«Աշխատաշուկայի  պահանջները և ժամանակակից տեխնոլոգիաները». Beeline-ի տնօրենը հանդիպեց ճեմարանականներին

Դեկտեմբերի 15-ին «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը հյուրընկալեց Beeline ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին:

 

Անդրեյ Պյատախինը հանդիպեց Ճեմարանի սաների հետ, հանդես եկավ դասախոսությամբ «Աշխատաշուկայի  պահանջները այսօր՝ արագ զարգացող տեխնոլոգիաների դարաշրջանում» թեմայի շրջանակում:

 

Հանդիպման ընթացքում ներկայացվեց ինչպես շուկայի պահանջարկը, այնպես էլ ապագա մասնագետների՝ այդ պահանջներին համապատասխան ճիշտ մասնագիտական կողմնորոշում ունենալու և ժամանակակից աշխարհում մարտահրավերներին դիմակայելու կարևոր գործիքները:

 

«Աշխարհը դեռ երբեք այսքան արագ չի փոփոխվել, ինչպես 21-րդ դարում, ու սա վերաբերում է նաև աշխատաշուկային։ Որոշ մասնագիտություններ վերանում են, մյուսներն ի հայտ են գալիս, և այդ գործընթացը շարունակվելու է։ Յուրաքանչյուր նոր սերունդ պետք է ավելի ու ավելի ճկուն գտնվի։ «ՎԵՈՆ Արմենիա»-ն որպես գործատու և ես որպես այդ ընկերության ղեկավար շահագրգռված ենք, որպեսզի մեր երկրում միշտ լինեն լավ պատրսատված, ուժեղ կադրեր, որոնք կկարողանան կողմնորոշվել ժամանակակից իրողություններում և պատրաստ կլինեն միշտ սովորել ու զարգանալ», — նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

 

Արագ փոփոխվող ու զարգացող աշխարհում պետք է հասցնել հետևել փոփոխություններին, ինչպես նաև սովորել հարմարվել և զարգանալ այդ փոփոխություններին համընթաց:

 

Կարևորելով սաների՝ մասնագիտական կողմնորոշումը ուսումնառության վերջին տարիներին հատկապես՝ Ճեմարանը իրականացնում է հանդիպումներ հայաստանյան առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ ինչպես այս, այնպես էլ այցելությունների ձևաչափով:

 

Հեռահաղորդակցության ոլորտում խոշորագույն ընկերության ղեկավարի հետ հանդիպումը շարունակությունը կդառնա Ճեմարանի հետ արդեն իսկ իրականացվող համագործակցության:

 

Նախորդ ուսումնական տարվա ընթացքում ճեմարանականները մասնակցեցին  Beeline համալսարանի կազմակերպած բիզնես խաղին, որի ընթացքում լավագույն ճանաչված աշակերտը աշխատանքի հնարավորություն ստացավ ընկերությունում, իսկ պահուստային թիմում ընդգրկված մյուս երկու սաները մասնակցեցին անձնային աճի դասընթացների:

 

«Աշխատաշուկայի  պահանջները և ժամանակակից տեխնոլոգիաները». Beeline-ի տնօրենը հանդիպեց ճեմարանականներին