Անգլերենը՝ ուսուցիչների համար. Համագործակցություն Բրիտանական խորհրդի հետ

 

«Շիրակացու ճեմարանը» համագործակցության ծրագիր է մշակել Հայաստանում Բրիտանական խորհրդի հետ՝ ուղղված աշխատակազմի շրջանում անգլերենի իմացության բարելավմանը:

 

«Մեր գործունեության մեջ մենք մշտապես կարիք ունենք կատարելագործվելու ոչ միայն մասնագիտական, այլև անգլերենի գործնական մակարդակը բարելավելու առումով, իսկ միջազգային դպրոց լինելը մեզ կրկնակի անգամ պարտավորեցնում է»,- ասաց ավագ դպրոցի տնօրեն Զարուհի Ղալթախչյանը:

 

«Մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում Հայաստանում ուսուցիչների համար, բայց Ճեմարանը՝ որպես կրթական հաստատություն, առաջինն է, որի հետ համագործակցում ենք այս ձևաչափով: Սա շատ ողջունելի է մեր կողմից, որ դպրոցը հետաքրքրված է ուսուցիչների՝ լեզվի իմացության և կատարելագործման ծրագրով, որովհետև մենք հավատում ենք, որ ուսուցման մեջ շատ կարևոր է շարունակական զարգացումը և այս դեպքում՝ անգլերենը՝ որպես ֆրակոֆոն լեզու, այն կարևորներից է, որ նրանք պետք է իմանան»,- ասաց Բրիտանական խորհրդի անգլերեն ծրագրերի ղեկավար Ադեհ Հովասափյանը:

 

Անգլերենի դասընթացների պաշտոնական բացման արարողության ընթացքում  կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը և Բրիտանական խորհրդի ղեկավար Արևիկ Սարիբեկյանը  կնքեցին պայմանագիր համագործակցության մասին:

 

Որպես մեկնարկային փուլ, ուսուցիչները ախտորոշիչ թեստ հանձնեցին՝ Aptis for Teachers,  որը թույլ տվեց ավելի խորը և համապարփակ պատկեր ունենալ աշխատակիցների լեզվական ընդհանուր գիտելիքների վերաբերյալ, որից հետո Բրիտանական խորհրդի մասնագետները ուղղորդեցին, թե որ ծրագրով ավելի նպատակային կլինի շարունակելը մինչև բուն IELTS միջազգային հեղինակավոր թեստի հանձնումը:

 

Ծրագրին մասնակցությունը պարտադիր է Դիպլոմային ծրագրում դասավանդող ուսուցիչների համար, իսկ տնօրենների, համակարգողների, ամբիոնների ղեկավարների, ուսուցիչների և աշխատակազմի այլ անձնանց համար մասնակցությունը ցանկալի է:

 

Դասընթացը  տևելու է  14 շաբաթ, իրականացվելու է ճեմարանում, և ինչպես նշում են երկուստեք թե իրականացնողները, թե մասնակիցները, լինելու է շարունակական:

 

Անգլերենը՝ ուսուցիչների համար. Համագործակցություն Բրիտանական խորհրդի հետ