«Միշտ առաջ նայեք, որ ամեն ինչ լավ լինի»

31-01-17

«Միշտ առաջ նայեք, որ ամեն ինչ լավ լինի». Ճեմարանականներին հորդորում է քառօրյա պատերազմի մասնակից Դանիել Դավթյանը

Բանակի օրվան ընդառաջ ավագ դպրոցի աշակերտական ինքնակառավարման խորհուրդը հանդես է եկել կարևոր նախաձեռնությամբ՝ աջակցել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներից մեկին՝ Դանիել Դավթյանին:

 

«Ճեմարանը կրկին ցանկանում է երախտագիտական նախաձեռնությամբ հանդես գալ՝ ի պատասխան ապրիլյան քառօրյա պատերազմում վիրավորված զինվորի անձնազոհ ծառայության: Վստահ ենք, որ մեր ջանքերը միավորելով՝ կարող ենք օգնել մերօրյա հերոսին ստանալ անհրաժեշտ բուժումը»,- ճեմարանական ընտանիքին ուղղված նամակում նշել էր ավագ դպրոցի սաների ինքնակառավարման խորհուրդը:

 

Հունվարի 27-ին ամփոփվեց «Սատար լինենք զինվորին» նախագիծը. անանուն և փակ 153 ծրարներով հանգանակված գումարը կազմեց 730 հզ. դրամ:

 

Հունվարի 28-ին ճեմարանի պատվիրակությունը այցելեց Դանիել Դավթյանին՝ շնորհավորելու տոնի առթիվ և փոխանցելու նրան ճեմարանական համայնքի երախտագիտությունը՝ ի պատասխան ապրիլյան քառօրյա պատերազմում նրա անձնազոհ ծառայության:

Daniel Davtyan_1

Դանիել Դավթյանը ծանր վիրավորվել էր ապրիլի 2-ին. արկի պայթյունի հետևանքով բազմաթիվ մանր բեկորներ էր հայտնվել նրա պարանոցի, կրծքի, ուսերի և ձեռքերի վրա, իսկ բեկորներից մեկը, գանգոսկրը ծակելով, հայտնվել էր ուղեղում: Զինծառայողը կոմայից դուրս էր եկել մկրտվելուց կարճ ժամանակ անց:

 

Դանիել Դավթյանն առաջին կարգի հաշմանդամ է և շարունակական բուժումների կարիք ունի:

«Երբ ժողովի ժամանակ մեր ծնողներից մեկը պատմեց Դանիելի մասին, որ իրենց հարևանն էր, ամիսներ շարունակ մտքիցս դուրս չէր գալիս տղան,- ասաց մանկավարժ Նարինե Ավդալյանը,- ու երբ աշակերտները հանդես եկան այդ նախաձեռնությամբ, որոշվեց, որ հենց իրեն պիտի օգնենք»:

 

Դանիելն արդեն քայլում է առանց ձեռնափայտի և ճեմարանականներին դիմավորեց բակում՝ ժպիտը դեմքին. «Հա, Դանիելս ուժեղ է, արդեն ինքնուրույն քայլում է, ամեն ինչ ինքն է անում, չի թողնում իրեն օգնենք»,- ասաց մայրը՝ տիկին Վալյան:

 

Դանիելը դեմքի նույն հանգստությամբ վերհիշեց ապրիլյան դեպքերը, պատմեց վիրավորվելուն նախորդած մանրամասները: Տանկիստ-մեխանիկը կոչված է թշնամուց պաշտպանելու տեխնիկան. «1կմ սարի թեքությամբ ստիպված էի վազել մինչև իմ դիրքը, թշնամին ինձ արդեն ֆիքսած է լինում ու հենց մոտենում եմ տեխնիկային մի արկը պայթում է մի քանի քայլ հեռավորությամբ (այդքան բախտս բերում է), բայց հենց մտնում եմ ներս, որ շարժիչը աշխատացնեմ, երկրորդն ա պայթում դիմացս»,- պատմում է Դանիելը:

 

Ընկերները դուրս են բերում տանկից ու պառկեցնում գետնին, ասում են հենց այդ ժամանակ էլ առատ ձյուն է սկսում տեղալ. «Ես հիշում եմ՝ երկինքը տեսա ու վերջ, ու էլ ոչինչ չեմ հիշում, մեկ էլ արթնացել եմ հոսպիտալում»:

Daniel Davtyan_3

«Ես մահացածների ցուցակում էի, չէին ճանաչել ինձ, գրքույկս մոտս չի եղել, շորերս ճղճղված, նկարել-տարել են զորամասեր, նոր ինձ ընկերներիցս մեկը ճանաչելա՝ էս մեր Դանիելնա՝ էսինչ տեխնիկայի վարորդը»,- ու անգիտակից տեղափոխում են Մուրացանի հիվանդանոց:

 

«Ամենադժվարը իրա վիրահատությունն է եղել, բժիշկներն ասում են՝ Աստծո պահած տղա է, պիտի փառք տաք Աստծուն»,- ասում է մայրը:

 

Մանկավարժ Արթուր Տաշչյանը երգեց «Ով հայոց մայրեր» երգը՝ նվիրելով բոլոր հերոս մայրերին և հատկապես տիկին Վալյային, որ չի տրտնջում անգամ այսօր,երբ անցնում է դժվարին փորձությունների միջով ու ծառայության է ուղարկել նաև փոքր որդուն՝ պաշտպանելու հայրենիքը առաջին գծում:

Daniel Davtyan_2

Լռությունով ընդհատվող հիշողությունների պատմությունը դեռ երկար ու շատ առիթներով կպատմվի: Դեռ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի պատերազմի թողած ահասարսուռ զգացողությունների ֆոնը իջնի և ներկաներից յուրքանչյուրը սթափ ու գիտակից վերլուծի կատարվածը ու հետագա անելիքների կարևորությունը:

 

«Թող բոլորը խաղաղ ծառայեն ու վերադառնան իրենց օջախները, կարևորը՝ չվախենան ոչ մի բանից, ոչ թշնամուց, ոչ առհասարակ ոչ մի բանից,- ժպտում է Դանիելը,- միշտ առաջ նայեք, որ լավ լինի ամեն ինչ, ես այդպես եմ արել ու հիմա էլ  ոտքի կանգնած եմ այստեղ բոլորիդ կողքին՝ առողջ ու ամուր»,-անսահման բարությամբ ու ժպիտով Դանիելը իրեն հյուր եկած ապագա զինվորներին է ուղղում իր մաղթանքը:

Daniel Davtyan

«Այսքան փորձությունների միջով, որ դու ես անցել, մենք վստահ ենք, որ լրիվ ապաքինվելու ես և մի օր էլ մենք ենք քեզ հյուրընկալելու ճեմարանում»,- ասաց մանկավարժ Նարինե Ավդալյանը:

 

«Միշտ առաջ նայեք, որ ամեն ինչ լավ լինի»