Պատմություն

ՃԵՄԱՐԱՆԻ  ԾՆՈՒՆԴԸ

Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանն ստեղծվել է 1990 թվին՝  շնորհալի երեխաներին բացահայտելու, նրանց կրթությունը կազմակերպելու  և օժտվածության խնդիրները հետազոտելու նպատակով: Ճեմարանն իր հիմնադրման օրից իրականացնում է հեղինակային ծրագիր, որը մշակել է հեղինակային իրավունքի իրավատեր, կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Հրանտի Ալիխանյանը:

 

ՊԱՏՄԱԿԱՆ ԹՌՈՒՑԻԿ ԱԿՆԱՐԿ

Ճեմարանը դասական ոճի ուսումնական հաստատություն է, որը հնարավորություն է ընձեռում Հայաստանի, Սփյուռքի, ինչպես նաև արտասհմանյան երկրների պատանիներին և աղջիկներին ստանալու բազմակողմանի միջնակարգ կրթություն:

Հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում ստեղծել է մի քանի ճեմարաններ: Դեռևս 11–րդ դարում Գրիգոր Մագիստրոսը  Անիում, Բջնիում և Սանահինում հիմնել  է կրթարաններ, որոնք կոչել է ճեմարաններ: Հետագայում ճեմարան սկսեցին անվանել  բարձրակարգ  այն կրթօջախները, որոնք, իրենց հիմքում ունենալով  հայեցի կրթության ավանդույթները, որակական մի նոր աստիճան էին ներկայացնում: Մեր ժողովրդի պատմության բոլոր ժամանակահատվածներում այդպիսի կրթօջախները` որպես մտքի անզուգական տաճարներ, միշտ էլ լավագույնս ծառայել են հայ մտավորականների ձևավորման ու կերտման գործին: Դրանցից էին Մոսկվայի Լազարյան, Էջմիածնի Գևորգյան ճեմարանները, Կիպրոսի Մելքոնյան և Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանները: Իր բնույթով ճեմարան էր նաև Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը:

 

ՆՊԱՏԱԿԸ

Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը ստեղծվեց մեր երկրի անկախության արշալույսին՝ դառնալով իր նախորդների շնորհակալ գործի մերօրյա շարունակողը: Ճեմարանը,  իր նպատակադրումներով նախորդներին նմանվելու և նրանց ավանդույթները շարունակելու ցանկությամբ հանդերձ, ունի մեր ժողովրդի վաղվա հուսալի ապագան կերտելուն միտված իր խնդիրները և դրանք իրականացնելու ծրագիրը:

 

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

   Ճեմարանն իրականացնում է շատ կարևոր մի առաքելություն՝ ազգային հենքի վրա կերտել համամարդկային արժեքներ կրող իսկական մտավորական  և քաղաքացի:

 

ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

1997թ. ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ճեմարանը վերակազմավորվել է գիտակրթական համալիրի: Նոր կարգավիճակը թույլ տվեց ստեղծելու կրտսեր և միջին դպրոցներ, ինչպես նաև նախակրթարան, որպեսզի  շնորհալիության խնդիրների հետազոտությունը առավել վաղ տարիքի  երեխաներից սկսվի:

Երևանի Նոր Նորքի թաղապետարանը Ճեմարանին  հատկացրեց համայնքի 5-րդ զանգվածում գտնվող լուծարված մսուր-մանկապարտեզի շենքը, որի տարածքում այժմ գործում է ճեմարանի կրտսեր դպրոցը: Իսկ 2015 թվին Երևանի Կոմիտասի փողոցում սկսեց գործել նոր մանկակրթարանը:

2011թ. օգոստոսին ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ ճեմարանի կրտսեր, միջին և ավագ դպրոցները միասին վերակազմակերպվեցին` դառնալով  ամբողջական կրթահամալիր, որը լայն հեռանկարներ բացեց ճեմարանի առաջընթացի, մասնավորապես Միջազգային բակալավրիատի ծրագիրը ոչ միայն կրտսեր, այլ նաև միջին և ավագ դպրոցներում ևս կյանքի կոչելու համար:

 

Նորություններ

Հայտարարություններ