ՄԲ-ն խրախուսում է այն ճանապարհը, որով Ճեմարանն է անցնում

Հոկտեմբերի 26-29-ը Հաագայում տեղի ունեցավ Միջազգային բակալավրիատի գլոբալ համաժողովը, որին մասնակցեց նաև ճեմարանական պատվիարկությունը՝ ի դեմս տնօրեն Աշոտ Ալիխանյանի, ՄԲ Դիպլոմային ծրագրի համակարգող Աննա Ստեփանյանը և միջազգային հարցերով տնօրենի տեղակալ Տաթևիկ Նալբանդյանը:

 

Ի դեպ, Տաթևիկ Նալբանդյանը PYP ծրագրով որպես խորհրդատու և դպրոցների այցելու հավաստագրված միակ կրթական փորձագետն է Հայաստանում: Համաժողովի մասին մեր զրույցը կվարենք հենց իր հետ:

 

-Ինչո՞վ էր կարևոր Գլոբալ համաժողովին մեր պատվիրակության մասնակցությունը:

 

— Մասնակցությունը կարևոր էր ժամանակակից մեթոդաբանության հետ ծանոթանալու, կրթության ասպարեզում զարգացումներին հետևելու, փորձագետների և այլ միջազգային դպրոցների ներկայացուցիչների հետ կապեր հաստատելու համար: Յուրաքանչյուր մասնագիտության մեջ առաջ  գնալու համար անհրաժեշտ է հետևել աշխարհում տեղի ունեցող զարգացումներին և եթե ոչ ավելի արագ, ապա առնվազն համաքայլ շարժվել:

 

-Եվ ի՞նչ զարգացումներ կան կրթության ասպարեզում, ո՞ւր է գնում աշխարհը:

 

— Առանցքային նշանակություն է տրվում նորարարությանը, աշակերտների ստեղծագործական մտածողության և  ստեղծարարության զարգացմանը մի կողմից և հուզականությանը մյուս կողմից:

 

— Օրեցօր աճում է ՄԲ դպրոցների թիվը ամբողջ աշխարհում, ինչպիսի՞ն է ՄԲ կառույցի տեսլականը այս առումով:

 

— Բավականին սրընթաց է աճում ՄԲ դպրոցների թիվը: Ստեղծվելով 50 տարի առաջ՝ այսօր աշխարհում կա 4775 ՄԲ դպրոց: Իսկ հաջորդ 50 և 100 տարիներին ի՞նչ է լինելու: Սա զուտ թվի մասին է խոսքը, իսկ բովանդակության առումով սկսելով մեկ՝ ավագ դպրոցի ծրագրից, այժմ առաջարկվում է 4-ը՝ կրտսեր, միջին, ավագ և մասնագիտական ծրագրերը: Եվ զարգանում են, և տարածվում են աշխարհագրորեն, և դրան համապատասխան փոխվում են մեխանիզմները, որպեսզի կազմակերպությունը կարողանամեծ թվով դպրոցների հետ աշխատել՝ հաշվի առնելով յուրաքանչյուր դպրոցի անհատականությունն ու կարիքները: Այդ նպատակով նշանակվել են մասնագետներ, որոնք կոնկրետ դպրոցների հետ են աշխատելու: Այս համակարգը հնարավորություն է տալիս և պատասխանատուին  լավ տեղյակ լինել դպրոցից, և դպրոցին ճիշտ ուղղորդում և և աջակցություն ստանալ ՄԲ-ից:

 

-Ի՞նչ տեղ է զբաղեցնում Ճեմարանը ՄԲ մեծ ընտանիքում:

 

-ՄԲ-ն խրախուսում է այն ճանապարհը, որով Ճեմարանն է անցնում, որովհետև այն լիովին համապատասխանում է ՄԲ-ի տեսլականին և փիլիսոփայությանը, և Դիպլոմային ծրագրի արդյունքները երկրորդ տարին անընդմեջ դրա տեսանելի արդյունքն են:

 

ՄԲ-ն խրախուսում է այն ճանապարհը, որով Ճեմարանն է անցնում