Ի՞նչ ենք հիշում ու ի՞նչ ենք պահանջում

24-04-21

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Ճեմարանի Ավագ դպրոցում անդրադարձանք մեր պատմության ամենաբեկումնային ու ցավոտ էջերին։ Նախ այս տարվա շրջանավարտները մեկ եղևնի տնկեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հիշողության պուրակում, ապա Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպվեց քննարկում, որի նպատակն էր բարձրացնել մի շարք կարևոր հարցեր ու փորձել ստանալ դրանց պատասխանները։ Ի՞նչ ենք պահանջում և ումի՞ց, ի՞նչ հեռանկարներ ունեն հայ-թուրքական հարաբերությունները կամ ունե՞ն արդյոք․․․ Շեշտվեց նաև վերջերս բազմիցս քննարկվող թեմաներից մեկը․ կարո՞ղ ենք ստեղծել Իսրայելի նման պետություն, կա՞ դրա անհարժեշտությունը, ո՞րն է այս մոդելի առանձնահատկությունը և ի՞նչ է տալու մեզ․․․

 

Երրորդ կուրսի սանուհի Ժաննա Մինասյանը ընդգծեց ռազմական արդյունաբերության զարգացման, գիտությանը մեծ տեղ տալու կարևորությունը ու ասաց․ «Անվտանգության առաջին երաշխավորը զինված լինելն է։ Ներկա պահին աշխարհն այնքան արագ է շարժվում, այնքան դինամիկ է, որ չենք կարող իմանալ՝ հաջորդ պահին արտաքին քաղաքականության ոլորտում ինչ կլինի․․․ Ուզում ենք խաղաղություն, բայց պատերազմին պիտի պատրաստ լինենք․․․»։

 

Երկրորդ կուրսի սան Տիգրան Զալինյանն էլ խոսեց իսրայելական բանակում յուրաքանչյուր զինվորի կյանքի արժևորման առավելության մասին՝ նշելով, որ զինվորը պետք է ամեն վայրկյան զգա պետության աջակցությունն ու պատասխանատվությունը։

 

Այսօր առավել, քան երբևէ, պատմությունից դասեր քաղելու, միասնական լինելու կարիք ունենք, ինչի համար աշխատել է պետք, պայքարել ու ստեղծել նորը։ Ինքներս մեզ պիտի հարցնենք, թե ինչ ենք հիշում ու ինչ ենք պահանջում․․․

Հոդվածի հեղինակ՝ Նարե Պետրոսյան

 

Ի՞նչ ենք հիշում ու ի՞նչ ենք պահանջում