Գրքի քննարկում. «Խատուտիկի գինի»

28-11-18

Նոյեմբերի 28-ին հայոց լեզվի և գրականության ակումբը կազմակերպել էր գրքի քննարկում Ռեյ Բրեդբերիի «Խատուտիկի գինին» վիպակի շուրջ:

 

Քննարկմանը մասնակցեց նաև թարգմանիչը՝ Զավեն Բոյաջյանը. «Թարգմանելու ընթացքում, որը, ինչպես ընդունված է ասել, ընթերցանության ամենադանդաղ  ձևն է, անընդհատ կենտրոնանում էի այն բանի վրա, որ սարոյանական շորշոփներ ու շունչ էի զգում, և այդ հարցը ինձ հուզում էր, որովհետև թարգմանչի համար շատ կարևոր է հայերեն վերատադրելիս դա նկատի ունենալ,- Բրեդբերիի և Սարոյանի միջև զուգահեռներ անցկացրեց Զավեն Բոյաջյանը և ավելացրեց,- որոնումներից հետո պարզեցի, որ Բրեդբերին շատ մեծ ակնածանք է ունեցել Սարոյանի նկատմամբ և համարում է, որ որպես գրող՝ նրանից բավականաչափ ազդված է»:

 

Բրեդբերիի և Սարոյանի միջև շատ զուգահեռներ կան, սկսած կենսագրական փաստերից. երկուսն էլ որևէ ուսումնական հաստատություն չեն ավարտել, իրենց կրթությունը ստացել են գրադարանում: Ամերիկացի քննադատներից մեկն ասում էր նույնիսկ, որ Բրեդբերին շատ ավելի լավ գրող կդառնա, եթե ազատվի Սարոյանի ազդեցությունից. «Բայց ես ինքս չեմ կարծում, որ դա Բրեդբերիին խանգարում է, այլ հակառակը՝ այդ շունչը մտել է նրա ձեռագրի մեջ, դարձել նրա բնորոշ առանձնահատկություններից մեկը»,- ասաց թարգմանիչը:

 

Գրքի քննարկումը սկսվեց վերնագրից. սաները դուրս էին բերել կարևոր փաստեր ու տեղեկություններ խատուտիկի գինու մասին, որը, թերևս, հենց գրքի շնորհիվ է հետաքրքիր լուսապսակ ստացել. «Բրեդբերին խատուտիկի գինին չի հորինել, այն գոյություն ունի և պատրաստման տեխնոլոգիա կա, և գոյություն է ունեցել Բրեդբերիից շատ առաջ նաև… թեև գրքում այն շատ սիմվոլիկ նշանակություն ունի, և խոսքը ավելի շատ բուժիչ բուսահյութի մասին, որը գեղեցիկ ձևով ներկայացնում է գրողը»,- սաների ներկայացրածը ամփոփեց թարգմանիչը:

 

Վիպակից դուրս բերված ուշագրավ հատվածները ընթերցվեցին նաև բնագրով, ապա նաև հայերեն թարգմանությամբ՝ համեմատականներ անցկացնելու և թարգմանչական կարևոր մանրամասների վրա ուշադրություն դարձնելու համար:

 

«Մեծերն ու երեխաները կռվում են, որովհետև տարբեր ցեղից են: Տեսեք՝ նրանք մեզ նման չեն: Տեսեք՝ մենք էլ նրանց նման չենք: Տարբեր ցեղեր, որ երբեք ի մի չեն գա»,- հատված Դագլասի նոթատետրից:

 

«Ինչո՞ւ ենք մենք կռվում մեր մեծերի հետ,- ասաց սաներից մեկը,- որովհետև  իսկապես իրենք ուրիշ ցեղից են և ուրիշ ժամանակահատվածից, որտեղ մեծացել են, կրթություն են ստացել,և հիմա էլ երբ մենք հեռախոսներով ենք ինչ-որ բան ենք անում, տեղեկություններ կարդում, որ իրենց հատուկ չէ, դա իրենց հունից հանում է»:

 

Պարզապես մեծերից շատերը մոռանում են, որ իրենք էլ ժամանակին փոքր են եղել, բավական է՝ դա հիշեն և հաստատ ավելի մեղմ և հանդուրժող կլինեն:

 

«Ես կարծում եմ, որ այդ հակադրության մեջ միշտ մեղավոր են մեծերը, որովհետև իրենք հաշվի չեն առնում, որ իրենք փոքր եղել են, իսկ փոքրերը դեռ մեծ չեն եղել»,- ասաց գիտամեթոդական կենտրոնի ղեկավար Թամար Ալեքսանյանը:

 

Գրքում ներկայացված թեմաները մեծերի և փոքրերի հարաբերությունների, կապի, մանկության կարևոր հուշերի, արժեքների, դեռահասների՝ մահվան և կյանքի մասին ունեցած պատկերացումների ու վախերի, երջանկության և հիշողության «մեքենաների» մասին թույլ տվեցին խորությամբ և շերտ առ շերտ թեթրելու գրքի էջերը և մտովի վերընթեցելու հոգեհարազատ հատվածները. «Այդ իմաստով շատ իմաստուն գիրք է, պարզ և իմաստուն, որը բացի իր արտաքին սյուժետային գծերը, ունի խոր ենթատեքստ, և անընդհատ ասոցիատիվ ճանապարհներով ստիպում է մտքով վերադառնալ գրքին»,- ասաց Զավեն Բոյաջյանը:

Գրքի քննարկում. «Խատուտիկի գինի»