Նվաճումներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ  ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ

2013-2014 թթ. ընթացքում կրթահամալիրը բոլոր երեք՝ կրտսեր, միջին և ավագ  դպրոցների ծրագրերով  ստացավ Միջազգային բակալավրիատի հավաստագրեր՝  այս առումով միակը  դառնալով ողջ Հայաստանում:

Սա պսակն է կրթահամալիրի բազում նվաճումների, որոնք մեր երկրի անկախության տարեկից ճեմարանը ձեռք է բերել` շարունակելով Ներսիսյան դպրոցի ազգանվեր գործը, հավատարիմ մնալով իր առաքելությանը:    

 

ՄԵՐ ՍԱՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

2014թ. դրությամբ ընդունված 2483 սաներից ճեմարանն ավարտել են ավարտման ենթակա 1726 սաներից 1251-ը (72.48%): Դա մոտենում է աշխարհի բարձրակարգ ուսումնական հաստատությունների ցուցանիշին: Բոլոր շրջանավարտներն ընդունվել են բուհեր: Ճեմարանի երեք հարյուրից ավելի շրջանավարտ սովորել և սովորում են աշխարհի առաջնակարգ բուհերում, որոնց թվում՝ Հարվարդի, Քեմբրիջի, Սորբոնի, Ստենֆորդի, Լոմոնոսովի, Մասաչուսեթսի, Տորոնտոյի, Պեկինի, Տոկիոյի, Լոնդոնի UCL համալսարաններում, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում և այլուր:

Ճեմարանի 3 շրջանավարտ ֆիզիկայի բնագավառում կատարած կարևոր հետազոտությունների համար արժանացել է ՀՀ նախագահի հատուկ մրցանակի: Շրջանավարտները մշտական կապի մեջ են հարազատ կրթօջախի հետ: Նրանց նախաձեռնությամբ ստեղծվել է «Ճեմարանականների միություն» հասարակական կազմակերպությունը, որը համախմբում է բոլոր տարիների շրջանավարտներին և որի նպատակն է սատար կանգնել հարազատ կրթօջախին և միավորել բոլոր ճեմարանականներին ընդհանուր գաղափարի շուրջ: Հարյուրից ավելի ճեմարանականներ պաշտպանել են գիտական թեզեր և դարձել գիտությունների թեկնածուներ:

 

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ

Հատուկ պիտի նշել ճեմարանի ներդրումը և երախտիքը հանրապետությունում օլիմպիական շարժման վերականգնման ու կազմակերպման գործում: Սկսած 1993 թվից՝ ճեմարանում անցկացվել են քիմիայի, կենսաբանության, մաթեմատիկայի, աշխարհագրության հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերը: Ճեմարանը 2 անգամ մեր երկրում կազմակերպել է քիմիայի միջազգային Մենդելեևյան, 6 անգամ՝ «Սահմանադրություն և իրավունք» հանրապետական օլիմպիադաները: Պատկառելի թիվ են կազմում տարբեր առարկայական օլիմպիադաներում մրցանակային տեղեր և գովասանագրեր նվաճած սաները:

2006-2014թթ. ճեմարանը ՀՀ ԿԳՆ և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ համատեղ կազմակերպում և անցկացնում  է հանրապետական բաց օլիմպիադաներ հանրակրթական բոլոր առարկաներից` 4-7-րդ դասարաների աշակերտների համար:

Ճեմարանի 16 սաներ ճանաչվել են հանրապետության տարվա լավագույն աշակերտներ ՏՏ բնագավառում և արժանացել են ՀՀ նախագահի կրթական պարգևին:

2012 թվին Ռուսաստանի Դաշնության «Կանաչ մոլորակ» միջազգային էկոլոգիական կազմակերպության կենտրոնական գրասենյակի կողմից ճեմարանը ճանաչվել է որպես ֆորումի տարածքային ազգային ներկայացուցչություն:

Նորություններ

Հայտարարություններ