշխատասենյակներում։

conference 12

Համաժողովի շրջանակում քննարկվեցին կրթության արդյունավետ համագործակցության ուղղություններն աշխարհում, նոր մանկավարժական մեթոդաբանության և միջազգային կրթական չափանիշների՝ կրթական հաստատություններում ներդնելու հնարավորությունները:

Համաժողովն ամփոփվեց հավաստագրերի հանձնման արարողությամբ, որոշվեց նաև հաջորդ տարի Համաժողովի անցկացման վայրն ու դպրոցը՝ Կալինինգրադ, ՄԱՕՈւ Գիմնազիա 32:

Երևանում անցկացվեց Միջազգային բակալավրիատի ԱՊՀ երկրների 11-րդ ամենամյա համաժողովը