Միջմշակութային երկխոսություն. Հայաստան-Ֆրանսիա-Արցախ

Մարտի 26-ից 28-ը Ֆրանկոֆոնիա 2018-ի շրջանակներում Ճեմարանի պատվիրակությունը՝ ուսուցիչներ և սաներ այցելեցին Արցախ:

 

Այցելության նպատակն էր ստեղծել ֆրանսիական մշակույթը խթանող միջավայր Արցախում ֆրանսերեն լեզու ուսումնասիրող դպրոցականների և ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների համար:

 

«Խոսելով Ֆրանսիայի մշակույթի մասին՝ պետք է ընդունենք նաև, որ ինքներս մեր մեջ էլ երկխոսության բաց տեղեր ունենք՝ զարգացնելու, իրարից սովորելու և իրար ճանաչելու: Հատկապես Արցախի պարագայում, որը հեռու և շատ դեպքերում չբացահայտված է շարունակում մնալ մեր երեխաների համար,կարևոր է, որ մեր երեխաները  իմանան, թե 1988թ.-ից սկսած ինչի համար ենք պայքարում, ապա նաև հասկանան Ֆրանսիայի դերը պատմության ընթացքում ինչպիսին է եղել Հայաստանի համար»,- ասաց Ավագ դպրոցի տնօրեն Տաթևիկ Նալբանդյանը:

 

Եռօրյա այցի ընթացքում թե ուսուցիչները, թե աշակերտները վարպետաց դասեր ունեցան Արցախում. Արցախի ուսուցիչների վերապատրաստում, «Մնջախաղի» խմբակի ներկայացում, Ճեմարանի «Շողեր» երգչախմբի ելույթ, «Գրատեժե» ֆրանսիական նկարչական տեխնիկայով վարպետաց դաս և նկարների ցուցահանդես:

 

«Անմոռանալի օրեր անցկացրինք Արցախում, ամենահետաքրքիրը  այնտեղի երեխաների հետ հանդիպումն էր, իրենց բարբառով խոսելը, մեր մնջախաղի թատրոնի փորձերն ու դասերը»,- պատմում է 8-րդ դասարնի սան Արինե Խանլարին:

 

«Երկու օրվա ընթացքում երգչախմբի օգնությամբ արցախցի երեխաները երկու երգ սովորեցին. ֆրանսիական մի երգ և Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան»  երգը: Երբ մեր երեխաները երգում էին մենակ, երգ էր, երբ արցախցիները միացան երգին, ձայների հզորություն էր, նույնիսկ երգի մեջ երևաց միասնականության ուժը»,- ասաց Տաթևիկ Նալբանդյանը:

 

Այս նախաձեռնության կազմակերպման մաս են կազմում նաև «Գիելիքը ուժ է» կրթական նախաձեռնությունը, Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարությունը և Արցախի «Պոլ Էլուար»  տուն  ֆրանկոֆոնիայի կենտրոն հիմնադրամը:

 

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների և կառավարությունների 17-րդ գագաթնաժողովը կազմակերպվելու է Երևանում 2018թ.-ի հոկտեմբերին:

Միջմշակութային երկխոսություն. Հայաստան-Ֆրանսիա-Արցախ