Ավարտական վկայականների հանձնման արարողակարգ

Խորհրդանշական 07.07.2017թ.-ին՝ ժամը 17:17-ին, ավագ դպրոցի տնօրեն Զարուհի Ղալթախչյանը ազդարարեց 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտներին հանդիսավոր պայմաններում պետական նմուշի ավարտական վկայականները շնորհելու մասին՝ որպես ավարտական հանդիսությունների շարքի ամփոփում:

 

Բայց մինչ ավարտական հանդիսություններին անդրադառնալը, տնօրենը նշեց, որ որոշ կիսատ մնացած գործեր կան, որոնք պետք է ավարտել:

 

Շրջանավարտները շատ նախաձեռնություններով են հանդես գալիս, որոնք միահամուռ ուժերով իրականություն ենք դարձնում: Այդ նախաձեռնություններից մեկը Ճեմարանում «Ինքնավարության օր» կազմակերպելն էր: Նախաձեռնությունը արժանացավ Ճեմարանի գիտամեթոդական կենտրոնի հավանությանը և իր արժանի տեղը զբաղեցրեց «Շիրակացու օրեր» փառատոնի շրջանակում:

 

12-րդ դասարանի մի խումբ շնորհալի սաներ աշխատեցին որպես ուսուցիչներ և վարեցին դասեր` տարբեր առարկաներից:  Միջին դպրոցի արձագանքը երկար չսսպասեցնել չտվեց: «Միջին դպրոցի սաների արձագանքը ուղղակի գերազանցեց մեր  սպասելիքները՝ բոլորն անթաքույց հիացմունքով ու հրճվանքով էին արտահայտվում իրենց   «ուսուցիչների» վարած դասերի մասին, անգամ խնդրեցին այս փորձը հաճախակի իրականացնել: Շնորհակալություն բոլորին՝ թե՛ կազմակերպիչներին, թե՛ մասնակիցներին այս կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար»,- իր խոսքում նշել էր Միջին դպրոցի տնօերն Տաթևիկ Արզումանյանը:

 

«Ես էլ եմ ցանկանում շնորհակալություն հայտնել գիտամեթոդական կենտրոնի ղեկավար Թամար Ալեքսանյանին և շրջանավարտ Գայանե Ղազարյանին` գաղափարն առաջարկելու, մեր ուսուցիչներին և հատկապես`սաներին, այն իրականություն դարձնելու համար, որոնց և հանձնվում են հավաստագրերը»,- ասաց Զ. Ղալթախչյանը:

 

Ճեմարանականները իրենց հրաշալի են դրսևորում ոչ միայն որպես ուսուցիչներ, այլ նաև որպես դերասաններ: Տարեսկզբին, չնայած քննություններին և ընդունելության գործընթացի թեժ ժամանակաշրջանին, սաները մասնակցեցին  «Սերն անմահ է» միջոցառմանը և փորձեցին հանդիսատեսին հաղորդել իրենց՝ սիրո մասին պատկերացումները: Նախաձեռնությունը ղեկավարեց ավագ դպրոցի մանկավարժ Մարնե Հովհաննիսյանը, ով էլ սիրով հանձնեց  հավաստագրերը:

 

Եվս մի փաստ, որի կողքով անտարբեր չի կարելի անցնել: Պարզվում է, որ չնայած 12-րդ դասարանցիների գերհագեցած արտաճեմարանական կյանքին, կան սաներ, ովքեր ավարտական տարում ապահովել են բացարձակ հաճախելիություն:

 

Ճեմարանի տեսչական աշխատանքների համակարգող Ռուզաննա Բուլությանը հերոսներին հավաստագրեր շնորհեց:

 

Բոլորովին վերջերս ճեմարանի սաները մասնակցեցին ՀՀ նախագահի ՏՏ ոլորտի ամենամյա  «Կրթական պարգև»  մրցույթին`  «Լավագույն աշակերտ»  անվանակարգում: Ի դեպ, բոլոր մասնակիցները մեծ տպավորություն թողեցին մրցույթի հանձնաժողովի անդամների վրա, ինչի պատճառով լավագույններին ընտրելը դարձավ նրանց համար լուրջ մարտահրավեր: ԻՏՁՄ նախագահ Կարեն Վարդանյանը՝ որպես այս ոլորտի առաջատար և Ճեմարանի բարեկան, ստանձնեց բոլոր մասնակից սաներին նվերները հանձնելու գործը:

 

Ոչ մի միջոցառում ավագ դպրոցում չի կարող իրականություն դառնալ առանց կամավորների այն հզոր բանակի, որը ստեղծվեց Ճեմարանում սովորողների խորհրդի նախաձեռնությամբ: Այս հերոսներին հավաստագրեր շնորհելու համար բեմ հրավիրվեց սովորողների խորհրդի համանախագահ Էլինա Հովակիմյանը:

 

Հավազտագրեր ու շնորհակալագրեր ստացան նաև անվտանգության աշխատակիցները, ովքեր շուրջօրյա իրականացնում են բոլոր հանդիսությունների և ճեմարանականների առօրյայի կազմակերպված, անվտանգ, անփորձանք իրականացումը:

 

Բոլոր հավաստագրերի հանձնումից հետո կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը բոլոր շրջանավարտներին հանձնեց ավարտական վկայականները:

 

Եվ քանի որ Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագրի ավարտական արդյուքները արդեն հայտնի են և բոլորն էլ ստացել են միջազգային դիպլոմները, բայց դիպլոմները ճեմարան են հասնելու օգոստոսի վերջին միայն, նրանց կհանձնվեն շնորհակալագրեր՝ ի նշան երախտագիտության՝ համատեղ աշխատանքի արդյունավետության և հաջողության:

 

Շնորհակալագիրը տրվում է ՝ 2015-2017 թվականներին դիպլոմային ծրագրում ընդգրկված լինելու ընթացքում շրջանավարտի ունեցած նշանակալի ներդրման համար:

 

 

 

 

Ավարտական վկայականների հանձնման արարողակարգ